Aug 14, 2025
Աշակերտից՝ ուսանող․ կյանքը դպրոցից հետո
Ավանդաբար օգոստոս ամսին մեկնարկում են առաջիկա ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները, և յուրաքանչյուր մեկնարկին նախորդում է անցնող ուսումնական տարվա արդյունքների վերլուծությունը՝ ուշագրավ թվերով և փաստերով։ Բուհերի ընդունելության գործընթացի հիմնական փուլերն արդեն անցյալում են, և հպարտորեն կարող ենք արձանագրել, որ «Ուսում» դպրոցի շրջանավարտների բացարձակ մեծամասնությունը առաջին փուլով և բարձր մրցութային միավորներով ընդունվել է մեր երկրի պետական և օտարերկրյա հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների (Երևանի պետական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ, Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան և այլն) մեծ պահանջարկ վայելող ու մրցունակ ֆակուլտետներ։
Սեպտեմբերին ընդառաջ՝ usumschool.am-ը զրուցել է այս տարվա շրջանավարտ, 2022-2023 ուսումնական տարում Աշակերտական խորհուրդը ղեկավարած Ստեփան Ստեփանյանի հետ։
Ստեփանն ուսումցի է եղել յոթ տարի՝ սկսած վեցերորդ դասարանից, և այդ տարիների ընթացքում իր համոզմամբ հասցրել է կուտակել հարուստ փորձառություն, ինչպես նաև դրսևորել արտադասարանական և արտադպրոցական հսկայական ակտիվություն Աշակերտական խորհրդում, բեմական միջոցառումների և կամավորական աշխատանքների շրջանակներում։
Անդրադառնալով usumschool.am-ի այն հարցին, թե ինչպես է պատրաստվում ուսանողական կյանքին, Ստեփանը նշեց, որ որպես այդպիսին՝ դեռ ինքն իրեն չի կարողացել ադապտացնել այն մտքին, որ այլևս աշակերտ չէ և սեպտեմբերի մեկի առավոտյան ստիպված է լինելու «Ուսում» դպրոցի փոխարեն Հայաստանի Ֆրանսիական համալսարան գնալ։
Միաժամանակ մեր զրուցակիցը կարծում է, որ կյանքում նման ճամփաբաժանները բնականոն երևույթ են, և երբ գիտակցում է, թե այդ ճամփան ուր է տանում, անցումն ավելի սահուն է լինում։ Իսկ Ստեփանի այս ճամփան նրան տանում է դեպի իրավագիտության մեծ ու պատասխանատու աշխարհը, որն, ինչպես նա նշեց, վերջին տարիների ամենամեծ նպատակն էր։ Ապագա իրավաբանի ավելի հեռու նպատակների մեջ է մտնում նաև ուսումնառության մի փուլն արտասահմանում շարունակելը և ստացած հմտությունները հայրենիքի շենացմանը ի սպաս դնելը։
Վերադառնալով դպրոց-բուհ անցման դժվարություններին՝ մեզ հետ զրույցում շրջանավարտը անկեղծացավ, որ ընդհանրապես պատկերացում չունի, թե ինչպիսի միջավայր է իրեն սպասվում համալսարանական պատերի ներսում, բայց նաև վստահ է, որ անհաղթահարելի խոչընդոտներ չի ունենալու, որովհետև դպրոցում ստացած գիտելիքները, ինչպես նաև կուտակած կազմակերպչական հմտությունները բավարար են, որպեսզի ցանկացած իրավիճակում պատվով ներկայանա։ Ուսումցին նաև հավատացած է, որ ինքն ընդամենը 7 տարի «Ուսում»-ում սովորելով կարողացել է դպրոցից վերցնել ավելին, քան շատերը կարողանում են տասներկու տարում․ հետևաբար իրեն լիարժեք ուսումցի է զգում։
Զրույցի ընթացքում Ստեփանը հաճելիորեն հիշեց ավարտական միջոցառման ժամանակ իր ու դասընկերների տված այն խոստումը, որ իրենց երեխաներին «Ուսում» են բերելու, և վստահեցրեց, որ դա հուզմունքի պահին ասված հերթական խոսք չէր, և մնում է արդիական ու կարևոր նպատակ։ Միաժամանակ հավելեց, որ առաջիկա յոթ տարիներին հարազատ դպրոցի հետ կապն առավել քան ամենօրյա ու առարկայական է լինելու, քանի որ իր քույրը և զարմիկը դեռ ուսումցիներ են։
Հարցազրույցի ավարտին արդեն շրջանավարտ Ստեփանը բոլոր ներկա ու գալիքի ուսումցիներին խորհուրդ տվեց «Ուսում»-ից վերցնել ավելին, քան այդ պահին անհրաժեշտ են համարում, որովհետև անհրաժեշտի ու ոչ անհրաժեշտի սահմանը առավել հստակ է դառնու ոչ թե հիմա ու այստեղ, այլ հասունության շրջանում։