Աշունը տարվա այն եղանակներից է, որը բնության գեղեցկության հետ մեկտեղ իր մեջ ամփոփում է նաև մարդկային կյանքի, հասունության, աշխատանքի և շարունակականության խորհուրդը։ Այն իր հետ բերում է գույների ու բույրերի բազմազանություն, ստեղծում յուրահատուկ տրամադրություն և ներշնչում՝ նկատելու կյանքի գեղեցիկ ու արժեքավոր պահերը։
Այս աշնանային տրամադրությամբ «Ուսում» դպրոցի բեմում ներկայացվեց «Երբ աշունն է խոսում» խորագրով բեմականացումը, որը հանդիսատեսին տեղափոխեց մի փոքրիկ հեքիաթային աշխարհ՝ լի ջերմությամբ, ստեղծագործական մտքերով և մարդկային արժեքների շուրջ խորհրդածություններով։
Ներկայացման սյուժեն ներկայացնում էր տարվա եղանակների հերթափոխ, երբ ամառը իր ջերմությունը փոխանցեց աշնանը, իսկ աշնան երեք ամիսները՝ Սեպտեմբերը, Հոկտեմբերն ու Նոյեմբերը, ներկայացրին իրենց առանձնահատկություններն ու խորհուրդները։ Սեպտեմբերը խոսեց գիտելիքի, կրթության և նոր ուսումնական տարվա մեկնարկի, Հոկտեմբերը՝ Երևանի գեղեցկության ու աշնանային գույների, իսկ Նոյեմբերը՝ աշխատանքի և դրա արդյունքների արժևորման մասին։
Բեմականացման կարևոր դրվագներից էր պապիկի, տատիկի և թոռների զրույցը, որի միջոցով երեխաները բացահայտեցին արվեստի և ստեղծագործության էությունը։ Փոքրիկ նկարչի՝ Մարտիրոս Սարյանի նման նկարելու ցանկությունը վերածվեց սիրո, ջերմության և ստեղծագործական ներշնչանքի մասին խորհրդածության։ Երեխաները հասկացան, որ արվեստի իրական արժեքը ոչ միայն գույների ու պատկերների, այլև ստեղծագործության մեջ ներդրված զգացմունքների և մարդկային վերաբերմունքի մեջ է։
Աշնանային անտառը ներկայացման մասնակիցների համար դարձավ բնության գեղեցկությունը ճանաչելու և կյանքի կարևոր հարցերի շուրջ խորհելու միջավայր։ Ծառերի, տերևների, արմատների ու ճյուղերի խորհրդանշական պատկերների միջոցով ներկայացվեց մարդու կապը իր արմատների, ընտանիքի, պատմության և ապագայի հետ։ Պապիկի խոսքերը՝ «Գտի՛ր արմատդ, որ ճյուղերդ հասնեն արևին», դարձան ներկայացման առանցքային գաղափարներից մեկը։
Երեխաների խոսքում տարվա եղանակները խորհրդանշեցին մարդկային կյանքի տարբեր փուլերը․ գարունը՝ մանկությունը, ամառը՝ երիտասարդությունը, աշունը՝ հասունությունը, իսկ ձմեռը՝ հիշողությունը, որը փոխանցվում է հաջորդ սերունդներին։ Այս խորհրդանշական զուգահեռը ևս մեկ անգամ ընդգծեց, որ յուրաքանչյուր մարդ ունի իր առանձնահատկությունը, իր կարևորությունն ու անփոխարինելի տեղը։
Ներկայացման հուզիչ հատվածներից էր տերևների մասին զրույցը, որի միջոցով աշակերտները անդրադարձան կյանքի շարունակականությանը, ավարտների և նոր սկիզբների փոխկապակցվածությանը։ Տերևի վերադարձը հողին ներկայացվեց որպես նոր կյանքի ծնունդին նպաստող բնական գործընթաց՝ ընդգծելով բնության հավերժական շրջապտույտի խորհուրդը։
«Երբ աշունն է խոսում» բեմականացմամբ միջոցառման ստեղծագործական թիմը նպատակ ուներ ներկաներին մղելու բնության գեղեցկությունը ճանաչելու, ստեղծագործական կարողությունները բացահայտելու և կարևոր արժեքների շուրջ խորհելու։ Հեղինակներն ու փոքրիկները ևս մեկ անգամ հիշեցրին, որ կյանքի ներդաշնակությունը պայմանավորված է տարբեր գույների, անհատականությունների և փորձառությունների համադրությամբ, իսկ մեր թողած ամենակարևոր ժառանգությունը սերն ու բարությունն են։