Արվեստի ստեղծագործությունը լիարժեք ճանաչելու համար երբեմն անհրաժեշտ է այն տեսնել ոչ թե դասագրքի էջում կամ տեսածրիչի էկրանին, այլ կանգնել դրա առջև։ 10-րդ դասարանի աշակերտների այցը Երևանի ժամանակակից արվեստի թանգարան հենց այդպիսի ուսումնական փորձառություն էր։ «Արվեստ» առարկայից բխող պարտադիր-ծրագրային այս այցելությունը նպատակ ուներ դասարանում ուսումնասիրվող տեսական նյութը կապել իրական արվեստի գործերի հետ, իսկ թանգարանում կատարած դիտարկումներն ու գրառումները հետագայում հիմք են դառնալու դասարանային վերլուծության և քննարկման համար։
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրվել է 1972 թվականին արվեստաբան Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ։ Թանգարանի ստեղծմանը մեծապես աջակցել են Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը և 1960-ական թվականների հայ անվանի նկարիչները։ Այն դարձավ նախկին Խորհրդային Միության տարածքում ժամանակակից և մոդեռն արվեստին մասնագիտացած առաջին թանգարանը և ավելի քան երկու տասնամյակ մնաց տարածաշրջանի ժամանակակից արվեստի կարևորագույն կենտրոններից մեկը։
Թանգարանի ստեղծման պատմությունն առավել հետաքրքիր է դառնում այն ժամանակաշրջանի մշակութային միջավայրի համատեքստում։ Խորհրդային տարիներին պաշտոնական արվեստում գերիշխում էր սոցիալիստական ռեալիզմը, իսկ մոդեռն արվեստի բազմաթիվ ուղղություններ ընդունված սահմաններից դուրս էին։ Այդ պայմաններում նոր թանգարանի ձևավորումը կարևոր մշակութային նախաձեռնություն էր։ Թանգարանը կայացավ նաև հայ նկարիչների նվիրատվությունների շնորհիվ․ նրա առաջին ցուցադրությունն ամբողջությամբ կազմված էր 1960-ական թվականների հայ նկարիչների աշխատանքներից՝ Հայաստանից և սփյուռքից։
Հենց 1960-ականների հայ արվեստագետների սերունդն էլ դարձավ թանգարանի հավաքածուի կարևոր առանցքը։ Ցուցադրության մեջ ներկայացված են Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտիրոս Պետրոսյանի, Հակոբ Հակոբյանի, Գայանե Խաչատրյանի, Վրույր Գալստյանի, Էլիբեկյան եղբայրների, Հարություն Կալենցի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Աշոտ Բայանդուրի և այլ հեղինակների ստեղծագործություններ։ Այս անունների կողքին հավաքածուն ժամանակի ընթացքում համալրվել է նաև 1980-ականների և հետագա սերունդների արվեստագետների աշխատանքներով։
Թանգարանի զարգացման կարևոր փուլերից էր 2007 թվականը, երբ նրան հատկացվեց նոր մասնաշենք, որտեղ սկսեցին ներկայացվել նաև միջին և երիտասարդ սերնդի արվեստագետների աշխատանքները։ Այսպիսով թանգարանի հավաքածուն հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալու 1960-ականների հայ արվեստի նշանակալի էջերին, այլև դիտարկելու արվեստի լեզվի հետագա փոփոխությունները։
