Մշակութային անցուդարձ

Mar 01, 2026

Ընդունելության մրցութային փուլի մեկնարկն «Ուսում»-ում

Ժամանակակից աշխարհում մասնավոր և ոչ պետական դպրոցներում ընդունելության գործընթացը վաղուց արդեն դիտարկվում է ոչ միայն որպես ընտրության մեխանիզմ, այլև որպես դիմորդի ներուժի բացահայտման, նրա կրթական պատրաստվածության և սոցիալական հասունության գնահատման բազմաշերտ համակարգ։ Եվրոպական առաջատար միջնակարգ կրթական հաստատություններում ընդունելությունը ներառում է դիտարկումներ խաղային միջավայրում, անհատական և խմբային առաջադրանքներ, հոգեբանական գնահատում և հարցազրույցներ՝ նպատակ ունենալով հասկանալ ոչ միայն նախագիտելիքի մակարդակը, այլև երեխայի մտածողության առանձնահատկությունները, հաղորդակցման մշակույթը և սովորելու ներքին մոտիվացիան։ Նման մոտեցումը ժամանակի ընթացքում դարձել է որակյալ կրթություն առաջարկող դպրոցների անբաժանելի մասը, քանի որ այն ապահովում է առողջ կրթական միջավայրի ձևավորում՝ դպրոցի գաղափարախոսությանն ու պահանջներին համապատասխան աշակերտների ընտրության միջոցով։

Այս գաղափարախոսությունն է ընկած նաև մեր դպրոցի ընդունելության գործընթացի հիմքում, որն այս տարի անցկացվում է վերամշակված բազմաստիճան, մասնագիտական և երեխակենտրոն սկզբունքների վրա։ Գործընթացում ներգրավված են տարրական դպրոցի շուրջ քսան փորձառու ուսուցիչներ, հոգեբաններ և վարչական անձնակազմի տասը աշխատակիցներ։ Նրանց համատեղ աշխատանքը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր դիմորդի դիտարկել ամբողջական պատկերով՝ համադրելով մանկավարժական և հոգեբանական դիտանկյունները։

Ամփոփելով՝ նշենք, որ ընդունելության մրցութային փուլի երկրորդ հոսքը նախատեսված է մարտի 14-15-ին։ Երկու հոսքերին ամբողջությամբ մասնակցած բոլոր դիմորդները կմասնակցեն նաև հարցազրույցի փուլին, որը կկայանա մարտի 23-26-ին։ Հարցազրույցը հնարավորություն կտա ավելի խորքային ճանաչել երեխային, հասկանալ նրա հետաքրքրությունները, ինքնարտահայտման ձևերը և հաղորդակցման մշակույթը։ Հարցազրույցների ավարտին կձևավորվի ամփոփիչ վարկանշային աղյուսակը։ Հավաքած միավորների հաջորդականությամբ կիրականացվի ընդունելությունը՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունն ու արդարությունը։ Ապրիլ-հունիս ամիսներին տեղի կունենա պայմանագրերի կնքման և դասարանների բաշխման գործընթացը, որի ընթացքում կձևավորվեն համաչափ և ներդաշնակ դասարաններ։

Հավելենք նաև, որ մեր ընդունելության գործընթացը միտված է ոչ միայն լավագույն պատրաստվածությամբ երեխաների ընտրությանը, այլև առողջ, համագործակցային և արժեքահեն կրթական միջավայրի ձևավորմանը։ Մենք հավատում ենք, որ ճիշտ կազմակերպված ընդունելությունը դպրոցական հաջողությունների առաջին և կարևոր քայլն է՝ կառուցելով վստահության, հարգանքի և զարգացող կրթության ամուր հիմք։