Ուսումնական անցուդարձ

Sep 18, 2025

Էկոլոգիական դաստիարակությունը տարրական դպրոցում

Ասել, որ էքսկուրսիաներն «Ուսում» դպրոցում կարևորվում են ոչ պակաս, քան դասարանական ուսումնական գործընթացը, կնշանակի ոչինչ չասել։ Տարրական դասարանների աշակերտների համար կրթական գործընթացը միայն դասարանով չի սահմանափակվում։ Դպրոցականների համար մեզ մոտ հաճախ ընտրվում է սովորելու ամենաարդյունավետ ձևը՝ իրական փորձառությունը։ Սեպտեմբերյան այցերի շրջանակներում տարրական դպրոցում սովորող ուսումցիներն ու հինգերորդցիները եղան Հայաստանի Բնության թանգարանումԵրևանի կենդանաբանական այգում և Երևանի բուսաբանական այգում։

Իսկ ինչո՞վ է պայմանավորված էքսկուրսիոն այս ուղղությունների ընտրությունը։ Պատասխանը միանշանակ է․ երեխաների մոտ էկոլոգիական կրթության և շրջակա միջավայրի հանդեպ հոգածության սերմանման գիտակցումն է նման ուղղությունների մշակման մոտիվացիան։ Դեռևս նախորդ դարի 50-ականներին հիմնադրված Հայաստանի Բնության թանգարանում ներկայացված են Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի նմուշներ, թռչունների ու ձկների հարուստ հավաքածուներ։

«Երբ երեխաները իրականում տեսնում են այն, ինչ սովորում են դասագրքերում, գիտելիքը շատ ավելի ամուր է դառնում», – նշում են ուսուցիչները։ Թանգարանի յուրաքանչյուր սրահ երեխաներին մոտեցնում է բնությանը և հիշեցնում՝ որքան կարևոր է այն պահպանել։

Պակաս կարևոր չեն այցելությունները Երևանի կենդանաբանական այգի։ Ժամանցի և կրթության այս խաչմերուկը հիմնադրվել է դեռևս 1940 թվականին։ Եթե սկզբում այն ունեցել է ընդամենը մի քանի կենդանատեսակ, ապա այսօր այստեղ կարելի է տեսնել շուրջ 200 տեսակի կենդանիներ՝ թե՛ տեղական, թե՛ աշխարհի տարբեր երկրներից։

Կրտսեր աշակերտների համար ամենատպավորիչ պահերը նրանք են, երբ նրանք մոտիկից տեսնում են գայլերին, արջերին, վագրերին կամ էկզոտիկ թռչուններին։ «Դասարանում մենք սովորում ենք կենդանիների մասին, բայց այստեղ ամեն ինչ իսկական է ու շարժուն», – նշում է չորրորդցիներից մեկը։

Վերլուծությունը ամբողջական չէր լինի, եթե այն չներառեր նաև մանկավարժների դիտարկումները։ Ուսուցիչների համոզմամբ՝ նման արտադասարանային այցելությունները մեծ դաստիարակչական արժեք ունեն։ 3-րդ դասարանի դասվար և Հայաստանի Բնության թանգարանի նախկին էքսկուրսավար-գիտաշխատող Աննա Մանասյանի խոսքով՝ այս երկու ուղղությունները կենսաբազմազանության հանդեպ աշակերտների հետաքրքրասիրությունը խթանելուց զատ՝ խրախուսում են թիմային աշխատանք և ընկերական մթնոլորտ, ինչպես նաև ամրապնդում են բնապահպանական գիտակցությունը։ «Երբ երեխաները տեսնում են կենդանիներին իրենց աչքերով, նրանք սկսում են ավելի զգույշ ու հոգատար լինել բնության հանդեպ», – usumschool.am-ի հետ զրույցում նշում է մեր զրուցակիցը։

Ըստ տարրական դպրոցի ուսուցիչների՝ այսպիսի այցերը ոչ միայն գեղեցիկ հիշողություններ են թողնում դպրոցականների մոտ, այլև ձևավորում գիտելիքի այն հիմքը, որի վրա կառուցվում է բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը։