Աշունը իր առանձնահատուկ տեղն ունի տարվա եղանակների մեջ․ այն կամուրջ է՝ շոգ ամռան գլխապտույտ թեթևությունից դեպի ձմռան լռությունն ու հանգստությունը։ Աշնան յուրաքանչյուր օրը տարբերվում է իր գույնով, հմայքով, ջերմությամբ ու զգացմունքայնությամբ։ Սակայն աշունը միայն բնության փոփոխություն չէ․ այն աշխարհի տարբեր մշակույթներում համարվում է բերքահավաքի, պտուղները հաշվելու, բացթողումները վերհանելու և հաջողությունների համար շնորհակալություն հայտնելու խորհրդանշական ժամանակ։
Եվ այն, որ աշունը տխրություն է բերում, թերևս, կարծրատիպ է։ Այսպես, ճապոնացիները աշունն այնքան են սիրում, որ մեծ տոնակատարություններով նշում են «Momiji-gari»-ն կամ Կարմիր ծառերի տոնը, որն անցնում է գույների փառահեղ առատությամբ։ Նույն խանդավառությամբ են անցնում անգլո-ամերիկյան Thanksgiving-ը և գերմանական Erntedankfest-ը՝ ավելի հայտնի որպես Երախտագիտության օր։ Անցյալում եկեղեցական ծեսերով նշված և առատ բերքահավաքը փառաբանող ու աստվածային մեծահոգությանը նվիրված այս տոնն այժմ նշվում է ողջ աշխարհում՝ չճանաչելով ազգություն կամ կրոն։ Այն ունի մեկ հավատամք․ շնորհակալություն հայտնել ոչ միայն աշնանը, այլ բոլորին ու ամեն ինչին՝ հաջողությունների, գիտելիքի, բարության ու արժեքների համար։
Աշնան գույներով հանդերձավորված բեմահարթակ, բայց շնորհակալությամբ շնչող սյուժե։ Երկրորդցիների բովանդակալից և գեղարվեստական միջոցառումը ոչ միայն սովորական տոնահանդես էր, այլ աշնան խորքային էության բացահայտում՝ ամիսների կենդանի կերպարներով, բանաստեղծություններով, թատերական տեսարաններով, երգով, պարով ու հայրենագիտական շնչով։
Պատկերավոր ու մանկական անկեղծությամբ լի տեսարանով միջոցառումը անձնավորումների և այլաբանության մի ամբողջական շղթա էր, որտեղ իրար հաջորդող ամռան ամիսները նրբորեն հրաժեշտ էին տալիս բեմին ու բեմը թողնում աշնանային երեք քույրերին՝ երեք ամիսների կերպարներով։
Խաղարկային դրվագներից զատ՝ միջոցառումը կենդանացնում էր նաև հայկական դասական պոեզիան՝ տերյանական, սահյանական ու թումանյանական ուրախ թախիծներով, նախնիների և ընտանիքի հանդեպ տածած ակնածանքով, երջանկությամբ ու սիրով, որոնք քողարկված էին աշունով։
Առավել խորհրդանշական էր ստեղծագործ աշխատանքի և այգեգործության կարևորությունը՝ որպես ժողովրդի աշխատասիրության դարավոր ցուցիչ՝ սկսած Նոյ Նահապետի՝ խաղող տնկելու պատգամից մինչև մեր օրեր։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ ներկաների կարծիքով աշխատելու հանդեպ սերը պետք է դաստիարակել ոչ թե ստիպելով, այլ կաթիլ կաթիլ կաթեցնելով, և որ այս միջոցառման ասելիքն ավելին էր, քան աշունը։