Կրթությունը սկսվում է հարցերից, իսկ երբեմն այդ հարցերը ծնվում են ոչ թե դասարանում, այլ ճանապարհին։ Երբ աշակերտը կանգնում է Ամբերդի պարիսպների առաջ, քայլում Գյումրու հին փողոցներով, լսում Տաթևի զանգերի ձայնը կամ նայում Դեբեդի կիրճի խորությանը, նա սկսում է հասկանալ այն, ինչ որևէ դասագիրք ամբողջությամբ չի կարող փոխանցել։
Հենց այս գաղափարն է ընկած «Ուսում» դպրոցի հայրենաճանաչության ծրագրի հիմքում։ Մենք հավատում ենք, որ հայրենիքը ճանաչելու համար այն պետք է տեսնել, զգալ, լսել և ապրել։ Այդ պատճառով ուսումնաճանաչողական էքսկուրսիաները մեր կրթական գործընթացի բնական շարունակությունն են։
Տարվա ընթացքում մեր աշակերտները կրթական այցեր են կատարում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզեր։ Այս ճանապարհորդությունները չեն սկսվում ավտոբուս նստելու պահին և չեն ավարտվում դպրոց վերադառնալով։ Դրանք սկսվում են դասարանում՝ ուսումնասիրելով թեման, քարտեզը, պատմական աղբյուրները, և շարունակվում են ճանապարհին, որտեղ տեսական գիտելիքը հանդիպում է իրականությանը։
Յուրաքանչյուր երթուղի կառուցված է այնպես, որ պատմի Հայաստանի մասին տարբեր տեսանկյուններից։ Իսկ այդ երթուղիների գծման, նպատակահարմարության սահմանման հետևում կանգնած է մի ողջ թիմ՝ հանձին ՄԿԱ և ԴԱ համակարգողների։ usumschool.am-ի հետ զրույցում ՄԿԱ համակարգող Լ․ Սուջոյանը նշեց, որ արտագնա ուսումնաճանաչողական էքսկուրսիաների երթուղիները ձևավորվում են դպրոցի կրթական առաջնահերթություններին համահունչ։ Դրանց կազմակերպման հիմքում դրված են Հայոց լեզվի և գրականության, Պատմության և մշակույթի, ինչպես նաև Բնագիտության առարկայական մեթոդմիավորումների ներկայացրած առաջարկները։ Պատասխանատուն վստահ է, որ այս համագործակցային մոտեցումը հնարավորություն է տալիս ընտրելու այնպիսի ուղղություններ, որոնք նպաստում են միջառարկայական կապերի ամրապնդմանը և ուսումնասիրվող նյութի առավել ամբողջական ընկալմանը։
Ավելորդ չէ ևս մեկ անգամ մտովի ճամփորդել ՀՀ մարզերով և համոզվել ընտրվող ուղղությունների բացառիկության և նպատակների ընտրության հարցում։ Շիրակում Մարմաշենի վանական համալիրը, Հառիճավանքը և Գյումրին բացահայտում են միջնադարյան ճարտարապետության, ազգային ինքնության և քաղաքային մշակույթի շերտերը։ Գյումրու սև տուֆից կառուցված փողոցներում քայլելիս երեխաները հասկանում են, որ քաղաքն ինքն էլ կարող է պատմության դասագիրք լինել։
Արագածոտնի Արուճը, Դաշտադեմն ու Ամբերդը պատմում են հայկական պետականության, ամրաշինության և միջնադարյան ճարտարապետական մտքի մասին։ Այստեղ պատմությունը դադարում է լինել տարեթվերի շարք և վերածվում է կենդանի տարածության, որի միջով կարելի է քայլել։
Արմավիրում Զվարթնոցն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հնարավորություն են տալիս ուսումցիներին ճանաչելու ոչ միայն հայկական վաղ միջնադարյան ճարտարապետությունը, այլև հասկանալու այն հոգևոր ու մշակութային արժեքները, որոնք ձևավորել են մեր ինքնությունը։
Արարատի մարզում Զանգակատունն ու Խոր Վիրապը միավորում են գրականությունն ու պատմությունը։ Մի քանի ժամվա ընթացքում աշակերտները տեղափոխվում են Պարույր Սևակի պոեզիայի աշխարհից մինչև հայ ժողովրդի կարևորագույն պատմական հիշողություններից մեկը։
Վայոց ձորի Սմբատաբերդը, Նորավանքն ու Եղեգիսը պատմում են ամրոցների, վանքերի, կրթության ու գիտության կենտրոնների մասին։ Այստեղ երեխաները սովորում են տեսնել, թե ինչպես է պատմությունը ձևավորվել բնության հետ ներդաշնակ ապրող մարդու ձեռքով։
Սյունիքի Գորիսը, Տաթևը և Խնձորեսկը ամեն անգամ նոր բացահայտումների աղբյուր են դառնում։ Քարանձավային բնակավայրերը, ճարտարապետական կոթողները և բնության հզոր տեսարանները սովորողներին հիշեցնում են, որ Հայաստանի պատմությունը հազարավոր տարիների շարունակական պատմություն է։
Տավուշի անտառային աշխարհում Մակարավանքը, Մաթոսավանքը, Գոշավանքը, Լաստիվերն ու Ջուխտակ վանքը սովորեցնում են տեսնել բնության և մշակույթի ներդաշնակությունը։ Այստեղ յուրաքանչյուր արահետ պատմություն ունի, իսկ յուրաքանչյուր կանգառ՝ նոր հարց։
Լոռու Դսեղն ու Դեբեդի կիրճը գրականությունը դուրս են բերում դասագրքից։ Հովհաննես Թումանյանի տունը, նրա ծննդավայրի միջավայրը և Լոռու բնաշխարհը հնարավորություն են տալիս նորովի հասկանալու այն ստեղծագործությունները, որոնք երեխաները կարդում են դպրոցում։
Լ․ Սուջոյանի խոսքով՝ այս ճանապարհորդությունների ամենամեծ արժեքը ոչ թե տեսարժան վայրերի քանակն է, այլ այն, թե ինչ է փոխվում երեխայի մեջ։ Նա սովորում է դիտարկել, հարցնել, համեմատել, մտածել, աշխատել դասարանից դուրս, պատասխանատվությամբ վերաբերվել մշակութային ժառանգությանը և զգալ, որ հայրենիքը միայն քարտեզի վրա նշված տարածք չէ։
Ամփոփելով՝ նշենք, որ ուսումցիների մոտ արմատացած է այն համոզմունքը, որ հայրենաճանաչությունը սկսվում է այն պահից, երբ իրենք տուն են վերադառնում ոչ միայն լուսանկարներով, այլև նոր հարցերով, նոր գիտելիքով և մի զգացողությամբ, որ այս երկիրը հենց իրենցն է։ Եվ ի վերջո ճանապարհը կարող է տանել դեպի վանք, ամրոց կամ թանգարան։ Իսկ լավ կազմակերպված կրթական ճանապարհորդությունը միշտ տանում է դեպի ինքնաճանաչում։