Գարնան գալուստը տարբեր ժողովուրդների մշակույթներում վաղուց է կապվել կյանքի վերածննդի, պտղաբերության և կնոջ ստեղծարար ուժի հետ։ Դեռ հին ժամանակներում մայրության գաղափարը սրբացվել է տարբեր հավատալիքներում ու պաշտամունքներում․ հին աշխարհում մեծարվել են պտղաբերության և մայրության աստվածուհիները, իսկ հայկական մշակութային միջավայրում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Անահիտ աստվածուհու պաշտամունքը՝ որպես մայրության ու կենսատու ուժի խորհրդանիշ։ Եվ ասել, որ հայ հասարակության մեջ կինը արժանիորեն գնահատված կերպար է եղել, կնշանակի ոչինչ չասել։ Թերևս, կնոջ կերպարի մեծարման դրսևորում է նաև այն, որ հեթանոս հայերն իրենց հեթանոսական դիցարանում չէին բավարարվել միայն Ոսկեմայր Անահիտի կերպարով ու առանձնահատուկ պաշտամունքի էին արժանացրել նաև ընտանիքի ու օջախի աստվածուհուն՝ Նանեին։
Ժամանակի ընթացքում մայրության գաղափարը ձեռք է բերում նաև հասարակական ու իրավական նշանակություն։ 20-րդ դարի սկզբին Եվրոպայում և Ամերիկայում ձևավորվում են կանանց իրավունքների պաշտպանության շարժումներ, որոնք պահանջում էին հավասար աշխատանքային պայմաններ, ընտրական իրավունք և սոցիալական պաշտպանություն։ 1910 թվականին Կոպենհագենում կայացած կանանց միջազգային համաժողովում առաջարկվում է սահմանել Կանանց միջազգային օր։ 1911 թվականին այն առաջին անգամ նշվում է մի շարք եվրոպական երկրներում, իսկ 1975 թվականին մարտի 8-ը մտնում է ՄԱԿ-ի տոնացույց՝ որպես Կանանց տոն։
Հայաստանում մարտի 8-ը պետականորեն նշվում է որպես Կանանց միջազգային օր, իսկ 1995 թվականից ապրիլի 7ը սահմանվում է որպես Մայրության և գեղեցկության տոն։ Այսպիսով, մեր երկրում մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը ձևավորվում է կանանց մեծարման մի ամբողջ ամիս, որը խորհրդանշում է ոչ միայն կնոջ հասարակական դերը, այլև մայրության բացառիկ նշանակությունը ընտանիքում և ազգի շարունակականության մեջ։
Հայկական մշակույթում «մայր» հասկացությունը վաղուց դուրս է եկել կենսաբանական սահմաններից և դարձել ազգային ինքնության մաս։ Մենք ասում ենք՝ մայր հայրենիք, մայրենի լեզու, մայր եկեղեցի՝ ընդգծելով այն սկզբնաղբյուրը, որից սնվում է մեր գոյությունը։ Մայրական կերպարը հայ գրականության և արվեստի առանցքային թեմաներից է եղել բոլոր ժամանակներում՝ մարմնավորելով զոհողություն, համբերություն և անսահման սեր։
Այս պատմական և արժեհամակարգային համատեքստում է պետք դիտարկել այսօր վեցերորդցիների մատուցած գրական-երաժշտական ներկայացումը՝ «Աշխարհի գարունը մայրական սիրտն է» խորագրով։
Միջոցառումը սկսվում էր խորհրդանշական մտքով, այն է՝ Աստված չէր կարող լինել ամենուր և դրա համար էլ ստեղծեց մայրերին։ Բեմում հնչող խոսքը աստիճանաբար բացահայտում էր «մայր» բառի բազմաշերտ խորհուրդը՝ որպես կյանքի սկիզբ, արմատ և գոյության ճանապարհ։ Երեխաների մեկնաբանությամբ հասկացությունը դուրս էր գալիս ընտանեկան շրջանակից ու դառնում համամարդկային արժեք՝ կրոն ու ազգ չճանաչող։
Օրորոցայինի մեղմ հնչյունների ներքո ուսումցիները ներկայացրին սերնդափոխության գաղափարը․ մոր և տատի երկխոսությունը հարթում էր իրական մայրության ոչ իդեալական, բայց անսահման սիրով լեցուն ճանապարհը։ Բեմադրությունը շեշտում էր այն միտքը, որ մայրությունը կատարյալ լինելու պահանջ չէ, այլ ապրելու և սիրելու մշտական ընտրություն։
Միջոցառման կարևոր գաղափարական առանցքներից էր մայրության և գարնան համեմատությունը։ Աշակերտների խոսքում գարունը դառնում էր կյանքի, հույսի և վերածննդի խորհրդանիշ, իսկ մայրական սերը՝ այդ վերածննդի իրական ուժը։ Պարային «Ծառ» բեմադրությունը խորհրդանշում էր արմատների, սերնդի շարունակության և ծաղկման գաղափարը։ Ընտանեկան տեսարանը, որտեղ ծնողները իրենց մատանիներն էին զոհաբերում որդու ապագայի համար, միջոցառման ամենահուզիչ պահերից մեկն էր, որն ընդգծում էր ծնողական անձնազոհ սերը, որը գոյություն ունի առանց բարձրաձայն հայտարարությունների։
«Աշխարհի գարունը մայրական սիրտն է» բեմադրությունը ոչ միայն ավետում էր գարնան գալուստն ու զգացմունքների զարթոնքը, այլև տալիս էր արժեքների վերարժևորման հնարավորություն՝ հիշեցնելով, որ մայրական սերն է այն ուժը, որը պահպանում է ընտանիքը, ձևավորում մարդուն և շարունակականություն տալիս կյանքին։