Թանգարանի հավաքածուն ներառում է գեղանկարչության, գրաֆիկայի և քանդակագործության բազմաթիվ նմուշներ։ Այստեղ ներկայացված ստեղծագործությունները տարբեր են թե՛ թեմատիկ ընդգրկմամբ, թե՛ գեղարվեստական լեզվով։ Մի դեպքում առաջնային է գույնը, մեկ այլ դեպքում՝ ձևը կամ տարածությունը, իսկ որոշ աշխատանքներում արվեստագետը հրաժարվում է իրականության ուղղակի պատկերումից և փորձում է գաղափարը փոխանցել պայմանական, վերացական կամ խորհրդանշական լուծումների միջոցով։ Այդ բազմազանությունն էլ ժամանակակից արվեստը դարձնում է դիտարկման և մեկնաբանության հետաքրքիր նյութ։
10-րդ դասարանի աշակերտների համար այցի կարևոր բաղադրիչը հենց այդ դիտարկումն էր։ Նրանք շրջայցի ընթացքում կատարում էին գրառումներ՝ առանձնացնելով իրենց ուշադրությունը գրաված աշխատանքները, նշելով հեղինակներին, թեմաները, գույները, կոմպոզիցիոն լուծումները և իրենց հետաքրքրած հարցերը։ Գրառումները պատահական տեղեկությունների հավաքածու չէին․ դրանք նախատեսված են հետագա դասարանային աշխատանքի համար, որտեղ աշակերտները պետք է վերադառնան տեսած ստեղծագործություններին և փորձեն դրանք վերլուծել ավելի համակարգված կերպով։
Այս մոտեցմամբ թանգարանային այցելությունը դառնում է ոչ թե մեկանգամյա մշակութային միջոցառում, այլ ուսումնական գործընթացի շարունակություն։ Դասարանում սովորողները հնարավորություն կունենան համադրելու իրենց դիտարկումները, քննարկելու տարբեր մեկնաբանություններ, հիմնավորելու սեփական տեսակետները և արվեստի ստեղծագործությունը դիտարկելու դրա պատմական ու մշակութային համատեքստում։
Այցի ընթացքում աշակերտների ուշադրության կենտրոնում էին նաև այն հարցերը, որոնք կարևոր են արվեստի ստեղծագործության վերլուծության համար․ ինչպե՞ս է արվեստագետը կառուցում կոմպոզիցիան, ինչո՞ւ է ընտրում տվյալ գունային լուծումը, ինչպե՞ս է ձևը փոխում ստեղծագործության տրամադրությունը, ինչպե՞ս է անհատական գեղարվեստական լեզուն կապվում ժամանակաշրջանի հետ, ի՞նչ է ավելացնում դիտողը ստեղծագործության ընկալմանը, արդյո՞ք գնային առումով դրանք մրցունակ են դասական գործերի կողքին և այլն։
Այս հարցերը հատկապես կարևոր են ժամանակակից արվեստի ուսումնասիրության ժամանակ, քանի որ այն միշտ չէ, որ առաջարկում է միանշանակ պատասխան կամ մեկ պատրաստի մեկնաբանություն։ Նույն ստեղծագործությունը տարբեր դիտողների համար կարող է տարբեր իմաստներ ունենալ, իսկ դրա վերլուծությունը պահանջում է ոչ միայն տեսողական ընկալում, այլև համատեքստի, հեղինակի մտադրության և օգտագործված արտահայտչամիջոցների ուսումնասիրություն։
Ուստի 10-րդ դասարանի աշակերտների այցը Երևանի ժամանակակից արվեստի թանգարան կարելի է դիտարկել որպես «Արվեստ» առարկայի դասի ընդլայնված ձևաչափ։ Թանգարանը նրանց համար դարձավ այն միջավայրը, որտեղ դասագրքային հասկացությունները՝ գույն, ձև, կոմպոզիցիա, ոճ, կերպար, գեղարվեստական արտահայտչամիջոց, ժամանակաշրջան, սկսեցին կապվել կոնկրետ ստեղծագործությունների հետ։
Իսկ թանգարանում արված գրառումները դեռ շարունակություն ունեն։ Դրանք առաջիկա դասերին վերածվելու են վերլուծության, համեմատության և քննարկման՝ թույլ տալով աշակերտներին ոչ միայն պատմել իրենց տեսածի մասին, այլև փորձել հասկանալ, թե ինչպես է ստեղծվում արվեստի գործը և ինչպիսի երկխոսություն կարող է այն ձևավորել ստեղծագործողի, ժամանակի և դիտողի միջև։