Ուսումցիների մասնակցությունն ու արձանագրած հաջողությունները HIPPO English Without Borders-ում մի քանի տարվա պատմություն ունեն։ Անցնող տարիներին մենք հասցրել ենք լսել ու հպարտանալ մեր սաների հաջողություններով, սակայն դեկտեմբերի 9-ից մեր մասնակցության պատմության մեջ գրվում է նոր էջ։ «Ուսում»-ը Global Hippo Association-ի անդամ է, ինչը նշանակում է, որ բոլոր ուսումցիներն այսուհետ հնարավորություն ունեն մասնակցելու անգլերենի հեղինակավոր ստուգատեսին ոչ թե որպես անհատներ, այլ մեր դպրոցի և Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչներ։
Hippo English Without Borders մրցույթը անգլերեն լեզվի միջազգային հեղինակավոր օլիմպիադա է, որը կազմակերպվում է 2012 թվականին հիմնադրված Global Hippo Association-ի կողմից։ Այն նպատակ ունի ընդգծել անգլերեն լեզվի իմացության կարևորությունը այն երկրների երիտասարդ սովորողների համար, որոնցում անգլերենը ուսումնական հաստատություններում դասավանդվում է, սակայն չունի ո՛չ մայրենի լեզվի, ո՛չ պաշտոնական լեզվի կարգավիճակ։
Լեզվի հանրայնացումից զատ՝ օլիմպիադան միաժամանակ նպատակ ունի խթանել գլոբալ միասնականությունը, մշակութային փոխանակումն ու համագործակցությունը։ Տարիների ընթացքում մրցույթը ընդլայնվել է՝ ընդգրկելով տասնյակ երկրներից մասնակիցների և հնարավորություն տալով սովորողներին՝ փորձելու ուժերը, զարգացնելու լեզվական հմտությունները և կապ հաստատելու աշխարհի տարբեր անկյուններից հավաքված իրենց հասակակիցների հետ բարեկամական ու ներշնչող միջավայրում։
Global Hippo Association-ի կողմից կազմակերպված անգլերեն լեզվի առաջին օլիմպիադան կայացել է 2013 թվականին՝ ներառելով շուրջ 5 000 մասնակիցների 6 երկրից, որոնցից եզրափակիչ փուլ էին հասել 43 շնորհալիները։
Ստեղծման տասնամյա հոբելյանին՝ 2023 թվականին, Hippo-ին մասնակցել է արդեն 83 295 աշակերտ 64 երկրից, որոնցից 223-ը կարողացել են հանդես գալ օլիմպիադայի եզրափակիչ փուլում։
2026-ին կայանալիք 14-րդ ստուգատեսին մեր դպրոցը մոտենում է որպես ասոցիացիայի 3209-րդ անդամ դպրոց և 73 երկրների շարքում Հայաստանի հերթական պաշտոնական ներկայացուցիչ, կարճ ասած՝ նոր կարգավիճակով և նոր հեռանկարներով։
usumschool.am-ի հետ զրույցում մրցույթում և ասոցիացիայում մեր դպրոցի դեսպան, Եվրոպական լեզուների առարկայական մեթոդմիավորման նախագահ Ա․ Ղուկասյանը նշեց, որ դպրոցներին հեղինակություն է բերում համաշխարհային մրցույթներում դիտորդի կամ անդամի կարգավիճակ ունենալը, որովհետև մի բան է հպարտանալ ուսումցիների անհատական հաջողություններով, մեկ այլ բան է մրցույթներին մասնակցել պաշտոնապես և արձանագրել թիմային և հասցեական հաջողություններ դպրոցի համար։ Մեր զրուցակիցը վստահ է, որ դպրոցի արհեստավարժ թիմին կհաջողվի պաշտոնական մասնակցության առաջին տարում ապահովել գրանցումների ավելի մեծ ցուցանիշ, իսկ եզրափակիչ փուլում՝ սպասված հաջողություն։
Հավելենք նաև, որ մեր դպրոցի պաշտոնական անդամության մասին հայտարարվեց դեկտեմբերի 9-ին Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ, որին ներկա էին մրցույթի համահիմնադիրներ Սնեժանա Միտրովիչը, Դանիել Պիաչենտին, HIPPO-ի Հայաստանի համակարգող Հերմինե Մելքոնյանը և ՀՀ շուրջ 40 դպրոցների անգլերենի ուսուցիչներ և աշակերտներ։ Հանդիսավոր արարողությանը մասնակիցների թվում էին նաև «Ուսում» դպրոցի դեսպան Ա․ Ղուկասյանը և անգլերենի ուսուցչուհի Մ․ Անդրեասյանը։