Հեքիաթը մարդկության պատմության ամենահին մշակութային ժառանգություններից մեկն է։ Դեռ այն ժամանակներից, երբ մարդիկ հավաքվում էին խարույկի շուրջ, պատմում էին պատմություններ՝ փոխանցելով իրենց փորձը, հավատալիքները և կյանքի կարևորագույն արժեքները։ Հեքիաթների միջոցով սերունդները սովորել են տարբերել բարին ու չարը, գնահատել ազնվությունը, ընկերությունը և մարդասիրությունը։
Դարերի ընթացքում աշխարհի տարբեր ժողովուրդներ ստեղծել են իրենց հեքիաթները։ Դրանցից շատերը դարձել են համամարդկային մշակույթի բաղկացուցիչ մասը՝ դուրս գալով ազգայինի սահմաններից ու ձեռք բերելով տարածաժամանակային նոր ընկալում։ Այդպիսիք են նաև դանիացի մեծ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի և Գրիմ եղբայրների ստեղծագործությունները, որոնց հերոսները մինչև այսօր շարունակում են խոսել մարդու հոգու ամենախոր զգացումների մասին։
Հեքիաթների աշխարհը երբեք չի սահմանափակվել միայն մանկական երևակայությամբ․ այն հաճախ դարձել է մարդկային արժեքների, բարոյական ընտրությունների և կյանքի կարևոր հարցերի մասին խորհելու հարթակ։ Հենց այդ գաղափարի փոխանցման համար էլ այսօր «Ուսում»-ի բեմում էին երկրորդցիները՝ «Խորհրդավոր զբոսանք» մանկապատումով՝ հիմնված անդերսենյան ու գրիմեղբայրյան կերպարների ու ժողովրդական սյուժեների վրա, որոնցում հեքիաթային պատմությունների միջոցով վերհանվում էին ընկերության, ազնվության, նախանձի մերժման, մենակության հաղթահարման և սիրո թեմաները։
Ներկայացումը սկսվում էր բնության գրկում կազմակերպված խաղաղ ու խորհրդավոր զրույցներով, երբ խարույկ վառելող փոքրիկների հետ հանդիսատեսը հայտնվում էր Ձյունե թագուհու զարմանահրաշ աշխարհ՝ բացահայտելու մարդկային միայնության պատճառները, որոնք ոչ այլուր են, եթե ոչ չարի մեջ։ Սակայն յուրօրինակ կերպով Ձյունե թագուհու մենակության մասին ուսումցիներն այլ պատճառ էին գտել․ պարզվում է, որ շատ հաճախ մենք չար ու անտարբեր չենք, ուղղակի մի օր մեր սիրտը սառչում է մենակությունից։ Ու արդյունքում հաճախ մարդիկ կարող են սառն ու կոպիտ թվալ, որովհետև ներսում շատ միայնակ են։
Ներկայացման հաջորդ հատվածում երեխաները հիշեցին մեկ այլ հայտնի կերպարի՝ Սպիտակաձյունիկի պատմությունը։ Զրույցի ընթացքում նրանք քննարկեցին նախանձը և անդրադարձան այն հարցին, թե ինչու մարդիկ չեն կարող սիրել միմյանց առանց համեմատելու ու պայքարի։ Այս արարը մարդկային վախերի վերհանման մասին էր։ Փոքրիկ ուսումցիները վստահ են, որ երբ մարդը ամբողջ կյանքը կառուցում է միայն արտաքին գեղեցկության կամ առաջին տեղը զբաղեցնելու ցանկության վրա, նա սկսում է վախենալ ուրիշների հաջողություններից։
Երեխաները համոզված են, որ մարդն առարկա չէ, որ նրա արժեքը չափվի ուրիշների հետ համեմատվելով։ Ամենաճիշտ «հայելին» այն է, երբ մարդը համեմատում է իրեն միայն սեփական անցյալի հետ՝ փորձելով ամեն օր լինել ավելի բարի, ավելի խելացի և ավելի ուշադիր ուրիշների նկատմամբ։
Ներկայացման խոհափիլիսոփայական բարձրակետը, թերևս, հաջորդ հատվածն էր, երբ աշակերտները անդրադարձան երեք արատների, որոնք, անկախ մեր պայքարից, երբեմն փորձում են տեղ գտնել մեր սրտում՝ անտարբերությունը, նախանձը և կեղծիքը։ Երկրորդցիները վստահ են, որ անտարբերությունը սառեցնում է մարդու սիրտը, նախանձը խլում է ուրախությունը, իսկ կեղծիքը կոտրում է վստահությունը մարդկանց միջև։ Ուստի իրական խաղաղություն ու ընկերություն հնարավոր է այնտեղ, որտեղ կա վստահություն, հոգատարություն և ազնվություն։
Ամփոփելով՝ նշենք, որ «Խորհրդավոր զբոսանքը» ոչ միայն գեղարվեստական ներկայացում էր, այլ նաև արժեքների մասին կենդանի զրույց։ Հեքիաթների հերոսների միջոցով հանդիսատեսն առերեսվեց մարդկային զգացումներին և վերգտավ գաղափարը, որ բարությունը, ընկերությունը և ազնվությունը ժամանակի հետ չեն կորցնում իրենց ուժը։