Ֆրանսիացի գրող և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հանրահայտ ստեղծագործությունը համաշխարհային գրականության ամենասիրված ու ամենախորիմաստ գործերից է։ Այն գրվել է հեռավոր 1942 թվականին, երբ հեղինակը դեռևս Նյու Յորքում էր, իսկ առաջին անգամ հրատարակվել է 1943 թվականին և մինչ այսօր շարունակում է հուզել տարբեր սերունդների ընթերցողներին։ Սկզբում լույս է տեսել վեպի անգլերեն թարգմանությունը՝ «The Little Prince» վերնագրով, իսկ ֆրանսերենով հրատարակվել ստեղծագործությունը հրատարակվել է 1946 թվականին։ Թարգմանվել է 250-ից ավելի լեզուներով և բարբառներով, և այսօր, հիրավի, համարվում է աշխարհում ամենավաճառված գրքերից մեկը՝ ավելի քան 140 միլիոն տպաքանակով։ Այս գրքին է պատկանում նաև «20-րդ դարի լավագույն ֆրանսիակն գիրք» մրցանակը։
Թեև գիրքը ներկայացվում է որպես մանկական հեքիաթ, այն իրականում մեծահասակների աշխարհի, մարդկային հարաբերությունների, սիրո, պատասխանատվության և կյանքի արժեքների մասին փիլիսոփայական ստեղծագործություն է։
Բոլորիս է հայտնի գրքի սյուժեն․ հեքիաթ-տրակտատը պատմում է մի փոքրիկ տղայի մասին, որը ճանապարհորդում է տարբեր մոլորակներով, հանդիպում տարբեր մարդկանց և յուրաքանչյուր հանդիպման միջոցով բացահայտում մարդկային բնավորության տարբեր կողմեր։ Ստեղծագործության գլխավոր գաղափարներից մեկն այն է, որ ամենակարևորը տեսանելի չէ աչքի համար․ «Միայն սիրտն է սրատես»։ Գրքում կարևոր տեղ ունեն ընկերության, հավատարմության, հոգատարության և ներքին մաքրության գաղափարները, որոնք այսօր էլ շարունակում են մնալ արդիական ու կարևոր։
Հենց այս գաղափարներն էլ ընկած էին «Ուսում» դպրոցի չորրորցիների գրական-երաժշտական բեմականացման հիմքում, որտեղ աշակերտները խոսքի, երաժշտության և պարի միջոցով փորձեցին հանդիսատեսին փոխանցել ստեղծագործության խորքային ասելիքը։
Խոսքի, երաժշտության, պարի և խորիմաստ երկխոսությունների խաղաղ հրավառությունը նպատակ ուներ հանդիսատեսին տանել մանկության, սիրո, ընկերության և պատասխանատվության խորհրդավոր աշխարհ։ Միջոցառումը մեկնարկեց Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հայտնի մտքերով՝ հիշեցնելով, որ «բոլոր մեծահասակները նախևառաջ երեխա են եղել»։ Աշակերտները ներկայացրին մանկության մաքրությունն ու անկեղծությունը՝ շեշտադրելով, որ մարդու հոգևոր աշխարհը ձևավորվում է հենց մանկությունից։
Բեմականացման կարևոր հատվածներից մեկը «Փոքրիկ իշխանն ու վարդը» պարային-երաժշտական համարն էր, որն արտահայտում էր սիրո, նվիրվածության և հոգատարության գաղափարը։ Այնուհետև ներկայացվեցին մարդու ներաշխարհի, ընկերության և փոխըմբռնման մասին խորիմաստ մտքեր, որոնք հանդիսատեսին հիշեցրին, որ հոգին նույնպես ջրի կարիք ունի՝ ինչպես մարմինը։
Հատուկ տպավորիչ էին Փոքրիկ իշխանի և աղվեսի հանդիպմանը նվիրված տեսարաններն ու «Իշխանն ու աղվեսը» երաժշտական համարը։ Աշակերտները փոխանցեցին ստեղծագործության և կյանքի գլխավոր գաղափարներից մեկը՝ մարդը հավիտյան պատասխանատու է նրանց համար, ում ընտելացրել է։
Բեմում կենդանացան նաև Փոքրիկ իշխանի ճանապարհորդությունները տարբեր մոլորակներով։ Թագավորի և Փոքրիկ իշխանի երկխոսության միջոցով ներկայացվեց ինքնաճանաչման և սեփական անձին ճիշտ գնահատելու կարևորությունը։
Հատուկ հետաքրքրություն առաջացրեց Ալիսայի և Իշխանի փիլիսոփայական երկխոսությունը, որտեղ անդրադարձ կատարվեց կյանքի իմաստի, ընտրության և ժամանակի արժեքին։ Աշակերտների խաղը փոխանցում էր այն միտքը, որ կարևոր է ոչ միայն նպատակ ունենալը, այլև հասկանալ սեփական նպատակի կարևորությունն ու առաջնահերթությունը։
Ներկայացման եզրափակիչ հատվածում երեխաները ընդգծեցին, որ աշխարհը կարող է դառնալ ավելի ջերմ ու մարդասիրական, եթե մարդիկ ապրեն ստեղծագործության մեջ արմատացած արժեքներով և պահպանեն ինչպես շրջակա միջավայրը, այնպես էլ սեփական հոգևոր մաքրությունը։
Միջոցառումն ավարտվեց «Լավ ընկեր» երգի և պարային գեղեցիկ կատարմամբ՝ հանդիսատեսին փոխանցելով ամենակարևոր պատգամը՝ սիրել, գնահատել և երբեք չկորցնել սիրելի մարդկանց ու ընկերներին։