Ուսումնական անցուդարձ

Apr 09, 2025

Քիմիան և լաբորատոր փորձերի կարևորությունը

 

Լաբորատոր փորձերը հանդիսանում են արդյունավետ ուսուցմանը միտված կարևոր գործիք հատկապես բնագիտական առարկաների մեջ, քանի որ դրանք տեսական նյութն անմիջականորեն բերում են թեստավորման, փորձարկումների ու ապացուցումների դաշտ։ Դրանք հնարավորություն են տալիս աշակերտներին գործնականորեն կիրառել տեսական գիտելիքները, ինչն ուժեղացնում է նրանց առարկայական հմտությունները և խթանում հետաքրքրությունն ու զարմանքը գիտության նկատմամբ։

Լաբորատոր դասերը, թերևս, առանձնահատուկ նշանակություն ունեն նաև դասավանդող ուսուցիչների համար։ usumschool.am-ի հետ զրույցում քիմիայի ուսուցչուհի, ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Սաթենիկ Հակոբյանը նշեց, որ «Հաջորդ ժամին գնալու ենք լաբորատորիա» արտահայտությունը հատկապես առանձնահատուկ ոգևորություն է առաջացնում ցանկացած աշակերտի մոտ՝ անկախ այն բանից, թե վերջինիս մոտ որքանով է ստացվում դրսևորվել «Քիմիա» առարկայի շրջանակներում։

Մեզ հետ զրույցում մեր զրուցակիցը նշեց, որ պրակտիկ դասերը սպասված են ոչ միայն աշակերտների համար։ Ուսուցչի համար ևս դրանք մեծ նշանակություն ունեն, քանի որ
թույլ են տալիս ուսուցիչներին ավելի մանրակրկիտ հետևել աշակերտի աշխատանքին և անհատապես ուղղորդել նրանց՝ հաշվի առնելով նրանց ուժեղ և թույլ կողմերը։ Բացի այդ, նման աշխատանքները թույլ են տալիս աշակերտներին ինքնուրույն աշխատել, ինչը կարևոր է իրենց ինքնավարությունը զարգացնելու համար։

«Լաբորատոր աշխատանքները սովորեցնում են ճիշտ հարցեր տալու արվեստը, փորձարկումներ կատարելու և արդյունքները վերլուծելու անհրաժեշտությունը։ Չնայած որ քիմիան պահանջում է նաև ճշգրտություն և կանոնակարգ, այնուամենայնիվ նոր ու ճշգրիտ գաղափարներ գտնելու համար աշակերտը պիտի անցնի շարունակական անճշտությունների միջով», - մեր զրույցը եզրափակեց Ս․ Հակոբյանը։