Ուսումնական անցուդարձ

Feb 06, 2026

Բարեկենդանը, ուսումցիներն ու դիմակագործությունը

Թանգարանային կրթությունը ժամանակակից ուսումնական գործընթացի կարևոր բաղադրիչներից է, քանի որ այն հնարավորություն է տալիս սովորողներին գիտելիք ձեռք բերելիս չբավարարվել միայն դասագրքով, այլ նաև իրական մշակութային միջավայրում առնչվել այն ամենին, ինչի շուրջ կառուցվել է գիտելիքի պաշարը։ Այս առումով թանգարանը տարածական իմաստով հանդես է գալիս որպես «կենդանի դասարան», որտեղ պատմությունը, արվեստը և ժողովրդական արժեքները ներկայացվում են տեսանելի, շոշափելի և հասկանալի ձևով։ Նման կրթական այցելությունները նպաստում են աշակերտների աշխարհայացքի ընդլայնմանը, զարգացնում են դիտողականությունն ու վերլուծական մտածողությունը, ինչպես նաև օգնում են ձևավորելու մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված պատասխանատվության զգացում։

Այս ակնկալիքով մեր դպրոցի վեցերորդցիների հերթական ուսումնական-ճանաչողական այցի հասցեն Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանն էր, որը հանդիսանում է հայկական մշակույթի, ավանդական ձեռագործ արվեստի և ազգային ինքնության պահպանման կարևորագույն կենտրոններից մեկը։ Այցի նպատակն էր ոչ միայն ծանոթացնել աշակերտներին ժողովրդական արվեստի նմուշներին, այլև օգնել նրանց հասկանալու, թե ինչպես է դարերի ընթացքում ձևավորվել և պահպանվել հայ ժողովրդի մշակութային մտածողությունը։

Ժողովրդական արվեստների թանգարանի ստեղծման գաղափարը սկիզբ է առել դեռևս 20-րդ դարի առաջին կեսից, երբ տարբեր մշակութաբաններ և արվեստագետներ սկսել են հավաքել Հայաստանի տարբեր շրջաններից եկող կիրառական արվեստի նմուշներ։ Պաշտոնապես թանգարանը հիմնադրվել է 1978 թվականին և այսօր կրում է արվեստաբան, մշակույթի նվիրյալ Հովհաննես Շարամբեյանի անունը։ Թանգարանի հավաքածուն ներառում է հազարավոր ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են հայկական ժողովրդական արվեստի բազմազան ճյուղերը՝ գորգագործություն, ասեղնագործություն, փայտագործություն, մետաղագործություն, խեցեգործություն, կաշեգործություն և դեկորատիվ-կիրառական արվեստի այլ ուղղություններ։ Յուրաքանչյուր ցուցանմուշ ոչ միայն գեղարվեստական արժեք ունի, այլև պատմում է տվյալ ժամանակաշրջանի մարդկանց ապրելակերպի, հավատալիքների, մտածողության ու գեղագիտական ճաշակի մասին։

Թանգարանում շրջայցի ընթացքում աշակերտները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին ցուցադրությունները, նկատեցին զարդանախշերի բազմազանությունը, գույների խորհրդանշական կիրառությունը և ձեռքի աշխատանքի նրբությունն ու ճշգրտությունը։ Նրանց համար հատկապես ուսանելի էր տեսնել, թե ինչպես են սովորական առօրյա իրերը, այդ թվում՝ գորգերը, հագուստի տարրերը, սպասքը կամ զարդերը ներկայանում որպես արվեստի գործեր։ Երեխաների համար, թերևս, տպավորիչ էր այն բացահայտումը, որ արվեստը միայն նկարն ու քանդակը չեն, այլ նաև մարդու առօրյա կյանքի մի մաս հանդիսացող ամենապարզ կենցաղային իրերը։

Այցը նաև կարևոր կիրառական նշանակություն ունեցավ, քանի որ իրականացվել էր Բարեկենդանի տոնակատարությանը նվիրված կրթական ծրագրի շրջանակներում։ Ծիսական տոնակատարությունների շարքում Բարեկենդանն առանձնանում է իր զվարճալի խաղերով ու թատերական ներկայացումներով, ինչով էլ, թերևս, բացատրվում էր կրթական ծրագրի ընտրությունը։

Ասում են՝ ամենաիսկական Բարեկենդանի երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը թափով բացվում էր և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացանում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե: Այս ավանդույթը կենդանի պահելու ու Բարեկենդանի խինդը թանգարան բերելու համար Ժողովրդական արվեստների թանգարանն ուսումցիների և կրթական ծրագրի մյուս մասնակիցների համար առաջարկում է դիմակների պատրաստման զվարճալի ու ստեղծագործ ծրագիրը։

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ Ժողովրդական արվեստների թանգարան այցելությունը, անկախ կրթական ծրագրից, ոչ միայն հետաքրքիր էքսկուրսիոն ուղղություն է, այլև խորը գործնական փորձառություն, առերեսում սեփական մշակույթի և մշակույթով շնչող կենցաղի հետ։ Այն ևս մեկ անգամ ապացուցում է, որ թանգարանային կրթությունը արդյունավետ միջոց է սովորողի մոտ գիտելիքը, արժեքն ու փորձառությունը միավորելու համար՝ ձևավորելով մշակույթը գնահատող, մտածող և իր ազգային ժառանգությանը հաղորդակից սերունդ։