Ժամանակակից անկախ դպրոցներում ընդունելության գործընթացը վաղուց արդեն սահմանափակված չէ միայն գիտելիքների ստուգմամբ։ Այն բազմակողմանի գնահատման համակարգ է, որի նպատակն է բացահայտել սովորողի ակադեմիական պատրաստվածությունը, մտածողության առանձնահատկությունները, հաղորդակցական հմտություններն ու կրթական միջավայրին հարմարվելու ներուժը։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ձևավորել կրթական համայնք, որտեղ յուրաքանչյուր աշակերտ ստանում է իր կարողություններին համապատասխան զարգացման հնարավորություն։
Այս սկզբունքով են արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպվում նաև «Ուսում» դպրոցի ընդունելության և թափուր տեղերի համալրման գործընթացները։ Այս օրերին դպրոցում ընթանում է 2026-2027 ուսումնական տարվա տարրական և միջին դպրոցի (2-9-րդ դասարաններ) սովորողների թափուր տեղերի համալրման մրցույթը։
Հունիսի 9-10-ը դպրոցում անցկացված ընդունելության առաջին փուլին մասնակցություն ունեցան տարբեր դասարանական շրջանակների ավելի քան հարյուր դիմորդներ։ Գործընթացի կազմակերպման, թեստավորման իրականացման, ստուգումների և հարցազրուցային փուլի աշխատանքներում ներգրավված է մանկավարժահոգեբանական և վարչական անձնակազմի շուրջ երեք տասնյակ մասնագետ։
Գիտելիքների ստուգումն իրականացվում է չորս առարկաներից՝ մայրենի, մաթեմատիկա, ռուսաց լեզու և անգլերեն։ Ընդունելության գործընթացի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ գիտելիքների ստուգմանը մասնակցելը դեռևս չի ենթադրում պարտադիր ընդունելություն։ Այստեղ դիմորդները պետք է պայքարեն հնարավորինս լավ արդյունքներ արձանագրելու և հմտությունների դրսևորման տեսանկյունից։
Գրավոր փուլի արդյունքների առաջին ամփոփումը նախատեսված է հունիսի 12-ին, որի վերաբերյալ դիմորդներն ու նրանց ծնողները կծանուցվեն էլեկտրոնային նամակով։ Դրանից հետո հաջորդ փուլ անցած թեկնածուները կմասնակցեն հարցազրույցի, որի ընթացքում կգնահատվեն նրանց հաղորդակցական կարողությունները, մոտիվացիան, կրթական հետաքրքրություններն ու դպրոցի միջավայրին ինտեգրվելու պատրաստակամությունը։
Ընդունելության գործընթացի կազմակերպիչները վստահ են, որ տարեցտարի լավարկվող գործընթացով «Ուսում» դպրոցը շարունակում է իր կրթական առաքելությունը՝ ձևավորելով բարձր ակադեմիական չափանիշների, պատասխանատվության, շարունակական զարգացման և հոգատարության մշակույթ։ Ընդունելության գործընթացը ևս այդ փիլիսոփայության կարևոր բաղադրիչներից է՝ ուղղված յուրաքանչյուր սովորողի ներուժի բացահայտմանն ու նրա հետագա կրթական առաջընթացի ապահովմանը։