Ուսումնական անցուդարձ

Nov 05, 2026

Koreez 2026. 13 մրցանակակիր՝ 13 հպարտության առիթ

 
 


Նոյեմբերի 5-ին կայացավ Հայաստանի ամենամեծ և ամենասպասված կրթական շոու-մրցանակաբաշխություններից մեկը՝ Koreez 2026-ը։ Այս տարի մրցույթներին մասնակցություն ունեցավ ավելի քան 40 000 աշակերտ և ուսուցիչ։ «Ուսում» դպրոցի համար այս կարևոր կրթական իրադարձությունը նշանավորվեց տպավորիչ արդյունքներով․ մեր դպրոցի 13 սաներ վերադարձան տարբեր մրցանակներով՝ հերթական անգամ հաստատելով իրենց գիտելիքների բարձր մակարդակն ու հետևողական աշխատանքի արդյունքը։

«Կորիզ»-ը (Koreez) համադպրոցական կրթական հարթակ և մրցույթ է, որը վերջին տարիներին դարձել է Հայաստանի կրթական կյանքի նշանակալի իրադարձություններից մեկը։ Այն միավորում է տարբեր տարիքային խմբերի աշակերտների, ուսուցիչների և դպրոցների՝ խրախուսելով գիտելիքի նկատմամբ հետաքրքրությունը, առողջ մրցակցությունն ու շարունակական զարգացումը։ Նախագծի կարևոր առանձնահատկություններից է ոչ միայն աշակերտների գիտելիքների գնահատումը, այլև ուսուցչի աշխատանքի արժևորումն ու կրթական համայնքի համախմբումը։

«Կորիզ»-ի պատմությունը սկսվել է 2020 թվականին «Դասարան» կրթական ծրագրի թիմի նախաձեռնությամբ։ Նախագծի գաղափարն ի սկզբանե եղել է կրթությունը դարձնել ավելի հետաքրքիր ու գրավիչ, սովորելու գործընթացը համադրել խաղային տարրերի հետ և ստեղծել մի հարթակ, որտեղ աշակերտները կկարողանան բացահայտել իրենց գիտելիքներն ու կարողությունները։ 2021 թվականին անցկացված առաջին համադպրոցական մրցույթին մասնակցում են Հայաստանի և Արցախի 734 դպրոցի ավելի քան 6300 աշակերտներ։ Նույն թվականի հոկտեմբերի 30-ին կայանում է առաջին մեծ շոու-մրցանակաբաշխությունը՝ սկիզբ դնելով աշակերտների և ուսուցիչների ձեռքբերումները հանրայնորեն գնահատելու ավանդույթին։

Հետագա տարիներին «Կորիզ»-ն ընդլայնում է իր գործունեությունը՝ ավելացնելով առարկայական ուղղություններն ու կրթական նախաձեռնությունները, ներգրավելով նոր գործընկերների և մասնակիցների։ Խաղայնացված ուսուցման սկզբունքի շնորհիվ այն դառնում է ոչ միայն գիտելիքների ստուգման, այլև ինքնադրսևորման, նոր հնարավորությունների բացահայտման և կրթական համայնքի զարգացման հարթակ։

Մրցույթն անցկացվում է բազմափուլ ձևաչափով։ Մասնակիցները նախ անցնում են առցանց փուլերը, որոնց արդյունքներով լավագույնները հնարավորություն են ստանում մասնակցելու առկա ձևաչափով անցկացվող կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերին։ Մրցույթի շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև ուսուցիչների մասնագիտական ձեռքբերումներին ու ներդրմանը։

Վերադառնալով Koreez 2026-ին՝ նշենք, որ մաթեմատիկական գիտելիքներն ու տրամաբանական մտածողությունը ստուգող Koreez–Telcell–PhysMath մրցույթում «Ուսում»-ի աշակերտները գրանցեցին հատկապես բարձր արդյունքներ։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրին Դանիել Սարգսյանը, Լինա Մանվելյանն ու Դավիթ Նազարյանը։ Երկրորդ հորիզոնականին արժանացան Հայկ Ալոևը, Մարիա Տոնոյանն ու Մհեր Ղազարյանը, իսկ առաջին հորիզոնականը նվաճեցին Էդգար Տիրացվյանը, Էլինա Գյուլասարյանն ու Սարգիս Սարգսյանը։

