Ուսումնական անցուդարձ

Jul 04, 2025

Ընդունելության գործընթացը «Ուսում» դպրոցում

Մինչ աշակերտներն իրենց վաստակած ամառային հանգիստն են վայելում, «Ուսում» դպրոցում բուռն աշխատանքային առօրյան շարունակվում էր։ Տարեվերջյան ամփոփումներ, նոր ուսումնական տարվա պլանավորումներ և իհարկե աշակերտության շարժի հետևանքով գոյացած թափուր տեղերի համալրում։

Հարկ է նշել, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ «Ուսում» դպրոցում թափուր տեղերի համալրումն իրականացվում է նոր ձևաչափով։ Դեռևս նախորդ հունիսին դպրոցն աշակերտների ընդունելության ավանդական հարցազրույցի և գիտելիքների բանավոր ստուգման ձևաչափից անցում կատարեց ընդունելության քննությունների բազմափուլ սկզբունքին։

Այսպես, հաջողություն և առաջընթաց արձանագրելով դպրոցի պաշտոնական կայքի միջոցով հայտագրման և ընդունելության հարցում՝ հենց էլեկտրոնային հայտագրմամբ էլ իրականացվեց նաև 5-12-րդ դասարանցիների հայտագրումն ու ընդունելությունը։ Առաջանցիկ նորարարություն էր, թերևս, այն, որ հայտագրումից մինչև ընդունելության ողջ գործընթացի ընթացքում իրականացված հաղորդակցությունն ու պաշտոնական նամակագրությունը ևս իրականացվեց բացառապես էլեկտրոնային եղանակով։

Ամփոփելով ընդունելության գործընթացը՝ նշենք, որ
 «Ուսում»-ի միջին և ավագ դպրոցների սան դառնալու համար հայտագրվել էր շուրջ երկու հարյուր դիմորդ, ովքեր նախ ընդունելության գրավոր քննություններ հանձնեցին հենակետային չորս առարկաներից («Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Մաթեմատիկա» և «Անգլերեն»)։ Ընդունելության քննությունների արդյունքում միջին որակական գնահատականի սահմանված շեմը հաղթահարած դիմորդները մասնակցեցին մանկավարժա-հոգեբանական հարցազրույցի, որի արդյունքներով էլ եզրափակվեց թափուր տեղերի համալրումը։

Հիմք ընդունելով ընդունելության գործընթացի ընթացիկ և ավարտական վերլուծությունները՝ ընդունելության հանձնաժողովի ներկայացուցիչ, փոխտնօրեն Լ․ Սուջոյանը վստահություն հայտնեց, որ գալիքի կրթությունը ոչ թե գիտելիքի, այլ հմտությունների վրա հիմնված կրթություն է, և գրավոր քննություններին հավասար, գուցե՝ առավել, կարևոր է դիմորդի աշխարհընկալումը, ինչն էլ բացահայտվում է մանկավարժա-հոգեբանական հարցազրույցի փուլում։

Ընդունելության աշխատանքների կազմկոմիտեի անդամ, փոխտնօրեն Հ․ Նավասարդյանն էլ մատնանշեց այն հանգամանքը, որ ինչպես առաջին դասարանցիների հայտագրման ժամանակ, այնպես էլ այս դեպքում կարևորը գործընթացի թափանցիկությունն է, ինչի հնարավորությունը ընձեռնում է վերջինիս թվայնացումը։

Թեստավորման պատասխանատու Ա․ Բարեղամյանի խոսքով՝ պակաս կարևոր չէ դիմորդի և վերջինիս ծնողի վստահությունը գործընթացի անաչառության հարցում, ինչի վառ ապացույցն էին թեստերի կազմման գաղտնիությունը, ստուգման համակարգված ընթացքը և բողոքարկման փուլի ներդրումը։