Հոկտեմբերի 5-ին Ուսուցչի օրվա խորհրդանշական միջոցառումների շրջանակում կայացավ «Կորիզ 2025»-ը (Koreez 2025)։ Այն Հայաստանի ուսուցիչների և աշակերտների համար ստեղծված ինտելեկտուալ կրթական հարթակ է, որը հնարավորություն է տալիս փորձել ուժերը առարկայական և մաթեմատիկական մրցաշարերում։
Koreez-ն ստեղծվել է 2020 թվականին ոլորտում առավել քան 15 տարվա հաջողված ծրագրեր իրականացնելու փորձ ունեցող Dasaran կրթական ծրագրի թիմի կողմից։ Օգտագործելով կրթական ոլորտում տարիների կուտակած փորձը և խաղայնացված կրթության միջոցով գիտելիք փոխանցելու նորարարական մոտեցումները` Koreez-ն արդեն հինգերորդ տարին անընդմեջ տարվա ընթացքում կազմակերպված մրցույթներն ամփոփում է մեծ համերգ-մրցանակաբաշխությամբ։
Եթե անդրադառնանք մրցույթի նպատակներին, ապա պետք է նշենք, որ Koreez-ի թիմն իր առաքելությունն է համարում ստեղծել առաջին ամենաուրախ կրթական միջոցառումը՝ համախմբելով տարբեր տարիքային խմբերի աշակերտների հայաստանյան դպրոցներից, որոնց թվում արդեն երրորդ տարին անընդմեջ մասնակցություն է ունենում նաև «Ուսում» դպրոցը։ Մրցույթը մասնակիցներին հնարավորություն է ընձեռնում ոչ միայն մրցել գիտելիքներով, այլ նաև դառնալ ամենաուրախ կրթական միջոցառման մասնակիցը և ստանալ արժեքավոր մրցանակներ։ Մրցույթի հետաքրքիր թեստ-հարցաշարերը մշակվում են ոլորտի լավագույն մասնագետների կողմից և հիմնված են տվյալ դասարանին համապատասխան դպրոցական հանրակրթական ծրագրի վրա։
Ավելի գլոբալ առումով մրցույթի նպատակն է բացահայտել դպրոցների և աշակերտների ինտելեկտուալ կարողությունները տարբեր բնագավառներում, ինչպես նաև խթանել ուսուցիչների և աշակերտների հետաքրքրությունը կրթության նկատմամբ և աջակցել շարունակական ուսումնառությանը։ Եվ հպարտությամբ պիտի նշենք, որ այս տարի ևս մենք ինտելեկտուալ այս մրցույթում ուղղակի մասնակիցներ չէինք։ Երրորդ դասարանի աշակերտուհի Վանե Մելիքջանյանի արդյունքը մրցույթին մասնակցած մյուս ուսումցիների շարքում ամենատպավորիչն է։ Կրտսեր ուսումցին մաթեմատիկական մրցույթի երրորդ դասարանցիների պայքարի հաղթողն է (ուսուցչուհի՝ Հ․ Նազարյան)։
Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած մեծ մրցանակաբաշխության ժամանակ Վանեի կողքին էին նաև դպրոցի հիմնադիր տնօրեն Հ․ Նավասարդյանը, տնօրեն Ս․ Թամարյանը, ուսուցչուհի Հ․ Նազարյանը և մասնակցության հավաստագրերի և մրցանակային այլ տեղերի արժանացած մյուս ուսումցիները։ usumschool.am-ի հետ զրույցում հաղթող մասնակցի ուսուցչուհի Հասմիկ Նազարյանը նշեց, որ մրցույթներին աշակերտների մասնակցությունը իսկապես կարևոր փորձառություն է մրցակցային ոգի ձևավորելու տեսանկյունից։ Ուսուցչուհին նշեց նաև, որ այս մրցույթը կարևոր է նաև վերջնարդյունքի տեսանկյունից, ինչին որ միտված են ժամանակակից կրթական բարեփոխումները։ «Շատ կարևոր է, երբ աշակերտը տեսնում է, որ իր սովորածը դեռ այս տարիքից բերում է շոշափելի արդյունքի», - եզրափակեց մեր զրույցը Հ․ Նազարյանը։