Մարդկության պատմության ընթացքում երջանկության որոնումը եղել է մշտական ու համընդհանուր ձգտում։ Այսօր, երբ ապրում ենք արագ զարգացող տեխնոլոգիաների դարաշրջանում, որտեղ արհեստական բանականություն-ը դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը, առավել քան երբևէ առաջ է գալիս մի կարևոր հարց․ արդյո՞ք տեխնոլոգիական առաջընթացը կարող է մեզ իրական երջանկություն պարգևել։
Մարդկության պատմության ամենամեծ նվաճումներից մեկը՝ արհեստական բանականությունը, այսօր դարձել է մեր իրականության անբաժանելի մասը՝ սողոսկելով ու նվաճելով մեր առօրյան, աշխատավայրը, կրթական համակարգը։ Այն օգնում է, արագացնում, հաշվարկում, լուծում խնդիրներ՝ հաճախ նույնիսկ մեզանից արագ ու ճշգրիտ։ Սակայն կա մի ոլորտ, որտեղ անգամ ամենախելացի համակարգերը կանգ են առնում անզոր՝ մարդկային զգացմունքների աշխարհը։ Եվ հենց այստեղ է սկսվում երջանկության որոնման ամենաբարդ ու ամենագեղեցիկ ճանապարհը։
Երջանկության ընկալումները տարբեր դարերում տարբեր են եղել՝ կախված մշակույթից, արժեքներից ու մարդկային փորձից, սակայն դրանց հիմքում միշտ մնացել է մարդը՝ իր զգացմունքներով, հարաբերություններով և ներաշխարհով։ Խորհրդանշական է, որ հենց այսօր՝ Երջանկության միջազգային օրը, «Ուսում» դպրոցի երրորդցիները բեմ էին բարձրացել երջանկության որոնումների իրենց աշխարհ տանելու համար։
Այսօր «Ուսում» դպրոցի բեմում ապագան էր՝ 2053 թվականը, որտեղ ամեն ինչ կա՝ տեխնոլոգիա, հարմարավետություն, կարգավորված առօրյա ու ընտանիքի հոգսը կիսող «Մետա Լոգոս»-ը, ռոբոտ, որը կատարում է ամեն ինչ՝ առանց սխալի, առանց հոգնելու, առանց դադարի ու հակառակվելու։ Բայց այդ կատարելության մեջ մի բան բացակայում է։ Տունը լի է սարքերով, բայց դատարկ է զգացմունքներից։ Խոսքերը կան, բայց ջերմությունը՝ ոչ։ Մարդիկ կողք կողքի են, բայց հեռու են իրարից։
Հենց այստեղ է, որ բեմադրության ամենախորքային կերպարը՝ «Մետա Լոգոս»-ը, դառնում է ոչ թե պարզապես ռոբոտ, այլ յուրատեսակ հայելի։ Նա չի զգում, չի ապրում, չի սիրում… բայց տեսնում է։ Տեսնում է այն, ինչ մարդիկ երբեմն մոռանում են տեսնել՝ իրենց սեփական սառնությունն ու հեռավորությունը։ Նրա անզգացմունք, բայց ճշգրիտ վերլուծությունը հնչում է գրեթե դատավճռի պես․ «չի արձանագրվում… երջանկություն»։
Եվ հենց այդ «չզգացող» էակը դառնում է այն ուղեցույցը, որը մարդկանց վերադարձնում է ապրումակցման, զգացողությունների արթնության ու երջանկությունը դետալներում փնտրելու գիտակցմանը։ Նրա առաջարկած ժամանակային ճամփորդությունը ներկայանում է ոչ թե որպես գիտական փորձ կամ ժամանակի մեքենայով կատարվող մետաֆիզիկական ֆենոմեն, այլ որպես հոգևոր վերածնունդ։
Հին Հունաստանում Արիստոտելի հետ հանդիպումը բացում է մի պարզ, բայց խորը ճշմարտություն․ երջանկությունը պատահական զգացում չէ, այլ գիտակցված ընտրություն։ Արիստոտելին ու անտիկ աշխարհի լեգենդներին հանդիպող ընտանիքի մոտ սկսվում է երջանկության այսրոպեականության գիտակցումը․ երջանկությունը կարող է ծնվել ամենատարբեր վայրերում՝ աշխատանքի մեջ, ստեղծագործության տողերի տակ, բանաստեղծությունների հանգերում, խղճի խաղաղության մեջ։
Ուսումցիները կիսում էին կոնֆուցիականության այն միտքը, որ երջանկությունը փնտրելի ու նվաճելի արժեք չէ, այն էլ՝ հեռուներում․ այն մեր կողքին է հաճախ, կառուցվում է ամեն օր՝ փոքր ուշադրությունով, սիրով ու հարգանքով։
Բեմադրության հաջորդ դրվագում միջնադարյան Հայաստանն էր՝ նարեկացիական խորհրդավորությամբ ու տիեզերականությամբ, որտեղ երջանկությունը ոչ թե բառերի, այլ լռության, խորության ու ներքին լույսի մեջ էր։ Այստեղ երջանկության ամենաիրական ընկալումն է, երբ երջանկությունը դադարում է արտաքին լինել և դառնում է հոգու վիճակ՝ ներում, կարեկցանք, խղճմտանք, սեր ու հավատ։
Անցյալում հայտնված ընտանիքն ի վերջո վերադառնում է իրեն հարազատ եղած ու հիմա արդեն խորթացած 2053 թվական, որտեղ նույն տունն է, նույն պատերը, նույն տեխնոլոգիաները, բայց փոխվել են մարդիկ։ Նրանք սկսում են տեսնել միմյանց, լսել միմյանց, զգալ միմյանց։ Եվ այդ պահին տունը դադարում է լինել պարզապես «լավ ծրագրավորված տարածք» կամ հասցե ու դառնում է անկյուն, որտեղ ձգտում են դպրոցից կամ աշխատանքից հետո։
Ավելին, Ռոբոտը, որը ամբողջ ընթացքում չի զգացել ոչինչ, հանկարծ խոսում է մարդու մասին՝ հիացմունքով, գրեթե՝ նախանձով։ Նա պատմում է ուրախության արցունքների, մայրական սիրո, վերադարձի սպասման, պարզ «ես քեզ սիրում եմ»-ի մասին։ Այդ պահին պարզ է դառնում ամենակարևորը․ ռոբոտը ճանաչում է երջանկությունը, բայց չի զգում․ մարդիկ՝ հակառակը․․․ Եվ գուցե հենց դրա համար է նրա խոսքը այդքան հուզիչ․ որովհետև այն գալիս է մեկից, ով չունի այն, ինչ մենք հաճախ չենք գնահատում։
«Երջանկության ալգորիթմը չի գրվում ծրագրերով։ Այն գրվում է սրտերով», - ասաց Մետա Լոգոսը։
Երջանի՛կ եղեք, մարդի՛կ․․․