Տաղավար տոներ․ շատերս ենք լսել, բայց արդյո՞ք բոլորս գիտենք, թե ինչու են այսպես կոչվում Հայ Առաքելական եկեղեցու հինգ Տերունի տոները, որոնք ունեն շաբաթապաս (Պահք), նավակատիք, մեռելոց և տևում են մի քանի օր։ Թերևս, մենք ավելի հեշտությամբ կարող ենք թվարկել այդ տոները, քան տալ դրանց ծագումնաբանությունը։ Այդ տոներն են՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Զատիկ, Վարդավառ, Վերափոխումն Սբ. Աստվածածնի և Խաչվերաց։
Իսկ ի՞նչ արմատներ ունի տոների այս անվանումը։ Հին կտակարանում նկարագրվում է հրեաների մեծահանդես արարողությամբ տոնակատարվող Տաղավարահարաց տոնը՝ աշնանային բերքահավաքի տոնը. կատարվել է յոթերորդ ամսվա 15-րդ օրը և տևել յոթ օր։
Տաղավարահարաց տոնը հիշատակվում է նաև Նոր կտակարանում, նաև հիշատակվում են Հիսուսի ուսուցումները տոնակատարության ժամանակ։ Այդ օրերին հրեաները յոթ օր ապրել են վրաններում (տաղավարներում, այստեղից էլ՝ տոնի անունը) և մեծ տոնախմբություններով, ողջակեզ մատուցելով, հանդեսներով երախտագիտություն հայտնել Աստծուն՝ պարգևած բարիքների համար։ Ենթադրվում է, որ Տաղավար անվանումն առաջացել է այդտեղից և գործածական դարձել քրիստոնեական մեծ Տերունի տոների համար։
«Ուսում»-ի երրորդցիների երկու միջոցառումները նվիրված էին հենց այս թեմային։ Բեմում տոնական մթնոլորտն ապահովված էր զատկական խաղերի դրվագներով ու դրանց մեկնություններով՝ սկսած Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքից մինչև նրա Հարությունը։ Ավանդույթ դարձած այս միջոցառումը նպատակ ուներ երեխաներին ծանոթացնել հայկական եկեղեցական ավանդույթներին և սրբազան տոների խորիմաստ նշանակությանը։