Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է իր պետականության ամենակարևոր տոներից մեկը՝ Անկախության օրը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ համապետական հանրաքվե, որի արդյունքում հայ ժողովուրդը միաձայն ընտրեց անկախ և ինքնիշխան պետություն ունենալու ուղին։ Անկախության հռչակումը դարձավ դարավոր պայքարի արդյունք և նոր էջ բացեց մեր պատմության մեջ՝ ամրապնդելով ազատության, ժողովրդավարության ու ազգային ինքնորոշման արժեքները։
Այսօր՝ երեք տասնամյակ անց, Անկախության օրը շարունակում է մնալ ոչ միայն պատմական հիշողություն, այլև ազգային ինքնության ամրապնդման խորհրդանիշ։ «Ուսում» դպրոցում այս տոնը մշտապես կարևորվում է առանձնահատուկ ջերմությամբ և ստեղծագործական նախաձեռնություններով։ Դպրոցում համոզված են, որ ապագա սերունդներին պետք է փոխանցել ոչ միայն փաստերը, այլև զգացմունքները, որոնք կապված են անկախության գաղափարի հետ։
Տոնի առիթով տարրական դպրոցում կազմակերպված միջոցառումների շարանը հենց այդ նպատակն էր հետապնդում։ Բակի բաց տարածքում աշակերտները մասնակցեցին կավճանկարչության ավանդական ֆլեշմոբի, որտեղ իրենց գունեղ պատկերներով արտահայտեցին հայրենասիրական մտածողությունն ու խաղաղության հանդեպ ձգտումը։ Յուրաքանչյուր դասարան ձեռնամուխ եղավ դասարանական դրոշի ստեղծմանը, որտեղ միավորվել էին ազգային գույները, դասարանի խորհրդանիշներն ու ընկերության գաղափարը։ Տարրական դպրոցի դասվարների խոսքով վերջինիս նպատակը ոչ միայն ստեղծագործական աշխատանքն էր, այլև՝ միասնականության դրսևորումը։
Բացի դրանից, սովորողները ներգրավվեցին նաև ներկման և ձեռագործ աշխատանքների մեջ։ Նրանց նկարներում ու պաստառներում արտացոլված էին Հայաստանի լեռները, դարավոր պայքարի խորհրդանշական պատկերները, ինչպես նաև այն արժեքները, որոնց վրա ամրացած է մեր անկախ պետականությունը։
Միջոցառումների ընթացքում ուսուցիչները ևս կարևորեցին տոնի խորհուրդը։ Նրանց խոսքերով՝ անկախությունը ոչ միայն անցյալից ժառանգած նվաճում է, այլև առօրյայում ապրող ու գործերով ամրապնդվող պատասխանատվություն։
Տոնի ընթացքում դպրոցի երեք մասնաշենքերում հավասարապես տիրում էր համախմբվածության ու ուրախության մթնոլորտ։ Սովորողների աչքերում փայլում էր սեփական մասնակցության ու հայրենիքի հանդեպ սիրո ուրախությունը։
«Ուսում» դպրոցում վստահ են՝ նման միջոցառումները կարևոր դեր են խաղում աշակերտների ազգային ինքնագիտակցության ձևավորման, հայրենասիրական դաստիարակության և պատասխանատու քաղաքացի դառնալու ճանապարհին։