Մշակութային անցուդարձ

Mar 11, 2026

Տաղավար տոները՝ տաղավարից դուրս

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ձևավորել է հարուստ ծիսական մշակույթ, որի կարևոր բաղադրիչը ազգային և քրիստոնեական եկեղեցական տոնական համակարգն է։ Այդ տոներից առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոները, որոնք իրենց մեջ միավորում են ինչպես քրիստոնեական հավատքի խորհուրդը, այնպես էլ հին հայկական՝ նախաքրիստոնեական ավանդույթների արձագանքը։ «տաղավար տոներ» անվանումն այսօր հատուկ է միայն մեր եկեղեցուն, չնայած որ այդպես անվանվել են նաև հին հրեական մեկշաբաթյա ծիսական տոները, երբ մարդիկ երկրի բոլոր ծայրերից հավաքվում էին Երուսաղեմում, իսկ ժողովուրդը ողջ տոնակատարության ընթացքում բնակվում էր ճյուղերից պատրաստված ժամանակավոր թեթև շինվածքներում՝ տաղավարներումԱհա թե որտեղից է առաջացել տոների ընդհանրական այս անվանումը։

Հայկական տաղավար տոներն են Սուրբ Ծնունդը, Զատիկը, Պայծառակերպությունը (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխումը (Խաղողօրհնեք) և Խաչվերացը։ Դրանցից յուրաքանչյուրը իր շուրջը ձևավորել է բազմաթիվ ժողովրդական սովորություններ՝ ծառզարդար, վիճակի ծես, ջրախաղեր, բերքօրհնեք, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ։ Դարերի ընթացքում այս տոները դարձել են ոչ միայն կրոնական արարողությունների, այլև ժողովրդական մշակույթի, երգի, պարի և համայնքային միասնականության կարևոր արտահայտություն։

Այս բազմաշերտ ավանդույթներն ու միասնականությունը ներկայացնելու նպատակով էլ այսօր բեմում էին երրորդցիները։ Զատկից մեկ շաբաթ առաջ նշվող Ծաղկազարդի տոնով էլ բացվեց ներկայացումը։ Հիսուսին դիմավորելու պատրաստվող տոնական Երուսաղեմը հիշեցնող խորհրդանշական միջավայրում աշակերտները զարդարում էին «Կենաց ծառը»՝ ամփոփելով գարնան զարթոնքի, կյանքի շարունակականության և նոր սկզբի գաղափարը։ Ծաղկազարդը հայ ժողովրդական մշակույթում համարվել է նաև գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբը։

Հաջորդ տեսարանը նվիրված էր Սուրբ Զատկին՝ քրիստոնեական ամենախորհրդավոր և ուրախ տոներից մեկին։ Բեմն այս անգամ կենդանանում էր Զատկի խորհրդանիշներով և հատկապես կարմիր հավկիթով և ձվակռիվ խաղով։ Աշակերտները յուրօրինակ երկխոսությամբ վերհանում էին ներկված հավկիթի ու խաղի խորհրդանշական իմաստը․ կարմիրը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, իսկ ձուն՝ աշխարհի ամբողջականությունը։

Եվ զատկական խաղերով ամենևին էլ չսահմանափակվեցին փոքրիկ ուսումցիները։ Պակաս դինամիկ ու ակտիվ չէին Վիճակի խաղերը՝ նվիրված Համբարձման տոնին։ Բեմին տոնն էր՝ իր բոլոր դրվագներով․ աղջիկները պատրաստում էին Արուս տիկնիկը, հավաքում ծաղիկներ և ջուր տարբեր աղբյուրներից՝ երգերի և ծիսական գործողությունների ուղեկցությամբ։ Ավանդույթի համաձայն տղաները փորձում էին գողանալ վիճակի սափորը, իսկ այն վերադարձնելու համար աղջիկները պետք է երգեին կամ պարեին։ Միջոցառման հաջորդ արարը շոգ ամառային էր՝ ջրառատ Վարդավառով ու մրգառատ Վերափոխման տոնով՝ նվիրված Հիսուս Քրիստոսին և Մարիամ Աստվածածնին։

Բեմականացման ավարտին աշակերտները ընդգծեցին այն իրականությունը, որ չնայած հայկական տոները երկար ճանապարհ են անցել հեթանոսությունից մինչև քրիստոնեություն, սակայն դրանցում պահպանվել են ժողովրդի հավատը, կենցաղը և մշակութային ինքնությունը արտացոլող բազմաթիվ սովորություններ։ Անդրադառնալով միջոցառման նպատակին՝ նշենք, որ այն միտված էր ևս մեկ անգամ հիշեցնելու, որ ազգային ավանդույթները պարզապես պատմական ժառանգություն չեն․ դրանք կենդանի արժեքներ են, որոնք միավորում են սերունդներին և պահպանում ազգային ինքնությունը։

Միջոցառման եզրափակիչ պատգամն արդիական ու խոսուն է միշտ․ աշխարհի որ անկյունում էլ գտնվի հայը, իր սրտում միշտ կարող է պահել մի փոքրիկ հայրենիք՝ նրա երգերով, պարերով և տոնական ավանդույթներով։