Լեզուն միայն հաղորդակցման միջոց չէ․ այն աշխարհներ բացելու, մշակույթներ ճանաչելու և սեփական հնարավորությունները միջազգային հարթակում ներկայացնելու բանալի է։ Հենց այս գաղափարով էլ աշխարհի տարբեր երկրներից հազարավոր աշակերտներ ամեն տարի միավորվում են HIPPO English Language Olympiad-ի շուրջ։ HIPPO-ն այսօր համարվում է անգլերեն լեզվի ամենահեղինակավոր և լայնամասշտաբ միջազգային մրցույթներից մեկը՝ աշակերտներին հնարավորություն ընձեռելով ոչ միայն ստուգելու իրենց լեզվական գիտելիքները, այլև ձեռք բերելու միջազգային փորձ, նոր ընկերներ և վստահություն սեփական ուժերի նկատմամբ։
Այս տարի «Ուսում» դպրոցի աշակերտներն ավելի մեծ ոգևորությամբ, պատասխանատվությամբ և աշակերտների անհամեմատ մեծ թվաքանակով մասնակցեցին համաշխարհային ստուգատեսին՝ հերթական անգամ ապացուցելով, որ գիտելիքի հանդեպ ձգտումն ու աշխատասիրությունը լավագույն արդյունքների գրավականն են։
Դեռևս երկու ամիս առաջ՝ 2026 թվականի մարտի 19-22-ը, առցանց ձևաչափով անցկացվեց օլիմպիադայի հայաստանյան առաջին փուլը՝ Preliminary Round-ը, որին «Ուսում» դպրոցը դրսևորեց աննախադեպ ներգրավվածություն՝ շուրջ 242 աշակերտով։ Մասնակիցների այս տպավորիչ թիվը ոչ միայն ակտիվ ներգրավվածության, այլև դպրոցում ձևավորված կրթական առողջ միջավայրի, մրցակցային ոգու և օտար լեզուների հանդեպ հետաքրքրվածության լավագույն ապացույցն է։
Ավելի ուշ՝ ապրիլի 24-ին, կայացավ օլիմպիադայի հայաստանյան երկրորդ փուլը՝ National Finals-ը, որտեղ «Ուսում» դպրոցը ներկայացավ 32 աշակերտով։ Ուսումցիները հանդես եկան փայլուն արդյունքներով՝ արժանանալով բարձր գնահատանքի և միջազգային հաջորդ փուլերում Հայաստանը ներկայացնելու պատվին։ Ուշագրավ է վեցերորդցի Միլենա Մանուկյանի հաջողությունը։ Միջին դպրոցի սանը հաջողությամբ հաղթահարեց ազգային փուլը և իրավունք ստացավ մասնակցելու եզրափակիչ World Finals փուլին, որը կանցկացվի հոկտեմբերի 12-15-ը Իտալիայի Ասսիզի քաղաքում։
Հարկ է հիշատակել նաև տարրական դպրոցի սաներ Մարիա Գրիգորյանի և Միքայել Սահակյանի արձանագրած արդյունքները, որոնք ուսումցիներին հնարավորություն տվեցին հենց այս օրերին Վենետիկում ներկայացնելու «Ուսում» դպրոցն ու Հայաստանը Regional Qualifiers-ում։ Մեզ հետ զրույցում մրցույթի դպրոցական աշխատանքների համակարգող Ա․ Ղուկասյանը նշեց, որ այս հաջողությունները ոչ միայն հաջողություններ արձանագրած ուսուցիչներինն են (նշումը usumschool.am-ինն է՝ Հ․ Ղուկասյան, Գ․ Հարությունյան, Ն․ Ստեփանյան և Ն․ Զաքարյան), այլև ողջ դպրոցինը, և ողջ ուսումնական համայնքը մեծ հավատով ու ոգևորությամբ հետևում է նրանց հաջողություններին։
Ուրախությամբ հավելենք նաև, որ 22 ուսումցիներ հաջողությամբ հաղթահարել են օլիմպիադայի ազգային փուլը և ստացել Play-offs ծրագրին մասնակցելու հնարավորություն։ Օգոստոսին կայանալիք ամառային ճամբարի ընթացքում նրանք ևս մեկ անգամ հնարավորություն կունենան փորձելու իրենց ուժերը, զարգացնելու գիտելիքներն ու պայքարելու World Finals-ի լրացուցիչ տեղերին արժանանալու համար։