ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Nov 25, 2026

Ընկերության ընդունելի մոտեցումները․ պանելային քննարկում

 

Հումորն ու ծիծաղը ընկերության անբաժանելի մասն են։ Դրանք մոտեցնում են մարդկանց, ջերմացնում հարաբերությունները, ստեղծում ընդհանուր հիշողություններ և հաճախ դառնում ընկերական շրջապատի յուրահատուկ լեզուն։ Սակայն որտե՞ղ է ավարտվում անմեղ կատակը և սկսվում վիրավորանքը։ Արդյո՞ք «դա ընդամենը կատակ էր» արտահայտությունը կարող է արդարացնել դիմացինի ցավը։

Այս հարցերի շուրջ «Ուսում» դպրոցում 8-9-րդ դասարաններում սովորող աշակերտների համար այսօր կայացավ «Ընկերություն՝ կատակներո՞վ, թե՞ չափ ու սահմանով» խորագիրը կրող պանելային քննարկումը։

Քննարկման ընթացքում մասնակիցները փորձեցին բացահայտել առողջ ընկերական հումորի սահմանները, անդրադառնալ անձնական տարածքի և փոխադարձ հարգանքի կարևորությանը, ինչպես նաև հասկանալ՝ ինչպես արձագանքել այն իրավիճակներում, երբ կատակը դառնում է վիրավորական։

Քննարկման հյուրերն էին դասվար, «Գիտակից ծնողավարում» պլատֆորմի ղեկավար Անժելա Մանասյանը, կենսաբանության ուսուցչուհի Տաթևիկ Եղիազարյանը և 12-րդ դասարանի աշակերտուհի, «usuMUN» միջդպրոցական համաժողովի համակարգող Էլլա Մկրտչյանը։ Որպես վարող՝ հանդիպմանը մասնակցում էր նաև Աշակերտական խորհրդի նախագահ Էլմիրա Զաքինյանը։

Քննարկումը սկսվեց ընկերական շրջապատի ամենասիրելի և հիշվող կատակների ու մեմերի մասին պատմություններով։ Ջերմ ու անկեղծ հիշողությունները հնարավորություն տվեցին ստեղծել անմիջական մթնոլորտ և ցույց տալ, թե որքան կարևոր տեղ ունի հումորը մարդկային հարաբերություններում։ Այնուհետև զրույցը տեղափոխվեց հումորի հոգեբանական կողմ։ Մասնակիցներն անդրադարձան հումորի՝ մարդկանց միավորելու կամ, հակառակը, նրանց միջև հեռավորություն ստեղծելու հնարավորությանը։

Բանախոս Տ․ Եղիազարյան կողմից հատուկ ուշադրություն դարձվեց «ներքին կատակներին» (inside jokes), որոնք կարող են դառնալ ընկերական խմբի յուրահատուկ կապի և ընդհանուր հիշողությունների արտահայտություն, բայց երբեմն նաև՝ խմբի որոշ անդամներին մեկուսացնելու միջոց։

Քննարկվեց նաև այն հարցը, թե արդյոք ընկերական հարաբերություններում կան թեմաներ, որոնց շուրջ կատակելը կարող է անընդունելի լինել՝ անկախ մտերմության աստիճանից։ Է․ Մկրտչյանի խոսքով՝ կան թեմաներ, որոնց շուրջ կատակն անընդունելի է բոլոր դեպքերում՝ անկախ մտերմության աստիճանից, այդպիսիք են արտաքինի, ընտանիքի, ֆինանսական վիճակի կամ անձնական անհաջողությունների վերաբերյալ կատակները, որոնք կարող են դիպչել մարդու ամենազգայուն կողմերին։

Քննարկման կարևոր հատվածներից մեկը վերաբերում էր այն իրավիճակներին, երբ մարդը վիրավորում է ընկերոջը, ապա նրա նեղանալը մեկնաբանում որպես «անհումորություն»։

