Մշակութային անցուդարձ

Apr 17, 2026

Ծանոթ ու անծանոթ հայրենիքի հետքերով

Գաղտնիք չէ, որ մեր պատմությունը հիմնված է մեր ժողովրդի հարատևության գաղափարի վրա։ Հայ ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովուրդներից է, որի պատմությունը սկիզբ է առնում հազարամյակների խորքից։ Դարերի ընթացքում Հայաստանը եղել է հզոր պետություն՝ ձգվելով Կասպից ծովից մինչև Միջերկրական, Սև ծովից մինչև Միջագետքի հյուսիս։ Այս հողում են ձևավորվել մեր մշակույթը, լեզուն և ազգային ինքնությունը, որոնք դարձել են մեր գոյության հիմքը։

Պատմության բարդ ու երբեմն ողբերգական շրջադարձերի արդյունքում հայրենիքի սահմանները փոփոխվել են, սակայն երբեք չի փոխվել հայ ժողովրդի ոգին, աշխարհընկալումը և մշակութաստեղծ ներուժը։ Ասվածի վառ վկայությունն էր հայոց գրերի ստեղծումը Մեսրոպ Մաշտոցի կողմից, որը հնարավորություն տվեց պահպանել և փոխանցել մեր մշակութային ժառանգությունը սերունդներին։

Ու թեև այսօր մեր հայրենիքը գուցե չունի իր պատմական լայն սահմանները, սակայն այն շարունակում է ապրել յուրաքանչյուր հայի սրտում՝ իր լեռներով, գետերով, եկեղեցիներով ու ավանդույթներով։ Հայաստանը մեզ համար պարզապես աշխարհագրական տարածք չէ․ այն մեր հիշողությունն է, մեր ինքնությունն ու մեր ապագան։ Հենց այս գաղափարական շեշտադրումով էլ այսօր դպրոցում տեղի ունեցավ յուրահատուկ և տպավորիչ բեմական ներկայացում, որը հանդիսատեսին տարավ մի խորհրդանշական ճամփորդության Հայաստանի պատմական ու ժամանակակից քարտեզների միջով։ Ներկայացումը ոչ միայն պատմում էր հայրենիքի անցյալի փառքի մասին, այլև ընդգծում էր ներկայի արժեքն ու ապագայի նկատմամբ պատասխանատվությունը։

Կասպից ծովից մինչև Միջերկրական, Սև ծովից մինչև Հայկական Միջագետք ձգվող հայրենիքի արժևորմամբ սկսվող միջոցառումը նպատակ ուներ հանդիսատեսներին հասցնել մեր ժողովրդի ուժեղ ու փառավոր անցյալ ու նորից վերադարձնել մեր օրեր հստակ շեշտադրումներով ու անցյալի վերակենդանացման մղումով։

Ներկայացումը շարունակվեց որպես կենդանի ճամփորդություն Հայաստանի տարբեր մարզերով։ Առաջին կանգառը Արագածոտնի մարզն էր՝ հոգևոր լույսով շողացող Օշականով, որտեղ հանդիսատեսը հանդիպեց Մեսրոպ Մաշտոց-ի խորհրդանշական կերպարին։ Նրա խոսքերով ընդգծվեց հայոց լեզվի կարևորությունը՝ որպես ինքնության ու գոյության հիմք։ Այնուհետև բեմը վերածվեց գունեղ ու հումորով լեցուն Գյումրու միջավայրի՝ իր յուրահատուկ բարբառով, կենցաղով ու հյուրընկալությամբ։ Ներկայացվեցին քաղաքի մշակութային առանձնահատկությունները, ավանդույթներն ու մարդկանց ջերմ վերաբերմունքը, որոնք դարձան ներկայացման ամենակենսունակ հատվածներից մեկը։

Հաջորդ կանգառը թումանյանական Լոռին էր՝ իր զմրուխտե անտառներով և մշուշապատ սարերով, համեմված հումորային դրվագներով, որոնք փոխանցում էին մարզի ջերմությունն ու անմիջականությունը։ Կրտսեր ուսումցիների ու ներկաների հաջորդ հանգրվանը Սյունիքն էր՝ իր հզոր լեռներով ու պատմական հուշարձաններով, Տաթևի վանքով և հնագույն Քարահունջով՝ որպես հայկական մշակույթի և գիտության կարևոր կենտրոններ։

Եվ հերթով շրջելով հայրենիքի բոլոր մարզերում ու անկյուններում՝ փոքրիկները միջոցառման ավարտաբանությունը կառուցեցին մեր հայրենիքի յուրաքանչյուր անկյան առանձնահատկությունը ընկալելու, սակայն հայրենիքն ու ժողովրդին մասերի չբաժանելու հիմքով։ Ներկայացման մասնակիցները շեշտեցին, որ հայրենիքը միայն տարածք չէ, այլ՝ հիշողություն, մշակույթ և միասնականություն։

«Հայաստանը քարտեզ չէ․ Հայաստանը մենք ենք» գաղափարով ներկայացումը դարձավ ոչ միայն գեղարվեստական միջոցառում, այլև կարևոր ուղերձ՝ ուղղված յուրաքանչյուրին և բոլորին։