ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Mar 14, 2026

Միջազգային փորձն ու «Գիտակից ծնողավարում»-ը

Այսօր կայացավ «Ուսում» դպրոցի ծնողավարման հեղինակային դասընթացի հերթական հանդիպումը, որը սեփական հարկի տակ կայացած հանդիպումների շարքում առանձնացավ մասնակիցների աննախադեպ թվաքանակով։ Եվ հաշվի առնելով դասընթացի օրեցօր ընդլայնվող շրջակաները՝ հարկ է անդրադառնալ ծնողավարման համաշխարհային մոտեցումներին։  Ծնողավարման սեմինարների և ծնողական կրթության ծրագրերի գաղափարը վերջին տասնամյակներում լայն տարածում է ստացել աշխարհի տարբեր երկրներում։ Այսպիսի ծրագրերի նպատակը ծնողներին օգնելն է ավելի լավ հասկանալ երեխայի զարգացման հոգեբանական առանձնահատկությունները, զարգացնել արդյունավետ հաղորդակցություն ընտանիքում և կանխել երեխաների վարքային խնդիրները։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գիտականորեն մշակված ծնողական կրթության ծրագրերը կարող են զգալի դրական ազդեցություն ունենալ ինչպես ընտանիքների, այնպես էլ հասարակության վրա։

Ծնողավարման դասընթացների ակունքները հասնում են ոչ հեռավոր 1970-ականներ, երբ Ավստրալիայում կյանքի կոչվեց ամենահայտնի և լայնորեն կիրառվող ծրագրերից մեկը՝ Triple P – Positive Parenting Program-ը, որի նախաձեռնողն էր հոգեբան Մեթյու Սանդերսը։ Այս ծրագիրը ներկայումս կիրառվում է ավելի քան 30 երկրներում և համարվում է ծնողական կրթության ամենահետազոտված մոդելներից մեկը։ Triple P-ի արդյունավետությունը հաստատվում է մեծ գիտական բազայով․ իրականացվել են ավելի քան 40 երկրների մասնակցությամբ հետազոտություններ, հրապարակվել են հարյուրավոր գիտական հոդվածներ, իսկ ծրագրի իրականացման ընթացքում հազարավոր մասնագետներ են վերապատրաստվել։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծրագրի կիրառման արդյունքում որոշ համայնքներում արձանագրվել է երեխաների նկատմամբ բռնության դեպքերի մոտ 23 տոկոս, երեխաների վնասվածքների դեպքերի շուրջ 10 տոկոս և երեխաների խնամակալության համակարգ տեղափոխման դեպքերի մոտ 9 տոկոս նվազում։ Տնտեսական գնահատականները ևս ցույց են տվել, որ յուրաքանչյուր ներդրված մեկ դոլարը կարող է ստեղծել շուրջ տասից ավելի դոլարի սոցիալական օգուտ։

Ու չնայած աշխարհում հաջողություններ արձանագրած ծնողական կրթության միջազգային ծրագրերը ունեն նման նպատակներ, սակայն տարբերվում են իրենց կառուցվածքով և կիրառման մեթոդներով։ Օրինակ՝ The Incredible Years ծրագիրը, որը ստեղծվել է ԱՄՆ-ում 1980-ականներին, նույնպես ուղղված է ծնողների կրթությանը և երեխաների վարքային խնդիրների կանխմանը։ Սակայն, ի տարբերություն Triple P-ի, այն ավելի մեծ ուշադրություն է դարձնում փոքր խմբերով աշխատանքին, տեսանյութերի և դերային խաղերի կիրառմանը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծրագրին մասնակցած ընտանիքներում երեխաների վարքային խնդիրները կարող են նվազել մոտ 30–50 տոկոսով, իսկ ծնողների կողմից կիրառվող դրական դաստիարակչական մեթոդները զգալիորեն աճում են։

Մեկ այլ հայտնի մոդել՝ Parent Management Training ծրագիրը, որը նույնպես ստեղծվել է Միացյալ Նահանգներում, համեմատած նախորդների հետ՝ ավելի շատ կենտրոնանում է կոնկրետ վարքային խնդիրների լուծման վրա և սովորեցնում է ծնողներին գործնական մեթոդներ՝ երեխայի վարքը կառավարելու համար։ Դրանց դիմած ծնողները սեմինարի են գալիս արդեն իսկ առկա խնդիրներով և ակնկալում են լուծումներ ոչ թե իրենց սպասվելիք, այլ արդեն իսկ առկա խնդիրներին։ Հետազոտությունների համաձայն՝ նման ծրագրերին մասնակցած ընտանիքների մոտավորապես 60–70 տոկոսում երեխաների վարքային խնդիրները զգալիորեն նվազում են։

Համեմատելով մեր դպրոցում կյանքի կոչված ծնողավարման արշավը միջազգային փորձի հետ՝ կարող ենք մի քանի դիտարկում կատարել։ Դպրոցի նախաձեռնությունը հիմնականում իրականացվում է կրթական համայնքի ներսում՝ դպրոց-ծնող համագործակցության ձևաչափով՝ չբացառելով ոչ հայալեզու լսարանի համար ելույթ ունենալու հավակնությունները։ Հարկ է նշել, որ անցնող հանդիպումների ընթացքում մենք հասցրել ենք ունենալ ազգությամբ ոչ հայ ծնողներ։ Մեր դպրոցում կյանքի կոչված ծրագրի մյուս առավելությունը, թերևս, այն է, որ այն ավելի անմիջականորեն կապվում է երեխաների առօրյա կրթական միջավայրի հետ և հնարավորություն է տալիս ծնողներին ավելի լավ հասկանալ դպրոցի արժեքներն ու դաստիարակչական մոտեցումները՝ չբացառելով նաև երեխայի ինտեգրացիան որևէ այլ դպրոցի կրթական համակարգին կամ փիլիսոփայությանը։

Ամփոփելով նշենք, որ «Գիտակից ծնողավարում» սեմինարները գաղափարական առումով համահունչ են միջազգային ծնողական կրթության ծրագրերին, քանի որ նույնպես նպատակ ունեն զարգացնել գիտակից և պատասխանատու ծնողավարություն։ Միևնույն ժամանակ դրանք առանձնանում են նրանով, որ իրականացվում են կրթական մոդելի տրամաբանության մեջ, կրթական համայնքի շրջանակում և նպաստում են հանրակրթական համակարգի, ծնողների և երեխաների միջև ավելի սերտ համագործակցության ձևավորմանը։