Վերջին դաս, վերջին զանգ․ տարվա այս ժամանակահատվածի, թերևս, ամենահակասական տրամադրություններով լի տոնակատարություններից մեկն է, որը ավանդույթի ուժով տոնվում է Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային երկրներում։ Եթե սեպտեմբերի 1-ն ազդարարում է նոր ուսումնական տարվա սկիզբն ու դպրության հանդեպ առանձնահատուկ հարգանքը, ապա Վերջին զանգն էլ խորհրդանշում է ոչ միայն ուսումնական տարվա ավարտը, այլև այն մեծ վստահությունը, որ մեծ կյանք ենք ճանապարհում հերթական կայացած քաղաքացիներին։
Խորհրդային Միությունում տոնն սկսել են նշել դեռևս նախորդ դարի 40-ականների երկրորդ կեսից՝ ուսումնական տարվա ավարտին տալով ֆորմալ բնույթ։ Շաբաթվա ինչ օր էլ լիներ, ուսումնական տարվա ավարտ համարվում էր մայիսի 25-ը։ Սակայն ժամանակի ընթացքում տոնը ձեռք բերեց ավելի շատ էմոցիոնալ և խորհրդանշական բնույթ՝ զրկվելով իր կաղապարայնությունից։ Իսկ մայիսի 25-ը դադարեց հստակ օր համարվել․ այժմ այն նշվում է մայիսի նախավերջին ուրբաթ օրը։
Առավել կարևոր է Վերջին դասի խորհուրդը, որն անցնող տարիների ձեռքբերումների և բացթողումների արձանագրումն է՝ դրանք շտկելու ավելի հասուն վճռականությամբ։ Սա օր է, երբ աշակերտներն ու իրենց մանկավարժները խոսում են հավասարը հավասարի հետ ու հանուն մեկ ընդհանուր շահի՝ գիտելիքը հայրենիքի շենացմանը ծառայեցնելուն։
Այս տարի ևս «Ուսում»-ը մեծ կյանք ճանապարհեց 21 շրջանավարտների՝ լի բոլորիս կյանքը լավացնելու և երկիրը շենացնելու վճռականությամբ։ Դպրոցի տնօրեն Սուսաննա Թամարյանը, իր շնորհավորական ուղերձում անդրադառնալով գալիքի հետ կապված պարտավորություններին ու պատասխանատվությանը, վերջին խորհրդանշական «տնային հանձնարարությունը» տվեց շրջանավարտներին, այն է՝ լինել այնպիսի քաղաքացիներ, որոնցով միշտ պիտի հպարտանանք ու ամեն օր սպասենք նրանց հետ հերթական կարոտած հանդիպմանը։
Փոխտնօրեն Լիլիթ Սուջոյանն էլ իր բացման խոսքում մեծ վստահություն հայտնեց, որ շրջանավարտների այս սերունդն այնքան մեծ հնարավորություններ ու հմտություններ ունի, որ իր մեծ ներդրումն է ունենալու մեր հասարակության դիմագծի և որակի կայացման գործում։
2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտ, Աշակերտական խորհրդի նախագահ Ստեփան Ստեփանյանն էլ, անդրադառնալով իր ձեռքբերումներին, մատնանշեց այն հանգամանքը, որ անցնող տարիների ընթացքում դպրոցն իսկապես իրենց տվել է ինքնադրսևորվելու և հավասարը հավասարի հետ խոսելու հնարավորություն, ինչը կայացման լավագույն ճանապարհն է։
Շնորհավորանքներով, մշակութային, երաժշտական ու ազգագրական կատարումներով ու հուզառատ հումորներով հագեցած օրվա լավագույն ավարտը տասներկուերորդցիների խոստումն էր․ «Մեր երեխաներին «Ուսում» ենք բերելու»։