Մշակութային անցուդարձ

Mar 17, 2026

Փոքրիկ արևների մեծ պատմությունը

Աշխարհի տարբեր ժողովուրդների մոտ գիտելիքն ու սովորելու անհրաժեշտությունը կարևորվել են ոչ միայն իրենց պատմական սկզբնաղբյուրներում, այլև դրսևորվել են հեքիաթների, առասպելների և ժողովրդական մտածողության ու բանահյուսության միջոցով։ Հեքիաթներում հաճախ հանդիպում են հերոսներ, ովքեր հաղթահարում են դժվարությունները ոչ թե ուժով, այլ խելքով, իմաստությամբ և կուտակած գիտելիքներով։ Հենց այս կերպ են ժողովուրդները սերունդներին փոխանցել կարևոր մի գաղափար՝ գիտելիքը ամենամեծ ուժն է։

Արևելյան ժողովուրդների հեքիաթներում իմաստուն հերոսը կարողանում է լուծել ամենաբարդ խնդիրները իր խելքի շնորհիվ, իսկ եվրոպական հեքիաթներում հաճախ հանդիպում ենք կերպարների, ովքեր բացի գիտելիքը՝ կարևորում են նաև հմտությունը՝ որպես հաջողության հասնելու գրավական։ Նույն գաղափարը առկա է նաև հայկական ժողովրդական հեքիաթներում, որտեղ խելացի և սովորելու ձգտում ունեցող հերոսը միշտ հաղթում է, իսկ անգիտությունն ու ծուլությունը՝ պարտվում։

Հայ մշակույթում այս գաղափարը առավել խորքային իմաստ է ստացել հատկապես 5-րդ դարից սկսած, երբ սեփական գրի ստեղծման միջոցով հնարավոր եղավ սերունդներին փոխանցել բանավոր զրույցներում առկա կերպարներին ու նրանց կենսափորձը։ Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծված այբուբենը դարձավ այն «բանալին», որի շնորհիվ գիտելիքը հասանելի դարձավ բոլորին՝ իրականություն դարձնելով այն, ինչ հեքիաթներում ներկայացվում էր որպես երազանք։

Այս գաղափարների շուրջ էր կառուցված «Արև ունեցեք ձեր սրտերում» բեմադրությունը, որը հեքիաթային լեզվով ներկայացնում էր երեխայի ճանապարհը դեպի գիտելիք, լույս և արժեքներ։ Բեմադրությունը սկսվում է մի պարզ, բայց խորքային տեսարանից․ փոքրիկ աղջիկը հանդիպում է Գիտունիկին և պատմում իր հանդիպած երեխաների մասին, ովքեր վնասում են բնությունը։ Այստեղ արդեն ձևակերպվում է ներկայացման առաջին ուղերձը՝ բարությունն ու գիտակցությունը սկսվում են գիտակցությունից, իսկ անտարբերությունը՝ անկրթությունից։

Աղջիկը երազում է հայտնվել հեքիաթային աշխարհում, որտեղ կարող է ստանալ այն, ինչ իրականում դեռ չունի՝ գիտելիք, կրթություն և հնարավորություն։ Նա խոստովանում է, որ դպրոց չի գնում, բայց մեծ ցանկություն ունի սովորել և լսել այնպիսի հեքիաթ, որը դեռ ոչ ոք չի լսել։

Երբ նա քնում է, սկսվում է հեքիաթային աշխարհը։ Թիթեռնիկները՝ որպես երազանքի և հույսի խորհրդանիշ, նրան նվիրում են այբբենարան՝ ներկայացնելով այն որպես կյանքի ճանապարհի լավագույն ընկեր և մեծ աշխարհի բանալի։ Սկզբում աղջիկը չի հասկանում, թե ինչպես կարող է մի գիրքը փոխել իր կյանքը, սակայն նրա ճանապարհը նոր է սկսվում։

Ամենակրտսեր ուսումցիների ներկայացումը կյանքի հիմքում դնում է մռայլ աշխարհի ու «փոքրիկ արևների»՝ երեխաների ներդաշնակության անհրաժեշտությունը։ Այս պատկերավոր խոսքը աստիճանաբար բացահայտում է ներկայացման գլխավոր գաղափարը։ Ի վերջո հերոսուհին ընկալում է այն խորհուրդը, որ իր ձեռքում գտնվող այբբենարանը պարզապես գիրք չէ, այլ գիտելիքի սկիզբ, մտածելու և աշխարհը ճանաչելու հնարավորություն։ Երեխաները ներկայացնում են հայոց այբուբենի արժեքը՝ որպես միասնության, ուժի և մշակույթի հիմք, և ցույց են տալիս, որ կապակցվածությունը ու միասնականությունը ներդաշնակ են դարձնում մեր շրջապատն այնքան, որքան մաշտոցյան տառերն են ներդաշնակ։

Դպրոցում աղջիկը բացահայտում է ևս մեկ կարևոր ճշմարտություն․ ամենամեծ ձեռքբերումը միայն գիտելիքը չէ, այլ նաև ընկերությունը։ Միասին սովորելը, միմյանց օգնելը և կողք կողքի առաջ շարժվելը դառնում են ուժի աղբյուր։ Այս ամենի հետ մեկտեղ բեմադրության մեջ առանձնահատուկ տեղ ուներ նաև հայրենիքի գաղափարը, որը ներկայացվում է որպես ամբողջություն՝ լեզու, բնություն, մշակույթ և հիշողություն։

Միջոցառման ավարտին արևը ձեռք է բերում ևս մեկ մարմնավորում՝ դառնալով ոչ միայն բնության երևույթ, այլ մարդու ներքին վիճակ, արժեք և ուղեցույց։ Երբ նա արթնանում է, տեսնում է, որ այբբենարանը իր մոտ է, և հասկանում է, որ իր երազանքը կարող է դառնալ իրականություն։ Ներկայացումն ավարտվում է մի պարզ, բայց խորքային կոչով՝ ապրել լույսով, կիսվել բարությամբ և երբեք չմոռանալ, որ ամեն մարդ կարող է իր սրտում ունենալ արև։