Ուսումնական անցուդարձ

Sep 20, 2026

Տասներորդցիները՝ ամենամշակութային Շիրակում

 

Արտագնա այցելությունները մեր դպրոցի ուսումնաճանաչողական գործընթացի անբաժանելի մասն են։ Օրերս 10-րդ դասարանի աշակերտներն ուսումնական-ճանաչողական այցի շրջանակներում եղան Շիրակի մարզում՝ հնարավորություն ունենալով մեկ օրվա ընթացքում հաղորդակից դառնալ մարզի պատմամշակութային ժառանգության, հոգևոր արժեքների և ազգային կերպարվեստի կարևոր էջերին։

Այցը սկսվեց Հառիճավանքից՝ Շիրակի մարզի Հառիճ գյուղում գտնվող պատմական վանական համալիրից։ Հառիճավանքը ձևավորվել է դեռևս վաղ միջնադարում և դարերի ընթացքում եղել է ոչ միայն հոգևոր, այլև կրթամշակութային կարևոր կենտրոն։ Համալիրի հնագույն կառույցը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը թվագրվում է 7-րդ դարով։ Վանքի գլխավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 13-րդ դարի սկզբին՝ Զաքարե ամիրսպասալարի հովանավորությամբ և ավարտին է հասցվել 1201 թվականին։ Հառիճավանքում դեռևս վաղ ժամանակներից գործել է դպրոց, որտեղ ընդօրինակվել են ձեռագիր մատյաններ։ Դարերի ընթացքում այստեղ ձևավորված կրթական ավանդույթը վանքը դարձրել է հայ հոգևոր և կրթական կյանքի կարևոր կենտրոններից մեկը։

Աշակերտների հաջորդ կանգառը Մարմաշենի վանական համալիրն էր։ Ախուրյան գետի ձախ ափին գտնվող Մարմաշենը հայկական միջնադարյան ճարտարապետության արժեքավոր հուշարձանախումբ է։ Համալիրի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 988–1029 թվականներին՝ իշխան Վահրամ Պահլավունու նախաձեռնությամբ՝ Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում։ Վանքը հետագայում տուժել է սելջուկյան արշավանքների հետևանքով, իսկ 1225 թվականին վերանորոգվել է Վահրամ Պահլավունու թոռների՝ Գրիգոր արքեպիսկոպոսի և Ղարիբի կողմից։ Մարմաշենը դարերի ընթացքում պահպանել է իր նշանակությունը որպես կրոնական և մշակութային կենտրոն և այսօր էլ համարվում է Շիրակի կարևոր պատմաճարտարապետական հուշարձաններից մեկը։

Ճանապարհորդության հաջորդ և ամենաարվեստոտ կանգառը Ջաջուռ գյուղն էր, որտեղ աշակերտներն այցելեցին մեծանուն հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան։ Աշակերտները թանգարանում ծանոթացան 20-րդ դարի երկրորդ կեսի հայ գեղանկարչության նշանավոր ներկայացուցիչներից մեկի ստեղծագործություններին բնորոշ գունային ինքնատիպ լուծումներին, հայրենի բնության և հայկական գյուղաշխարհի յուրահատուկ պատկերումներին, գեղանկարչության, գրաֆիկայի, բեմանկարչության և որմնանկարչության ոլորտներում հավասարապես հաջողելու ֆանտաստիկ տաղանդին։

Նշենք, որ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը Ջաջուռում հիմնադրվել է 1982 թվականին։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով շենքը ավերվել է, իսկ հետագայում վերակառուցվել և վերաբացվել է՝ իր հավաքածուում ներառելով նաև նկարչի երևանյան արվեստանոցի աշխատանքները։ Թանգարանում այսօր ներկայացված են Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունները, անձնական իրերն ու արվեստանոցի հավաքածուից աշխատանքներ։

Ջաջուռում գտնվելը աշակերտների համար հնարավորություն էր ոչ միայն ծանոթանալու նկարչի կենսագրությանը և ստեղծագործական ժառանգությանը, այլև հասկանալու այն միջավայրի նշանակությունը, որը ձևավորել է Մինաս Ավետիսյանի աշխարհընկալումն ու արվեստը։

Այցի եզրափակիչ հատվածն անցկացվեց Գյումրիում։ Աշակերտները հետևեցին Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվող «Ջրաներկի փառատոնին»՝ հաղորդակից դառնալով քաղաքի մշակութային կյանքին և արվեստային միջավայրին։

Այսպիսով, 10-րդ դասարանի աշակերտների այցը համատեղեց պատմությունը, հոգևոր մշակույթը, ճարտարապետությունը և կերպարվեստը։ Հառիճավանքի և Մարմաշենի միջնադարյան վանական համալիրները, Ջաջուռում Մինաս Ավետիսյանի ստեղծագործական ժառանգությունը և Գյումրիի ժամանակակից մշակութային կյանքը հնարավորություն տվեցին աշակերտներին պատմամշակութային արժեքները ճանաչել ոչ միայն դասագրքերից, այլև անմիջականորեն՝ այցելելով այդ վայրերը և հաղորդակցվելով դրանց կենդանի պատմությանը։ Այցը կարևոր քայլ էր աշակերտների ճանաչողական և մշակութային զարգացման, հայրենիքի պատմության ու ժառանգության նկատմամբ հետաքրքրության խորացման և ազգային արժեքների արժևորման ուղղությամբ։