Մշակութային անցուդարձ

Nov 10, 2025

Նադեր Էբրահիմիի հեքիաթը` «Ուսում» դպրոցի բեմում

Նոյեմբերի 13-ին ամբողջ աշխարհում նշվում է Բարության միջազգային օրը։ Այն հիմնադրվել է 1998 թվականին Ճապոնիայում՝ «Բարության շարժման համաշխարհային կազմակերպության» նախաձեռնությամբ և կոչված է հիշեցնելու մարդկանց, որ փոքրիկ բարի արարքներն անգամ կարող են փոխել աշխարհը։ Եվ թեև տոնը պաշտոնապես չի նշվում մեր երկրում, սակայն փոքրիկ ուսումցիները վստահ են, որ բարությունը պաշտոնական ամրագրում չճանաչող երևույթ է, ու բարության մասին հիշել ու այն նշել պետք է ամեն օր և ամեն վայրկյան։

Հենց այդ հավատամքով «Ուսում» դպրոցի 3-րդ «ե» դասարանը համաշխարհային տոնի նախօրեին իրականություն դարձրեց «Խոսենք սրտի լեզվով» միջոցառումը, որի նպատակն էր ցույց տալ, որ բարի խոսքն ու վերաբերմունքը նույնքան կարևոր են, որքան գիտելիքը, աշխատանքը կամ հաղթանակը։

Բեմական պատումը մեկնարկում էր խորհրդանշական կերպարով՝ Սառցե սրտով, որն աշխարհ էր եկել այն ժամանակ, երբ մարդիկ մոռացել էին իրար լսել, ժպտալ ու օգնության ձեռք մեկնել։ Նրա ձայնով բեմը լցվում էր ցրտով ու մթությամբ, սակայն պատմության ընթացքում բեմ էր մտնում մի փոքրիկ աղջիկ, ով իր բարի արարքներով ու անկեղծ ժպիտով աստիճանաբար հալեցնում էր այդ սառնությունը։

Աղջկա և Սառցե սրտի երկխոսությունը դառնում էր գլխավոր գաղափարական առանցքը՝ ցույց տալով, որ նույնիսկ ամենաքարացած սրտի մեջ կարող է բուսնել սեր, եթե այն շոշափի մի փոքրիկ բարի արարք։

Բեմադրությունը հարստացած էր նաև երգով ու պարով՝ ներառելով համաշխարհային «Սառցե սիրտը» («Let it Go») երաժշտական կատարումը, որտեղ սառնությունը փոխակերպվում էր լույսի և կյանքի խորհրդանիշի։

Հետագա հատվածում աշակերտները բեմականացրին Նադեր Էբրահիմիի «Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ» հեքիաթային պատմությունը, որտեղ երեխաները մտորում էին, թե ում արժե նվիրել իրենց մաքուր սրտերը ու հանգում կարևոր եզրակացության՝ մաքուր սրտի կարիք ունեն բոլորը։ Այս հատվածը դառնում էր մարդկային ջերմության, ընտանիքի և սրտաբաց լինելու գեղեցիկ խորհրդանիշ՝ ընդգծելով, որ սիրտը կարող է անվերջ մեծանալ, երբ այն լցվում է սիրով։

Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Ս․ Թամարյանը, շնորհավորելով ներկաներին և առաջին հերթին հենց փոքրիկ ուսումցիներին հաջող միջոցառման առթիվ, վստահություն հայտնեց, որ բարություն տարածելու ցանկությունը չի սահմափակվելու մեկ միջոցառմամբ և դառնալու է կյանքի ուղենիշ հենց երեխաների համար։