ԴԻՄՈՐԴ

Apr 26, 2026

Վեցերորդ անգամ՝ «Ծաղկահավաք»-ի կողքին

Նոր կյանք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին խոնարհված ծաղիկներին․ հենց սա է «ԱՐԱԼԵԶ» բարեգործական ՀԿ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ կազմակերպվող ամենամյա «Ծաղկահավաք»-ի նպատակը, որն այս տարի ևս անցավ մեծ մասնակցության և հետաքրքրության մթնոլորտում։

Ուսումցի աշխորհրդականներն, ովքեր նախաձեռնության շարքերում են արդեն վեցերորդ տարին անընդմեջ, այս անգամ ևս ի թիվ երեք հազար երիտասարդների՝ իրենց նպաստը բերեցին խորհրդանշական էկումենիկ-բնապահպանական նախաձեռնության կենսագործմանը։

Նախաձեռնությունը, որն ավելի քան մեկ տասնամյակի վաղեմություն ունի, ժամանակի ընթացքում վերափոխվել է։ Եթե նախկինում՝ մոտ տասը տարի առաջ, անմար կրակի մոտ խոնարհված ծաղիկներն այրվում էին, ապա ժամանակի ընթացքում ձևավորվեց նոր մոտեցում, որի հիմքում ընկած էր ոչ միայն բնապահպանական, այլև խորքային խորհրդանշական գաղափար։ Այսօր այդ ծաղիկները վերամշակվում են՝ ստանալով «երկրորդ կյանք» և շարունակելով իրենց պատմական առաքելությունը։

Մեզ հետ զրուցում Աշակերտական խորհրդի նախագահ Ս․ Մարտիրոսյանը նշեց, որ այս տարի նախաձեռնությունն ավելի համակարգված բնույթ ուներ։ Մեր զրուցակցի խոսքով՝ տարեցտարի ներգրավված երիտասարդները ավելի գիտակից են դառնում ու հասկանում են, թե ուր են գալիս։

Նախաձեռնության ընթացքում վաղ առավոտից մինչև երեկո ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկները հավաքվում են, դրանց ծաղկաթերթերն անջատվում են ցողունից։ Ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար: Իսկ ծաղիկների մնացած մասերով պատրաստվում է պարարտախառնուրդ: Ծաղկահավաքին զուգահեռ իրականացվում է թղթի վերամշակման գործընթաց:

Աշակերտական խորհրդի փոխնախագահ Նարեկ Խաչատրյանը նշեց, որ որպես նախաձեռնության հավատարիմ մասնակիցների՝ այս տարի իրենք ևս հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալու և մասնակցելու թղթի վերամշակմանը և փորձեցին 2-րդ կյանք տալ ծաղկաթերթերին։

Կազմակերպիչների խոսքով՝ ծաղկաթերթիկներից ստացված թղթերը դառնում են յուրատեսակ «դեսպաններ», քանի որ հետագայում դրանց վրա ձեռագրով գրվում է Հայոց ցեղասպանության մասին և ուղարկվում տարբեր երկրներ՝ տարածելով պատմական հիշողությունը։

Նախաձեռնությունն ամեն տարի զարգանում է՝ ներառելով նոր գաղափարներ։ Արդեն երրորդ տարին է, ինչ կարմիր ժապավենի վրա ծաղկաթերթիկներով հավաքվում է հայկական տարազի գոգնոցային հատվածի նախշազարդը։ Բացի այդ, վարդերի ցողունների մի մասն էլ տնկվում է, և հետագայում, աճելուց հետո, տեղափոխվում ու վերատնկվում է Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ ապահովելով հիշողության շարունակականությունը նաև այլ խորհրդանշական վայրերում։

Այսպիսով, «Ծաղկահավաք»-ը ձևավորվել է որպես ժամանակակից ավանդույթ, որը միավորում է հիշողությունը, վերածնունդը և պատասխանատու վերաբերմունքը բնության նկատմամբ՝ վերածելով խոնարհված ծաղիկները շարունակական կյանքի խորհրդանիշի։