Մշակութային անցուդարձ

Dec 22, 2025

«Կորած ժամացույցի գաղտնիքը» կամ ամանորյա դիմակահանդես

Դիմակահանդեսը մարդկության մշակութային պատմության ամենահին և խորհրդանշական տոնական ձևաչափերից մեկն է։ Դեռ հին քաղաքակրթություններում մարդիկ տոների ընթացքում օգտագործում էին դիմակներ՝ մարմնավորելու հեթանոսական աստվածներին, բնության ուժերին կամ առասպելական կերպարներին։ Հին Հռոմում դիմակը ոչ միայն արտաքին կերպարանափոխություն էր, այլև ներքին ազատագրման միջոց․ այն թույլ էր տալիս ժամանակավորապես հրաժարվել սոցիալական սահմանափակումներից և հանդես գալ նոր դերերով։

Միջնադարյան Եվրոպայում դիմակահանդեսները առավել կազմակերպված և շքեղ տեսք ունեին։ Հատկապես հայտնի էին իտալական քաղաքներում անցկացվող դիմակահանդեսները, որոնց ընթացքում մարդիկ՝ անկախ հասարակական դիրքից, հավասար էին դառնում դիմակի տակ։ Այս տոները ուղեկցվում էին երաժշտությամբ, պարերով և խորհրդանշական խաղերով, որոնք միավորում էին համայնքը և ստեղծում ազատ ու ստեղծագործ միջավայր։

Ժամանակի ընթացքում դիմակահանդեսը դուրս եկավ միայն մեծահասակների զվարճանքի շրջանակից և սկսեց ներթափանցել կրթական և մանկական միջավայր։ Այն դարձավ արդյունավետ միջոց երեխաների երևակայությունը զարգացնելու, դերային խաղի միջոցով արժեքներ փոխանցելու և համագործակցության մշակույթ ձևավորելու համար։ Դիմակահանդեսի գաղափարը հատկապես ամանորյա տոների ժամանակ ստացավ նոր իմաստ՝ կապվելով հեքիաթի, հրաշքի և նոր սկզբի խորհրդի հետ։

Այս դարավոր ավանդույթի ժամանակակից շարունակությունն էր մեր դպրոցում կազմակերպված «Կորած ժամացույցի գաղտնիքը» խորագրով ամանորյա դիմակահանդեսը, որի տարբերվող ձևաչափի նպատակն էր տոնական մթնոլորտում միավորել տարբեր երեխաների` նրանց ներգրավելով արժեքահեն և ուսուցողական հեքիաթային պատմության մեջ` անկախ դասարանից և տարիքային շրջանակից։

Տոնի մեկնարկը ազդարարեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ իրենց ջերմ խոսքերով և բարեմաղթանքներով ստեղծելով ամանորյա ուրախ միջավայր։ Սակայն հեքիաթային տրամադրությունը շուտով վերածվեց արկածի․ պարզվեց, որ ամանորյա ժամացույցը կորել է, և առանց դրա Նոր տարվա գալուստը վտանգված է։

Պատմության ընթացքում երեխաները, Ամանորյա գիտությունների ակադեմիայի գիտնականների ուղեկցությամբ անցնելով տարբեր լաբորատորիաներով, հաղթահարում էին թեմատիկ առաջադրանքները՝ հանուն վերջնական նպատակի։ Յուրաքանչյուր լաբորատորիա կրում էր կարևոր արժեքի խորհուրդ՝ սեր, բարություն, հավատարմություն, աշխատասիրություն, միասնություն և ընկերություն։

Խաղերի, թիմային աշխատանքի և փոխադարձ վստահության շնորհիվ երեխաները մեկտեղում էին ժամացույցի բոլոր մասերը՝ որպես վերջնական նպատակի հասնելու դրսևորում։ Վերջնական փուլում պիտի հնչեր մոգական բանաձևը, ժամացույցը կրկին սկսեր աշխատել, վառվեին տոնածառի լույսերը, իսկ դահլիճը լցվեր ամանորյա ուրախ երաժշտությամբ։

Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ դիմակահանդեսը պարզապես տոնական ներկայացում չէ, այլ կրթական և դաստիարակչական հզոր գործիք, որը միավորում է անցյալի ավանդույթները և ներկայի արժեքները՝ փոխանցելով դրանք նոր սերնդին։ Եվ պատահական չէ, որ դերային խաղը նաև ուսուցման գործընթացում ընդգրկված մեթոդներից մեկն է, որն ավելի պատկերավոր և թիրախային է դարձնում ասելիքը։