Nov 14, 2024
Ոչ պետական դպրոցների համաժողով 2024
Նոյեմբերի 14-ին դպրոցի հիմնադիր Հ. Նավասարդյանը, տնօրեն Ս. Թամարյանը, փոխտնօրեններ Լ. Սուջոյանը և Ա. Համբարձումյանը մասնակցեցին «Մեկ ձայն» ասոցիացիայի կողմից կազմակերպված «Ոչ պետական դպրոցների համաժողով» խորագիրը կրող, պանելային քննարկումների ձևաչափով միջոցառմանը:
Միջոցառման նպատակը ոչ պետական կրթական հաստատությունների և ոլորտային պետական կառույցների միջև արդյունավետ երկխոսության հաստատումն էր։ Բացի այդ, մեզ` որպես կրթության միջոցով մարդու հոգևոր-մտավոր «պեղումնաբանության» պատասխանատուներիս համար հատկապես կարևոր էր կրթության նպատակի շուրջ խորհել՝ հասկանալու համար արդյո՞ք մենք ունենք նույն ընկալումները և արդյո՞ք կարիք կա վերասահմանելու կրթության նպատակը մարդու, հասարակության, պետության համար:
Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ոչ պետական դպրոցների շուրջ ընթացող օրենսդրական գործընթացներին և պետական համակարգի զարգացմանն՝ ուղղված հենց ոչ պետական դպրոցների գործունեության աջակցմանը: Քննարկվեցին նաև ԿԶՆԱԿ-ի և Կրթության տեսչական մարմնի հետ արդյունավետ համագործակցության ձևաչափերը։
Միաժամանակ նաև քննարկման նյութ դարձան կրթության համընդհանուր նպատակների սահմանման, այդ նպատակների իրագործման գործում ուսուցչի դերի, ինչպես նաև հայ ազգի ինքնության առանձնահատկություններով պայմանավորված՝ կրթության իմաստի և Հայաստանում կրթության զարգացման միտումների վերաբերյալ հարցերը։