Ա․ Մանասյանը հատկապես անդրադարձավ մասնագիտական միջավայրերում հանդիպող տարբերակված հումորներին, որոնք ընկալելի են միայն խիստ նեղ շրջապատի համար, և գուցե լայն շրջանակների կողմից ոչ միանշանակ արձագանքի են արժանանում։ Բանախոսը հատուկ կարևորեց անդրադարձը ագրեսիվ հումորի հնարավոր դրդապատճառներին՝ սեփական անհանգստությունից մինչև հարաբերություններում վերահսկողություն հաստատելու փորձեր։ Շեշտվեց, որ երբեմն կատակի քողի տակ կարող են թաքնված լինել քննադատություն, դժգոհություն կամ դիմացինի նկատմամբ գերազանցություն ցուցադրելու ցանկություն, որը հատկապես տիպական և բնորոշ էր մեր լսարանի տարիքային շրջանակին, ուստի այս առումով դիտարկումն իսկապես ուներ կարևոր նշանակություն։։

Անդրադարձ եղավ նաև այն հարցին, թե ինչպես ճիշտ արձագանքել, երբ ընկերը հրաժարվում է ընդունել իր խոսքի ազդեցությունը և վիրավորանքը ներկայացնում որպես անմեղ կատակ։ Քննարկման ընթացքում բանախոսների կողմից կարևորվեց ոչ միայն խոսքի բովանդակությունը, այլև դիմացինի արձագանքը։ Լռությունը, դեմքի արտահայտության փոփոխությունը կամ ինքնամփոփ դառնալը կարող են լինել ազդանշաններ, որ կատակը հատել է անվտանգ սահմանը։

Պանելիստները լսարանի համար քննարկեցին նաև անձնական սահմաններ դնելու և դրանք հարգելու մշակույթը։ Ինչպե՞ս ասել «ինձ համար տհաճ էր այս կատակը»՝ առանց հարաբերությունները փչացնելու։ Ինչպե՞ս սովորել անկեղծորեն արտահայտել սեփական զգացմունքները և միաժամանակ լսել դիմացինին։ Կարևորվեց այն միտքը, որ առողջ ընկերությունը չի ենթադրում բոլոր կատակներին ծիծաղով արձագանքելու պարտավորություն։ Յուրաքանչյուր մարդ ունի իր զգայունությունը, և ընկերական հարաբերություններում այդ տարբերությունները պետք է ընդունվեն ու հարգվեն։

Քննարկվեց և աշակերտական շրջանում հատկապես մեծ կարևորություն համարվեց ներողություն խնդրելու մշակույթը։ Հանդիպման ավարտին մասնակիցները միասին ձևակերպեցին առողջ ընկերական հումորի մի քանի կարևոր սկզբունքներ։

1․ Հումորը պետք է միավորի մարդկանց, ոչ թե մեկուսացնի կամ նվաստացնի։

2․ Կատակն առողջ է, երբ ծիծաղում են բոլորը, ոչ թե մեկը՝ մյուսի հաշվին։

3․ Մարդու արտաքինի, ընտանիքի, անձնական ցավերի և անհաջողությունների մասին չպետք է կատակել, իսկ նրանց հետ կատակելիս անհրաժեշտ է զգուշություն և հարգանք։

4․ Անձնական սահմանների մասին անկեղծ խոսելը հարաբերությունները չի թուլացնում, այլ դարձնում ավելի վստահելի։

5․Եթե կատակը ցավեցրել է, պետք է լսել դիմացինին, ընդունել նրա զգացմունքները և անհրաժեշտության դեպքում ներողություն խնդրել։

Քննարկման առանցքային ուղերձը հստակ էր․ էմպաթիան առաջնային է, իսկ ընկերոջ զգացմունքներն ավելի կարևոր են, քան հաջողված կատակ ասելու գայթակղությունը։

Աշակերտական խորհրդի Իրավակարգապահական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցած պանելային քննարկումը ևս մեկ հնարավորություն էր սովորելու ոչ միայն խոսել, այլև լսել, ոչ միայն ծիծաղել, այլև հասկանալ՝ ինչ ազդեցություն կարող են ունենալ մեր խոսքերը։