May 30, 2025
«Հաշվետու 2025» միջոցառումը՝ իրականություն
«Հաշվետու միջոցառում»․ ահա այս անունն է կրում յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին մեր դպրոցում տեղի ունեցող ամփոփիչ պարգևատրում-համերգը, որը անցնող ուսումնական տարվա ընթացքում արձանագրած հաջողությունների և առաջընթացի արժևորմանն է նվիրված։
Դպրոցի հիմնադրման 28-րդ հոբելյանին ընդառաջ շուրջ մեկուկես ժամ տևած տոնական միջոցառումը մի հարկի տակ էր հավաքել ուսումնական տարվա ընթացքում դպրոցի զարգացմանն առավելագույն չափով նպաստած մանկավարժներին, տարբեր հարթակներում հարազատ դպրոցի անունը բարձր պահած և ներդպրոցական ու հանրապետական օլիմպիադաներում իրենց հիանալի դրսևորած ուսումցիներին՝ նպատակ ունենալով վերջիններիս օրինակով քաջալերելու մյուսներին և հաջորդ տարիներին ընդլայնելու պարգևատրվողների շրջանակը։
Միջոցառման առաջին հատվածը ուսումնական տարվա մշակութային հատվածի ծաղկաքաղն էր՝ 2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վալսից մինչև ազգագրական պարեր, մայրաքաղաք Երևանին նվիրված տոնական մյուզիքլային բեմադրությունից մինչև նաիրյան հեզաճկուն նազանք։
Միջոցառման սցենարի հիմքում արդեն երկրորդ տարին անընդմեջ դրված էր անմիջականությունը, դինամիկ խոսքն ու հանդիսատեսի հետ ինտերակտիվ հաղորդակցմանը միտված անկեղծությունը։ Իսկ այս ամենը պատվով կատարեցին միջոցառման հաղորդավարները՝ իր անմիջականությամբ և արտիստիզմով փայլող չորրորդցի Արամ Նահապետյանը, իններորդցիներ Աննա Որսկանյանը, Սառա Մարտիրոսյանը, Աննա Գալստյանը, Աշակերտական խորհրդի նախագահ Արևիկ Քոսյանը, ավագ դպրոցի շրջանավարտներ Ստեփան Ստեփանյանը և Աննա Դավթյանը։
Միջոցառման առաջին հատվածում մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց դպրոցի տնօրեն Ս․ Թամարյանը, ով նշեց, որ հաջողությամբ ավարտին հասցվեց 2025-2026 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը, ապա համոզմունք հայտնեց, որ հաջորդ տարիներին մենք շարունակաբար ավելացնելու ենք մեր ջանքերը «Ուսում»-ն ընտրած աշակերտների գիտելիքահեն սպասելիքներն արդարացնելու համար։
Միջոցառման երկրորդ հատվածը, ինչպես իր խոսքում նշեց Աշակերտական խորհրդի նախագահ Արևիկ Քոսյանը, «գարնանային բերքահավաքին» էր նվիրված, ասել է թե՝ տարվա ընթացքում իրենց լավագույնս դրսևորած և մրցույթներում ու օլիմպիադաներում փայլած 106 ուսումցիների և նրանց դասավանդած մանկավարժների պարգևատրմանը։ Հավելենք նաև, որ շատ ուսումցիներ իրենց կարողությունները փորձել, հաջողել և դիպլոմների կամ գովասանագրերի էին արժանացել մեկից ավելի առարկաներից, ինչն իհարկե նրանց բազմակողմանի զարգացման դրսևորումն է։
Թերևս, սխալված չենք լինի, եթե նշենք, որ միջոցառման ամենասպասված ու ամենաէմոցիոնալ պահը վերջնամասն էր, երբ բեմ բարձրացան «Արժանապատիվ ուսումցի» կոչման հերթական հաղթող տասներորդցի Նարեկ Խաչատրյանը, «Ուսում» դպրոցի անվանական «Ոսկե մեդալ»-ի արժանացած շրջանավարտներ Լուսինե Թամարյանը, Զավեն Վարդանյանը, Նատալի Մանուկյանը, «Աշխարհագրություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի հաղթող Վահե Մակարյանը։
Ամփոփելով միջոցառումը՝ դպրոցի տնօրեն Ս․ Թամարյանը վստահություն հայտնեց, որ հաջորդ տարի մենք ավելի շատ անուններ ու ավելի երկար ծափահարություններ ենք լսելու, որովհետև անհնար է նայել բեմում կանգնած այս աշակերտներին ու չոգևորվել նրանց օրինակով։