Մշակութային անցուդարձ

Mar 05, 2026

Կոչ ապրելու ու պատասխանատվության մասին

Մարտի 5-ը թեև պաշտոնապես ամրագրված չէ մեր տոնացույցում՝ որպես ազգային հպարտության օր, բայց այն դարձել է այդպիսին։ Հայաստանի Հանրապետության բանակաշինության ակունքներում կանգնած պետական ու ռազմական գործիչ, նվիրյալ հայորդի, սպարապետ, ՀՀ պաշտպանության նախարար․ թերևս, այս շարքն անվերջանալիորեն կարելի է ավելացնել, բայց ամենակարևոր կոչումը Վազգեն Սարգսյանի համար հայ լինելն էր։ «Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես … չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա, թե ով է ինքը»,- մի առիթով ասել է Սպարապետը։

Վազգեն Սարգսյանի գործունեությունը բնորոշվում էր կազմակերպչական վճռականությամբ, պատասխանատվության բարձր զգացումով և պետական մտածողությամբ։ Նա բանակը դիտում էր ոչ միայն որպես ռազմական ուժ, այլ որպես պետականության հիմք, ազգային ինքնության պահպանման երաշխիք ու հպարտության առիթ։

Եվ ուրեմն, ուրիշ ինչպե՞ս է հնարավոր մեծարել մեծ հայորդուն, եթե ոչ Հայոց բանակը ևս մեկ անգամ փառաբանելով։
Եվ հենց այդ նպատակով այսօր բեմ էին բարձրացել «Ուսում» դպրոցի հինգերորդցիները «կոչելու ապրողաց»։ Ներկայացումը ոչ միայն գեղարվեստական խոսք էր, այլև սերունդների պատասխանատվության, պատմական հիշողության և արժանապատիվ ապրելու գիտակցման մասին մտածված ուղերձ։

Հարազատ որդուն բանակ ճանապարհելու տեսարանով սկսվող ներկայացումը հիշեցնում էր ավանդական հայկական ընտանիք, որտեղ ընտանեկան ջերմ, երբեմն հումորով, երբեմն հուզական երկխոսության մեջ հստակ հնչում էր գլխավոր միտքը՝ բանակը միայն հերոսանալու վայր չէ, այլ պատասխանատվությամբ մոտենալու ու ողջ վերադառնալու։

Խորհրդանշական էր նաև գլխավոր հերոսի անունը՝ Հայկ։ Նրա մտքերում ծառայությունը ներկայացվում էր որպես հասունանալու ճանապարհ, որպես ներքին խաղաղությամբ ընդունված պարտք։ Նրա կերպարը մարմնավորում էր այն երիտասարդին, որը գիտակցաբար ընտրում է ծառայությունը՝ որպես կյանքի դպրոց։

Միջոցառման հաջորդ արարը վերհանում էր վերջինիս գաղափարական ետնախորքը, որտեղ պատերազմ, անվտանգություն, գոյություն, ընտրություն, պարտականություն հասկացությունները ներկայացվում էին պատմական համատեքստում՝ առաջին պլան մղելով կազմակերպված զինուժ ունենալու կենսական անհրաժեշտությունը՝ անկախ ժամանակներից, հարևանների տրամադրվածությունից ու դաշնակիցների քանակից։ Սկսվելով Հայկ Նահապետի ազատատենչ ոգու գովերգումից՝ միջոցառումն աչքաթող չէր անում քրիստոնեության ընդունումից հետո բանակի առաքելության վերաձևակերպումը «վասն յաւատոյ և հայրենեաց», ապա այդ պայքարը հասցվում էր Բաբշեն, Այգեստան, Սարդարապատ ու 1980-ականների ազգային զարթոնք։

Հայրենասիրության ճշմարիտ դասերից զատ՝ միջոցառումն այլ արժեքներ ևս մատնանշում էր։ Դրանք արժևորվում էին զորամասի առօրյայի ներկայացման համատեքստում՝ համեմված կենդանի հումորով և անկեղծ երկխոսություններով։ Զինվորները խոսում էին կարգապահության, ընկերության, համբերության և փոխօգնության մասին՝ ցույց տալով, թե ինչպես է բանակը ձևավորում բնավորություն և արժեհամակարգ։

Միջոցառման հանգուցալուծումը ուսումցիների կոչն է իրենց տարեկիցներին ու հայրենիքի գալիքով մտահոգ բոլոր անձանց․ հայրենիքի համար պետք է ապրել, ապրել արժանապատիվ, լինել պատասխանատու, չընկճվել դժվարություններից, ստեղծել, պաշտպանել ու գրել ավելի հպարտ պատմություն։