ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Jun 03, 2025

Աշակերտական խորհրդի մասնակցությունը «Հաշվետու 2025»-ին

«Ուսում» դպրոցի Աշակերտական խորհուրդն արդեն հինգերորդ տարին անընդմեջ իր մասնակցությունն ունեցավ Հաշվետու միջոցառմանը։ Այն հիանալի առիթ է նաև աշխորհրդականների համար՝ ամփոփելու անցնող ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերված հաջողություններն ու սահմանելու նոր նպատակներ։

«Հաշվետու 2025»-ին աշխորհրդականների մասնակցությունն ամփոփեցին Աշակերտական խորհուրդը 2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտներ, 2022-2023 ուսումնական տարում Աշակերտական խորհուրդը ղեկավարած Ստեփան Ստեփանյանը և Աշակերտական խորհրդի երկարամյա փոխնախագահ, 2023 թ․ «Արժանապատիվ ուսումցի» կոչման կրող Աննա Դավթյանը։

Ինչպես իր ելույթում նշեց Ս․ Ստեփանյանը, ի տարբերություն նախորդների՝ Աշակերտական խորհրդի առաջնահերթությունն արտադպրոցական համագործակցությունն էր, ուստի ներդպրոցական նախաձեռնություններում աշխորհրդականները հիմնականում ինքնաբավ էին։ Իսկ Ա․ Դավթյանն էլ հավելեց, որ անցնող ուսումնական տարում կառույցը կարևորել է դպրոցի բոլոր մասնաշենքերում աշխորհրդականների աշխատանքի հավասարությանն ուղղված ջանքերի շարունակական ավելացումը, որն առաջիկա ուսումնական տարում ևս պետք է լինի անհրաժեշտություն։

Միջոցառման այս հատվածում աշխորհրդականներին ցուցաբերած մշտական աջակցության համար «Աշակերտական խորհրդի բարեկամ» վերտառությամբ շնորհակալագրերի արժանացան ութ ուսուցիչներ ինչպես տարրական, այնպես էլ միջին դպրոցից։ 

Ամփոփելով Աշակերտական խորհրդի մասնակցությունը ավարտական միջոցառմանը՝ Աննա Դավթյանը նշեց, որ օրը խորհրդանշական է, որովհետև ինքն ու Ստեփանը վերջին անգամն են աշակերտի կարգավիճակով կանգնած Հաշվետու միջոցառման բեմում։ «Ու հիմա էլ երազանք է տարիներ հետո վերադառնալ դպրոց ու Հաշվետու միջոցառումների շարքում մի նոր պատմություն կերտել՝ դառնալով Հաշվետու միջոցառումը վարած առաջին վերադարձած շրջանավարտը։ Իսկ երազանքները կատարվելու հատկություն ունեն», - եզրափակեց շրջանավարտը։