Մշակութային անցուդարձ

Jan 30, 2026

«Չսովորած դասերի աշխարհում»․ գիտելիքի ուժը՝ պատմությունից մինչև բեմ

Մարդկության պատմությունը վկայում է, որ գիտելիքը միշտ եղել է առաջընթացի գլխավոր շարժիչ ուժը։ Դեռ հնագույն քաղաքակրթություններից սկսած՝ մարդը հասկացել է, որ աշխարհը ճանաչելու, հասարակություն կառուցելու և ապագան կերտելու միակ ճանապարհը սովորելն է։ Հին Եգիպտոսում, Միջագետքում և Չինաստանում գրագիտությունն ու հաշվարկը պետության կառավարման հիմքում էին, իսկ Հին Հունաստանում գիտելիքը ստացավ փիլիսոփայական խորք՝ դառնալով մտածող մարդու ձևավորման միջոց։

Հայ ժողովրդի պատմության մեջ գիտելիքի կարևորությունն առանձնահատուկ նշանակություն է ունեցել։ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած հայոց այբուբենը ոչ միայն կրթական, այլև ազգային ինքնության պահպանման հենասյուն դարձավ։ Դարեր շարունակ դպրոցը, գիրքն ու ուսուցիչը դարձան այն ուժը, որը հայ ժողովրդին օգնեց պահպանել լեզուն, մշակույթն ու հավատը նույնիսկ ամենադժվար ժամանակներում։

Այս պատմական ուղին ցույց է տալիս մի պարզ ճշմարտություն․ գիտելիքը ոչ միայն տեղեկություն է, այլև ուժ, ազատություն և ընտրության հնարավորություն։ Այդ գաղափարն էլ դարձավ հիմք երկրորդցիների կողմից բեմադրված «Չսովորած դասերի աշխարհում» կրթական ներկայացման համար, որը հանդիսատեսին փոխանցեց գիտելիքի արժեքը երեխաներին հասկանալի ժամանակակից լեզվով։

Ներկայացումը մեկնարկեց «Ներկա-բացակա» երգով՝ ստեղծելով դպրոցական աշխույժ մթնոլորտ և հիշեցնելով դասին պատրաստ լինելու, ուշադիր սովորելու ու պատասխանատվություն կրելու կարևորությունը։ Երգն արդեն իսկ հանդիսատեսին մտովի տեղափոխեց դասարան՝ նախապատրաստելով ներկայացման հիմնական գաղափարներին։

Առաջին տեսարանում ներկայացված կերպարի շուրջ էլ զարգանում էին դեպքերը, կերպար, որն ամփոփում էր սովորելուց հոգնած, դասերը թերագնահատող աշակերտի հավաքական եսը, ով վստահ է, թե գիտելիքը իր ապագայի համար վճռորոշ չէ։ Մոր և քրոջ հետ երկխոսությունների միջոցով բացահայտվում էր երեխայի ներքին պայքարը, ինչպես նաև ընտանիքի դաստիարակչական դերը՝ առանց պարտադրանքի, բայց հստակ արժեքային ուղերձով։

Սյուժեն նոր թափ էր ստանում, երբ բեմ էին մտնում «կենդանացած» դասագրքերը՝ որպես գիտելիքի ձայն։ Դրանք հիշեցնում էին, որ յուրաքանչյուր դաս մի բանալի է, և այդ բանալիները չվերցնելը մի օր կարող են փակ դռների առաջ ձեռնունայն թողնել մարդուն, ու «չսովորած դասերի աշխարհում» փորձությունների առաջ կանգնեցնել մարդուն։

Միջոցառումն առանձնահատուկ շեշտադրում էր ժամանակի արժեքը․ այն չի կանգնում, չի սպասում և չի վերադառնում։ Միջոցառման կուլմինացիայում երեխաները գիտակցում են, որ սովորելը պարտադրանք չէ, այլ ազատություն, իսկ գիտելիքը՝ միակ ուժը, որը կարող է բացել փակ դռները և դուրս բերել փակուղուց։

Եզրափակիչ տեսարանում բեմ են մտնում աղջիկները գրքերի խորհրդանիշներով և ամփոփում ներկայացման հիմնական գաղափարները։ Երգի, պարի և խոսքի միջոցով հնչում է կարևոր ուղերձը՝ գիտելիքը ուժ է, այն էլ ոչ միայն անհատի, այլև հայրենիքի համար։ Այն լավագույն զենքն է, որով հնարավոր է պաշտպանել պետությունը, զարգացնել հասարակությունը և ստեղծել մրցունակ ապագա։ Յուրաքանչյուր սովորող իր գիտելիքով մասնակցում է երկրի առաջընթացին։

«Չսովորած դասերի աշխարհում» ներկայացումը կամուրջ էր անցյալի և ներկայի միջև՝ ցույց տալով, որ դարերի ընթացքում գիտելիքի արժեքը չի փոխվել։ Փոխվել են միայն ձևերը, իսկ բովանդակությունը մնացել է նույնը․ ով սովորում է, նա ունի ուժ, ճանապարհ և ապագա։