Մշակութային անցուդարձ

Mar 19, 2026

1976-ից՝ մեր օրեր․ «Գտնված երազը»՝ մեր բեմում


Բոլորիս մանկության հիշողություններում իր ուրույն տեղն ունի հայկական անիմացիայի գոհարներից մեկը՝ «Գտնված երազը»։ Հայկական ամենահայտնի և սիրված «Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակները ֆիլմը ստեղծելիս մեծապես ոգեշնչվել են Ուոլտ Դիեսնեյի աշխատանքներից: Այդ մասին Նյու Յորքի կինոյի միջազգային ինստիտուտի (International Film Institute of New York) հետ հարցազրույցում ասել է մուլտֆիլմի ռեժիսոր և բեմադրող նկարիչ Հովիկ Դիլաքյանը: «Գտնված երազ»-ը մի փոքրիկ աղջկա մասին է, ով կարողանում է քայլել նկարների միջով և իր ճանապարհին բացահայտել նոր աշխարհներ, նոր կերպարներ: Դիլաքյան եղբայրների հեղինակած մուլտֆիլմը ԽՍՀՄ էկրաններ է բարձրացել 1976 թվականին։ «Գտնված երազի» շարժվող աղջիկը սկսել է խոսել Հռիփսիմե Կիրակոսյանի ձայնով, պապիկը՝ Էդգար Էլբակյանի, իսկ ծերուկին հնչյունավորել է Ֆրունզիկ Մկրտչյանը։

Հեռավոր 1976 թվականին էկրանավորված այս մուլտիպլիկացիան, որը հավասարապես ասելիք ունի ինչպես մանուկներին, այնպես էլ մեծահասակներին, այսօր 50 տարեկան է։ Եվ իր կեսդարյա հոբելյանի առթիվ այն «Ուսում»-ի բեմում էր՝ մի փոքր վերափոխվա, բայց մոտիվացիոն ու խոհափիլիսոփայական հիմքը պահպանած։

Ներկայացման կենտրոնում փոքրիկ Վիկտորիան էր, որը, ինչպես մուլտֆիլմի հերոսուհին, երազում էր բացահայտել մի աշխարհ, որն իրեն դեռ անհասանելի էր՝ գրքերի աշխարհը։ Նրա և պապիկի ջերմ զրույցը դարձավ բեմադրության հուզիչ մեկնակետը՝ մանկական պարզ երազանքն ու մեծի սիրառատ հոգատարությունը միավորելով մեկ պատկերում։ Պապիկի «կորցրած քնի» մոտիվը մեր բեմում ևս ստացավ խորքային իմաստ՝ դառնալով ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր հանգստության խորհրդանիշ։

Երազային տեսարանում թիթեռները, ինչպես մուլտֆիլմում, հանդես են գալիս որպես ուղեցույցներ՝ տանելով աղջկան դեպի իր նպատակին հասնելու ճանապարհը։ Սակայն բեմադրության մեջ այդ ճանապարհը ստանում է նոր բովանդակություն․ այն տանում է ոչ թե պարզապես իմաստի որոնման, այլ գիտելիքի բացահայտման։

Սնդուկի մեջ գտնված «ոսկե բանալին»՝ Այբբենարանը, սկզբում հիասթափություն է առաջացնում, սակայն աստիճանաբար վերածվում է ամենամեծ հայտնության։ Դպրոցականների հետ հանդիպումը, նրանց պարզ ու անկեղծ բացատրությունները, ինչպես նաև պատմական դրվագը՝ հայոց գրերի ստեղծման մասին, բացում են մի ամբողջ աշխարհ՝ գիտելիքի, մշակույթի և ինքնության։

Այս հատվածում կենդանանում են Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և Վռամշապուհի կերպարները՝ հանդիսատեսին տեղափոխելով պատմական մի ժամանակաշրջան, որտեղ ծնվում է հայոց այբուբենը՝ որպես ժողովրդի հավերժության գրավական։ Վիկտորիայի համար այս ամենը դառնում է շրջադարձային․ նա հասկանում է, որ իր որոնած «ոսկե բանալին» իրականում հենց այն գիրքն է, որը սովորեցնում է կարդալ, մտածել, հասկանալ աշխարհը։

Ներկայացման ավարտին, ինչպես մուլտֆիլմում, վերադառնալու պահը լի է ջերմությամբ ու նոր իմաստով։ Աղջիկը արդեն այլ է՝ գիտելիքի ճանապարհը բռնած, վստահ ու ոգևորված։ Պապիկի հետ հանդիպումը վերածվում է ոչ միայն վերամիավորման, այլև բացահայտման պահի․ նրա «կորած քունը» վերադառնում է այնտեղ, որտեղ ծագում է ապագան՝ երեխայի առաջին քայլերի, սովորելու ցանկության և լուսավոր ճանապարհի մեջ։

Ամփոփելով նշենք, որ «Գտնված երազը» բեմադրությունը դարձավ գեղեցիկ կամուրջ դասական մուլտֆիլմի և ժամանակակից կրթական գաղափարի միջև։ Այն ևս մեկ անգամ հիշեցրեց, որ երազանքները իրականանում են, երբ հանդիպում են գիտելիքին, իսկ ամենակարևոր բանալիները հաճախ թաքնված են ամենապարզ բաների մեջ։