Մշակութային անցուդարձ

May 22, 2026

«Վերջին զանգ 2026»-ն՝ իրականություն

Մայիսյան տոների շարքում Վերջին զանգն առանձնանում է, թերևս, իր բազմաէմոցիոնալ խճանկարով։ Տոնակատարությունների ավանդույթը ձևավորվել է անցյալ դարի կեսերին և ժամանակի ընթացքում դարձել կրթական կյանքի ամենախորհրդանշական տոներից մեկը։ Եթե Առաջին զանգը դպրոցական ճանապարհի սկիզբն է, ապա Վերջին զանգը այդ ճանապարհի ամփոփումն է՝ լի հիշողություններով, ձեռքբերումներով ու ապագայի հանդեպ պատասխանատվությամբ։

Հայաստանում այս օրը վաղուց միայն ավարտական միջոցառում չէ․ այն սերունդների փոխանցման, ուսուցչին երախտագիտություն հայտնելու և նոր կյանքի շեմին կանգնած երիտասարդներին ճանապարհելու յուրահատուկ արարողություն է, որի միջով այսօր անցնում են հանրապետության շուրջ 62 հազար աշակերտներ, որոնցից ավելի քան 20 հազարը՝ տասներկուերորդցիներ։

Ի թիվս այդ երազկոտների՝ նախօրեին իրենց Վերջին դասն ունեցան, իսկ այսօր էլ բեմ բարձրացան «Ուսում»-ի 13 շրջանավարտներ՝ ապագա քաղաքագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ, ծրագրավորողներ, վերլուծաբաններ ու բժիշկներ (դասղեկ՝ Ս․ Հակոբյան)։ Տոնական միջոցառման բացման խոսքում փոխտնօրեն Ա․ Համբարձումյանը շնորհավորեց շրջանավարտներին իրենց կյանքի այս պատասխանատու փուլի առթիվ՝ վստահություն հայտնելով, որ դպրոցի տարեգրության մեջ նրանք մնալու են իրենց լավագույն որակներով և արժանիքներով։ 

Իր շնորհավորական խոսքում դպրոցի տնօրեն Սուսաննա Թամարյան նշեց, որ դպրոցն ավարտելը ոչ միայն հաջողություն է, այլ նաև պատասխանատվություն՝ սեփական գիտելիքն ու կարողությունները հասարակության զարգացմանը ծառայեցնելու համար, որտեղ յուրաքանչյուրը ունի հանձնառություն ոչ միայն իր, դասավանդած ուսուցիչների և ծնողների, այլ նաև ողջ պետության և մարդկության առաջ։ Ս․ Թամարյանը շրջանավարտներին հորդորեց ցանկացած որոշման կայացման ընթացքում համադրել մարդկային որակներն ու գիտելիքը, որովհետև այդ համադրությունն է հաջողություն ծնում։

Այնուհետև բեմը տրամադրվեց շրջանավարտներին։ Նրանք դահլիճը լցրին պարային համարներով և իրենց էությունը ներկայացնող հումորային դրվագներով, որոնք վերածվել էին դպրոցական կյանքի յուրատեսակ հիշողությունների ամփոփման։ Դահլիճում և բակում հերթով հնչում էին և՛ ծիծաղ, և՛ հուզված շշուկներ, որովհետև յուրաքանչյուր ժպիտ իր մեջ կրում էր տարիների պատմություն։

Շրջանավարտներին իր շնորհավորանքը, իսկ դպրոցին՝ շնորհակալությունը հղեց դպրոցի բազմամյա սան Մ․ Մխիթարյանը՝ մատնանշելով այն միջավայրի կարևորությունը, որտեղ իրեն սովորեցրել են ոչ միայն գիտելիք, այլև՝ միմյանց լսելու, սեփական կարծիքը արտահայտելու կարողություն և համարձակություն։

Դասականի ու նուրբ հումորի համադրությամբ կառուցված միջոցառումը դարձավ անցնող տարիների մեջ ամենահուզառատն ու անկեղծը՝ զերծ կաղապարներից ու հանդիսատեսի հետ անմիջական զրույցի վերածված։