Անգլերենի «The Magic of English» մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Միքայել Գրիգորյանը, իսկ երրորդ հորիզոնականին արժանացավ Մարիա Գրիգորյանը։ Հայերենի «Մենք ենք, մեր լեզուն» մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Տաթև Հարությունյանը, երրորդը՝ Մարիամ Ղազարյանը։

Մրցանակային արդյունքներից զատ՝ «Ուսում»-ի մի շարք աշակերտներ աչքի ընկան նաև մրցույթի նախորդ փուլերում՝ ընդգրկվելով լավագույն տասնյակում և հասնելով կիսաեզրափակիչ ու եզրափակիչ փուլեր։ Մաթեմատիկական մրցույթում լավագույն տասնյակում էին Ավետ Մանվելյանը, Նարեկ Մանուկյանը, Տաթև Հարությունյանը, Ռուբեն Կիրակոսյանը, Դավիթ Գևորգյանն ու Վանե Մելիքջանյանը։ Մրցույթի տարբեր փուլերում իրենց մասնակցությունն ունեցան նաև Վահե Թոքաթլյանը, Դավիթ Մկրտչյանը, Ալեքսանդր Հարությունյանը և Արեգ Գևորգյանը։ Անգլերենի մրցույթում լավագույն տասնյակում ընդգրկվեց Մարի Զմբոյանը, իսկ Մարիամ Ղազարյանը հայերենի մրցույթում ևս գրանցեց հաջող արդյունք՝ արժանանալով երրորդ կարգի։

Եվ որքան էլ այս անունների հետևում մանկավարժական անմնացորդ նվիրումն է, այնուամենայնիվ մեր մանկավարժները աչքի ընկան նաև անհատական նվաճումներով։ «Տարվա ուսուցիչ» անվանակարգի լավագույն տասնյակում էր «Ուսում» դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի, ՄԿԱ փոխտնօրեն Աննա Սմբատյանը։ Իսկ տարրական դպրոցի ուսուցչուհի Լիանա Հովակիմյանն արժանացավ լավագույն ուսուցչուհու դիպլոմի։

Մրցույթին մասնակցած և աշակերտներին պատրաստած մանկավարժների թվում են Լիանա Հովակիմյանը, Լուսինե Խաչատրյանը, Հասմիկ Նազարյանը, Արփինե Մանուչարյանը, Զարուհի Սարգսյանը, Հասմիկ Ղուկասյանը, Նոնա Մանասյանը, Սյուզաննա Ջահուկյանը, Հռիփսիմե Հովհաննիսյանը, Հայկանուշ Ղարիբյանը, Կիմա Սարգսյանը և Աննա Սմբատյանը։ Նրանցից յուրաքանչյուրի ներդրումն ու աջակցությունը կարևոր նշանակություն ունեն սովորողների գիտելիքների ամրապնդման, կարողությունների զարգացման և տարբեր փուլերում արձանագրած մրցութային հաջողությունների ճանապարհին։

«Կորիզ»-ը միայն մրցանակների ու զբաղեցրած հորիզոնականների մասին չէ։ Այն հնարավորություն է՝ ստուգելու գիտելիքները, բացահայտելու սեփական ներուժը, հաղթահարելու բարդ առաջադրանքներն ու վստահորեն ներկայանալու նոր մարտահրավերների։ Մրցույթի բազմափուլ ձևաչափը սովորողներից պահանջում է ոչ միայն առարկայական պատրաստվածություն, այլև կենտրոնացում, արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն։

Ամփոփելով՝ նշենք, որ «Ուսում» դպրոցի այս տարվա արդյունքները ևս մեկ անգամ վկայում են, որ գիտելիքի հանդեպ հետաքրքրությունը, հետևողական աշխատանքն ու ուսուցիչների նվիրումը բերում են տեսանելի հաջողությունների։ Դրանք մեր աշակերտների աշխատասիրության, նպատակասլացության, մանկավարժների մասնագիտական նվիրվածության և ազատ մտածողության արդյունքն են, չէ՞ որ ազատ չմտածել նշանակում է չմտածել։