Կավագործությունը մարդկության ամենահին և ամենահետաքրքիր ստեղծագործական զբաղմունքներից է։ Դեռևս մ.թ.ա. 8-7-րդ հազարամյակներում մարդը սովորեց օգտագործել կավը կենցաղային կարիքները բավարարելու համար։ Առաջին կավե անոթները նախատեսված էին ջուր և սնունդ պահելու համար, սակայն շատ արագ մարդը հասկացավ, որ կավը ոչ միայն նյութ է, այլև արտահայտչամիջոց։ Կավե իրերի ձևավորման ընթացքում առաջացավ արվեստի առաջին ճյուղերից մեկը՝ կերամիկան, որն անցավ հազարավոր տարիների պատմական ճանապարհ՝ դառնալով մշակույթի անբաժանելի մասը։
Հայաստանում կավագործությունը նույնքան հին պատմություն ունի, որքան երկրի քաղաքակրթությունը։ Հնագետները բազմաթիվ կավե գտածոներ են հայտնաբերել Շենգավիթում, Մեծամորում, Արտաշատում և այլ հնավայրերում։ Այդ իրերը վկայում են, որ լեռնաշխարհի բնակիչները հարյուրավոր դարեր առաջ տիրապետել են կավի մշակման բարդ տեխնիկային՝ ստեղծելով ինչպես կենցաղային, այնպես էլ պաշտամունքային նշանակության իրեր։
Հատկապես Մեծամորի հնավայրում հայտնաբերված կավե արձանիկներն ու կավե տարաները համարվում են տարածաշրջանի մշակութային ամենաթանկարժեք նմուշներից՝ ցույց տալով, թե որքան խորն էին մեր նախնիների գիտելիքներն ու գեղագիտական ճաշակը։
Կավագործությունն այսօր ընկալվում է ոչ միայն որպես հին արհեստ, այլև որպես հոգեթերապևտիկ և կրթական մեթոդ։
Դպրոցական միջավայրում կավի հետ աշխատանքը օգնում է երեխաներին հասկանալ, որ պատմությունը պարզապես անցյալ չէ․ այն կարելի է զգալ, շոշափել ու վերապրել։ Երբ աշակերտը ձեռքերով կերտում է, օրինակ, հին անոթի կրկնօրինակ կամ նախնադարյան արձանիկ, նա դառնում է փոքրիկ հնագետ՝ ուսումնասիրող և ստեղծագործող միաժամանակ։ Այս ձևաչափը վերածվում է իրական ուսուցման՝ միավորելով պատմությունը, արվեստը և հոգեբանությունը։
Կավագործական աշխատանքները դպրոցում լուծում են երեք խնդիր․
- սովորողը գործնականորեն կապ է ստեղծում հին մշակույթի և իր ժամանակի միջև,
- զարգացնում է հայրենասիրական և մշակութային ինքնագիտակցությունը,
- ձեռք է բերում պատմական երևակայություն, որը օգնում է պատկերացնել անցյալը ոչ թե որպես սառը փաստերի շարք, այլ կենդանի իրականություն։
Անդրադառնալով երևույթի հոգեբանական ետնախորքին՝ նշենք, որ կավաթերապիան այսօր լայնորեն կիրառվում է տարբեր երկրներում՝ որպես հոգեբանական աջակցության և ինքնարտահայտման մեթոդ։ Հոգեբանների կարծիքով՝ կավը երեխաների համար ամենաբնական նյութն է, որն ունի ձևավորվելու, ենթարկվելու և փոխվելու հատկություն։ Երբ երեխան ձեռքերով շոշափում է կավը, ձևավորում և կերտում, նա ոչ միայն ստեղծագործում է, այլև վերապրում ներքին խաղաղության զգացում։ Այդ գործընթացում կավը դառնում է հաղորդակցության, ինքնաբացահայտման և նույնիսկ սթրեսի հաղթահարման գործիք։
Կավաթերապիան՝ որպես դպրոցական ծրագրի տարր, նպաստում է՝
- ուշադրության և կենտրոնացման զարգացմանը,
- ինքնավստահության ձևավորմանը,
- ստեղծագործական և գեղագիտական մտածողության աճին,
- սթրեսի և լարվածության նվազեցմանը։
«Ուսում» դպրոցում «Հոգեբանություն» առարկայի շրջանակներում կազմակերպվող կավագործության դասերը, ինչպես նաև տարրական դպրոցում կազմակերպվող էքսկուրսիաներն ու վարպետության դասերը հանդիսանում են ոչ միայն արվեստի հետ հաղորդակցման, այլև միջառարկայական ուսումնառության հրաշալի օրինակ։ Դրանք միավորում են պատմությունը, տեխնոլոգիան, բնագիտությունը և գեղարվեստական մտածողությունը։ Դրանք նպաստում են նաև համագործակցային և թիմային հմտությունների զարգացմանը, քանի որ կավագործությունը հաճախ միտված է աշակերտների ջանքերի ու գաղափարների մեկտեղմանը։