Մշակութային անցուդարձ

Dec 12, 2025

Հացը, մեզ հայտնի Նաղաշն ու ուսումցիները

«Ուսում»-ի բեմը կրկին առատ է՝ ուրախությամբ, զարդարանքով, ջերմությամբ ու հացով։ Ավանդույթ դարձած հերթական միջոցառման շրջանակներում երկրորդցիները մեծարում էին հացը։

Թերևս, որևէ այլ սննդամթերք կամ հայկական խոհանոցի որևէ գանձ երբևէ չի արժանացել այնպիսի մեծարման, որքան հացը։ Եվ դա պատահական չէ։ Հացը նստակյաց մարդկությանը հայտնի ամենահին սննդամթերքներից է, որը թվագրվում է նեոլիթյան դարաշրջանով։ Ըստ գիտնականների եզրակացության՝ առաջին հացը ամբողջությամբ չհունցված, ալյուրի տապակած խառնուրդ էր՝ պատրաստված հացահատիկներից և ջրից, և ավելին չէր, քան ջրի և ալյուրի պատահական չմշակված ամբողջությունը։ Կան ենթադրություններ, որ պատրաստման պարզությամբ դրանց ժառանգներ կարող են համարվել մեքսիկական տորտիլիան, հնդկական սալաթը, չինական բաբաբենը, շոտլանդական վարսակային թխվածքաբլիթները և այլն։

Դասական իմաստով առաջին հացի նախահայրենիքը Միջագետքն է։ Հնագիտական վկայությունները պատմում են, որ շումերները մեր հացերին շատ նման գարու հաց էին ուտում մեզանից շուրջ 2100 տարի առաջ։

Ու քանի որ հացի ստացումը նստակյաց ժողովուրդների «արտոնությունն» էր, դրանից անմասն չէինք կարող մնալ մենք՝ հայերս։ Մեր ժողովրդի պատմությունը մեզ է ավանդել հացի բազմազան տեսակներ՝ ցորենհաց, գարեհաց, մատնաքաշ, պան, նկանակ, լավաշ, լոշ, անեկ (խմորը չհասունացած), բաղարջ (անթթխմոր), խուկլի (քիչ չափով չթթված), կողի, բոքոն ու այսպես մոտ երեսունի հասնող տեսակներ։

Մեր ազգին բնորոշ է եղել, սակայն, ոչ միայն հացի ստացումը, այլև վերջինիս պաշտամունքը։ Պատմական Հայաստանի բնակավայրերը, որոնք աչքի են ընկել բերքի ու հացի առատությամբ, իրենց անվանումներում պահպանել են հացի մշակույթի հետքեր, ինչպես՝ Հացաշեն (Թալինի շրջան), Հացառատ (Գավառ քաղաքի մոտ), Հացավան (Աբովյանի շրջան և Սիսիանի շրջան), Հացի (Արցախի Մարտունու շրջան), Հացիկ (Ախուրյանի շրջան), Հացեկաց (Մեծ Հայք, Տուրուբերան, Տարոն գավառ)։

Հացի պաշտամունքը մեր ժողովուրդը անգամ հասցրել է կենաց-խոսքի ու աղոթքի մակարդակի ու «Հացն ու գինին, Տեր կենդանին» աղոթք-բանաձևով զետեղել «Սասնա ծռեր»-ում։ Այն նաև քրիստոնեական արժեհամակարգի հիմքն է․ պատահական չէ, որ Տերունական աղոթքի տողերից մեկն ունի «Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր» ձևակերպումը։

Ուսումցիների միջոցառումը հացի մեծարման այս դրվագների պատմամշակութային խտացումն էր։ Բեմը ներկայացնում էր ժամանակի միջով ճանապարհորդություն՝ միտված բացահայտելու հացի, ցորենի և աշխատանքի սրբազան խորհուրդը հայ ժողովրդի կյանքում։ Միջոցառման կենտրոնում ոչ միայն հացն էր՝ որպես սնունդ, այլ՝ որպես արժեք, հավատ, հիշողություն և շարունակականություն։ Շվիի մեղմ հնչյունների ներքո բեմ դուրս եկած աշակերտները հանդիսատեսին տանում էին վաղ ժամանակներ, երբ մարդը դեռ որոնում էր իր գոյության ճանապարհը՝ մինչև մի պարզ բացահայտում, որը մարդկությանը բերեց աշխատանքի, հողի հետ կապի և ստեղծագործ կյանքի գաղափարին։

Միջոցառման խաղարկային հատվածները ներկայացնում էին հացի արարման ողջ ընթացքը՝ առաջին բերքի օրհնությունից մինչև խաչբուռների պատրաստում, ալրաղաց տանելուց, մինչև թոնրում լավաշը թխելը։ Այս ամենը ուղեկցվում էր ազգային երգերով ու պարերով, որոնք բեմը լցնում էին ջերմությամբ և կենդանի ավանդույթի շնչով։

Բեմադրության ամենահուզիչ հատվածը, թերևս, Նաղաշի պատմությունն էր, մի տղայի, ով մոր քրտինքով թխված կախարդական լավաշով ճանապարհ ընկավ իր բախտը գտնելու։ Նրա հանդիպումները հովվի, ավազակի և ալեհեր ծերունու հետ բացահայտեցին հացի իրական զորությունը․ այն կախարդական է դառնում միայն այն ժամանակ, երբ վաստակված է սեփական աշխատանքով։ Նաղաշի վերադարձը հայրենի հող և սեփական ձեռքերով ցորեն աճեցնելը դարձավ երջանկության և բախտավորության իրական բանաձև։

Ուսումցիների հավատամքն է, որ ցանկացած հայ մի փոքր Նաղաշ է, ով ունի դարերով ժառանգված արժեքներ, բայց շատ հաճախ ի սկզբանե չի գիտակցում դրանց դերն ու իր պատմական առաքելությունը։ Բաց կարևորն այն է, որ վերջում բոլորն էլ գալիս են այդ գիտակցմանը։