Միջազգային համագործակցությունները ցանկացած ոլորտում անհրաժեշտություն են, և բացառություն չէ նաև կրթական համակարգը։ Հարափոփոխ աշխարհում կրթությունն ու գիտությունը, թերևս, ամենաարագ զարգացող ոլորտներն են, որոնցում երեկվա անհնարին թվացող նորարարությունն այսօր հերթական սովորական իրականությունն է դառնում։ Ահա թե ինչու ժամանակին համընթաց քայլելը ուսումնական գործընթացում մշտապես արդիական է։ Հենց այս կարևորության գիտակցումով էլ «Ուսում» դպրոցը դարձավ London Eye Business Olympiad ընտանիքի անդամ։
Business Olympiad 2025-ը London Eye միջազգային ուսումնական կենտրոնի և շվեյցարական առաջատար EU Business School-ի նախագիծն է, որի առաքելությունն է ոգեշնչել և կրթել ապագա բիզնես առաջնորդներին՝ համադրելով ժամանակակից գիտելիքը գործնական փորձի հետ։ Նախաձեռնության հեղինակների տեսլականն է ձևավորել մի սերունդ, որը ստեղծում է նոր բիզնես գաղափարներ և հստակ քայլերով փոխում է ապագան։
Ինչպես նշում են օլիմպիադայի կազմակերպիչները, իրենց նպատակն է ստեղծել հարթակ անգլերենի B1 և ավելի մակարդակ ունեցող և տնտեսագիտական նախնական գիտելիքներ ունեցող լավագույն աշակերտների համար՝ մրցելու, աճելու և սովորելու համաշխարհային բիզնես դպրոցի փորձագետներից։
Անդրադառնալով օլիմպիադայի հնարավորություններին՝ հարկ է նշել, որ այն ուսումցիներին հնարավորություն է տալիս՝
մասնակցելու բացառիկ երկօրյա դասընթացի,
բացահայտելու և զարգացնելու ստեղծարար մտածողությունը,
ստանալու նոր գիտելիքներ բիզնեսի և առաջնորդության ոլորտում,
ձեռք բերելու միջազգային փորձ և նոր ծանոթություններ,
ստանալու հնարավորություն անվճար հիմունքներով մասնակցելու Իսպանիայում անցկացվող ամառային Բիզնես դպրոցին։
Եվրոպական լեզուների առարկայական մեթոդմիավորման և Աշակերտական խորհրդի ներգրավմամբ իրականացվելիք այս համագործակցությունում ձեռքը զարկերակին պահելու առաքելությունը վստահված է տասնմեկերորդ դասարանի աշակերտուհի, աշխորհրդական Արինա Հյուսյանին։ usumschool.am-ի այն հարցին, թե ինչպիսին էր իր առաջին արձագանքը դպրոցի կողմից business ambassador ընտրվելու լուրին, Արինան նշեց, որ իրեն դուր են գալիս կամավորական աշխատանքները, հատկապես նրանք, որոնք արտերկրի կրթական փորձն ու գիտելիքները ներդնելու նպատակ ունեն։ Արինան վստահ է, որ իր մոտ կստացվի արդյունավետ հաղորդակցություն ապահովել օլիմպիադայի կազմկոմիտեի և օլիմպիադայով հետաքրքրված ուսումցիների միջև։