Հայոց բանակը հայ ժողովրդի պատմության և ազգային ինքնության անքակտելի մասն է։ Նրա առաքելությունն է ոչ միայն պաշտպանել մեր պետականության սահմանները, այլև լինել դարերի ընթացքում ձևավորված ուժի, տոկունության և հայրենասիրության ավանդույթների կրողը։ Հայոց բանակի ստեղծումը ազգային անվտանգության և անկախության պահպանման անհրաժեշտությունից սկիզբ առած պատմական գործընթաց էր, որն այսօր էլ կարևոր ուղերձ է փոխանցում յուրաքանչյուր հայի՝ պաշտպանել հողը, պահպանել պետությունը և հավատալ, որ ամուր մշտական խաղաղության երաշխավորը հզոր բանակն ու ամուր թիկունքն են միաժամանակ։
1992 թ. հունվարի 28-ին՝ Արցախյան պատերազմի թեժ օրերին, ՀՀ կառավարությունը ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որը ազդարարեց հայկական ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Հայոց բանակի հիմնադրման գործում առաջատար դերակատար էր սպարապետ Վազգեն Սարգսյանը, որը նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարար 1991 թ. դեկտեմբերի 5-ին։ Հայոց բանակը, իր գոյության առաջին իսկ օրերից, դրսևորեց նվիրում հայրենիքի հանդեպ, անկոտրում մարտական կամք և հաղթական ոգի, որից էլ սկսվեց նորանկախ Հայաստանի պատմությունը։
Հենց այդ պատմությունն էին կենդանացրել հինգերորդցիները դպրոցական բեմում՝ բանակաշինության ակունքները հասցնելով մինչ Հայկ ու հայկյան հաղթական աղեղ։ Երաժշտական ու էպիկական նախերգանքով բեմում հայտնված ուսումցիները մեկտեղել էին տարբեր ժամանակների բանակաշինության ռահվիրաներին՝ Հայկ ու Արամանյակ Նահապետներից մինչև Մամիկոնեից Մուշեղ, Գարեգին Նժդեհից մինչև Վազգեն Սարգսյան։ Այս զարմանահրաշ ու ժամանակային թռիչքներով զուգորդումները նպատակ ունեին խառնել պատմության խաղաքարտերը ու թեկուզ մտովի, բայց մեկտեղել Հայոց բանակի անցյալը և ներկան՝ միավորելով անցյալի հերոսական փորձը և ներկայի պատասխանատվությունը։ Ու չնայած ժամանակային այս վայրիվերումներին՝ կերպարների նկարագրի հիմքում այն հավատամքն էր, որ բանակները հզորանում են ոչ միայն զենքերի առատությամբ, այլև հավատքով, պատասխանատվությամբ և մարտական ոգով։ Միջոցառման մեջ առանձնահատուկ տեղ ունեին անցնող չորս տասնամյակների հերոսական մարտադրվագները, որոնք շնչում էին ոչ թե ցավի ու կորուստի, այլ հերոսականության ու վերազարթոնքի ոգով։ Ասվածի վկայություններն էին միջոցառումը հագեցնող ռազմապարերն ու զարթոնքի երգերը։
Քոչարիի ու յարխուշտայի մեջ հմտացած հինգերորդցիները վստահ են, որ հայրենիքի ապագան իրենց ձեռքերում է, և որ իրենք հավատում էին բեմից իրենց հնչեցրած յուրաքանչյուր բառին ու խոստմանը։ Ներկայացման հուզիչ ավարտը սերունդներին ուղղված հավերժական ուղերձն էր այն մասին, որ հայրենիքը սկսվում է սահմանով, սահմանը՝ զինվորով, իսկ պետության գոյությունը՝ զգոն ու ոչ միայն մեռնելու, այլև ապրելու պատրաստ բանակով։
Միջոցառման ավարտին շնորհավորական ու շնորհակալական իր ելույթում տնօրեն Ս․ Թամարյանը նշեց, որ այս միջոցառումը առաջին հերթին ապրելու ու արարելու կամք առաջացնելու, և հետո նոր միայն հպարտության ու ոգևորության յուրօրինակ մթնոլորտ ստեղծելու մասին էր։ Ս․ Թամարյանը հիշեցրեց, որ խաղաղությունն ու անվտանգությունը պահպանվում են միայն ուժեղ ու զգոն բանակի շնորհիվ, հայրենիքի պաշտպանի դերի արժևորմանը ամեն հաջորդ սերունդ պետք է հավատարիմ մնա, որպեսզի չկորսվեն սերունդների կապը, պատմության և հայրենասիրության գիտակցությունը։