ԼՐԱՀՈՍ

Apr 26, 2025

Աշխորհրդականները՝ «Ծաղկահավաք 2025»-ում

Տարիների ընթացքում ձևավորված ավանդույթն այս անգամ ևս չխախտվեց։ Ապրիլի 26-ին Աշակերտական խորհրդը մասնակցություն ունեցավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «ԱՐԱԼԵԶ» բարեգործական ՀԿ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ կազմակերպվող ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառմանը:

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար: Ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում:

Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:

Աշակերտական խորհրդի անդամ, Ռազմամարզական հանձնաժողովի նախագահ Նարեկ Խաչատրյանի կարծիքով, ով այս տարի համակարգում էր ուսումցիների մասնակցությունը, այս նախաձեռնությունն ունի ավելի խորը իմաստ, քան ուղղակի ծաղկահավաքն է։ Նարեկի կարծիքով այսպիսի նախաձեռնություններում դպրոցականների ներգրավման նպատակը դեռ դպրոցական տարիքից հասարակական և քաղաքացիական գիտակցության արմատավորումն է։

ԱԽ նախագահ Արևիկ Քոսյանը, ով արդեն երկրորդ անգամ է մասնակցում ծաղկահավաքին, usumschool.am-ի հետ զրույցում նկատեց, որ նախաձեռնության հանդեպ հետաքրքրությունը անցած տարվա համեմատ ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է՝ այստեղ բերելով առավելապես պատասխանատու և իրավագիտակից երիտասարդությանը։