Հայ ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովուրդներից է, որի պատմությունը սկիզբ է առնում հազարամյակների խորքից։ Հայոց ինքնության հիմքում կանգնած է ոչ միայն պատմական հիշողությունը, այլև դյուցազնական մտածողությունը, որը ձևավորվել է դեռևս նախնադարյան ժամանակներից։ Հայկական ավանդության մեջ դյուցազունների ծագումը կապվում է Հայկ Նահապետի և նրա սերունդների հետ։ Դյուցազունը հայ մշակույթում միայն ֆիզիկապես ուժեղ մարդ չէ, այլ ամբողջական կերպար՝ օժտված հավատով, իմաստությամբ, արդարությամբ և հայրենասիրությամբ։ Դյուցազնական կերպարները ձևավորվել են ինչպես պատմական իրադարձությունների, այնպես էլ ժողովրդական բանահյուսության միջոցով՝ փոխանցվելով սերնդեսերունդ։
Հայկ Նահապետից սկսած՝ Արամը, Արա Գեղեցիկը, Սասունցի Դավիթը, Տիգրան Մեծը և Վարդան Մամիկոնյանը դարձել են այն կերպարները, որոնց մեջ մարմնավորվել են հայ ժողովրդի հիմնական արժեքները։ Նրանց կերպարներում միավորվում են իրական պատմությունն ու առասպելը՝ ստեղծելով ազգային ինքնության յուրահատուկ հիմք։ Դարերի ընթացքում, անկախ պատերազմներից, գաղթերից և կորուստներից, հայ ժողովուրդը պահպանել է իր դյուցազնական ոգին՝ ապահովելով սերունդների շարունակականությունը։ Այդ ոգին շարունակվել է նաև նորագույն ժամանակներում՝ Զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի և Մոնթե Մելքոնյանի նման հերոսների միջոցով։
Այսպիսով, դյուցազունների ծագումը միայն անցյալի պատմություն չէ․ այն կենդանի ժառանգություն է, որը ձևավորում է հայ մարդու ինքնագիտակցությունը և ուղղորդում նրա քայլերը դեպի ապագա։ Եվ հենց այդ կենդանի ժառանգության մշտարթունության տեսլականով էլ այսօր բեմում չորրորդցիներն էին՝ ամփոփելու տարրական դպրոցի չորս տարիներն ու հիմնարկելու հայրենասիրական դաստիարակության իրենց ուղին։
«Դյուցազունների ժառանգությունը» հանդիսատեսին տանում էր պատմական ու արժեքային մի յուրահատուկ ճամփորդության՝ բացահայտելու հայ ժողովրդի ոգու գաղտնիքը։ Միջոցառումը սկսվում էր գրադարանային տեսարանով, որտեղ օտարերկրացի մի կերպար փորձում էր հասկանալ հայի պայքարող տեսակը, նրա ուժի ակունքները։ Գրադարանավարի և աշակերտների ուղեկցությամբ բացվում էր խորհրդանշական «Ուժի կտակը» գիրքը, որը հանդիսանում էր ներկայացման գաղափարական առանցքը։ Բեմադրությունը կառուցված էր չորս հիմնական արժեքների շուրջ՝ միասնություն, արիություն, իմաստություն և հավատ, որոնք ներկայացվում էին հայոց պատմության տարբեր ժամանակաշրջանների հերոսների միջոցով։
Հանդիսատեսն ականատես եղավ Հայկ Նահապետի և Բելի պայքարի բեմադրությանը, որտեղ ընդգծվում էր միասնության գաղափարադրումը։ Այնուհետև ներկայացվում էին Արամը, Արա Գեղեցիկը, Սասունցի Դավիթը՝ որպես ազգային ինքնության, ազատության և արդարության խորհրդանիշներ։ Առանձնահատուկ շեշտադրվում էր Տիգրան Մեծի կերպարը, որի միջոցով ներկայացվում էր իմաստության և պետական մտածողության կարևորությունը։ Ավարայրի ճակատամարտի բեմադրությամբ հանդիսատեսն առերեսվում էր Վարդանանց հերոսամարտի ոգուն՝ հավատքի և ինքնության պահպանման համար մղված պայքարին։
Միջոցառման կարևորագույն գաղափարներից մեկն այն էր, որ դյուցազունների ուժը միայն անցյալում չէ․ այն փոխանցվում է սերունդներին և ապրում է յուրաքանչյուր հայի մեջ։ Այս միտքը ամփոփվեց նաև նորագույն հերոսների՝ Զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի և Մոնթե Մելքոնյանի կերպարներով։ Բեմադրության ավարտը նվիրված էր հայ մոր կերպարին՝ որպես ազգային ոգու ակունք ու հերոսածին էություն։ Ներկայացման կազմակերպիչների համար առաջնահերթություն էր փոխանցել հստակ ուղերձ, այն է՝ հայի ուժը ձևավորվում է ընտանիքում, դաստիարակվում է մայրական սիրով և ամրապնդվում դարերով փոխանցված արժեքներով։
Ամփոփելով նշենք, որ այս բեմադրությունը ոչ միայն գեղարվեստական ներկայացում էր, այլև արժեքային դաստիարակության կարևոր քայլ՝ ուղղված երիտասարդ սերնդին՝ ճանաչելու իր ինքնությունը, պատմությունը և պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ։