Մշակութային անցուդարձ

Mar 19, 2026

Այբբենական քրոնիկոն․ ԱՄՆ-ից՝ «Ուսում»

 

Այբբենարանը յուրաքանչյուր անհատի կրթական կյանքի առաջին ու ամենակարևոր քայլերից մեկն է։ Այն պարզապես գիրք չէ, այլ հնարավորություն, որով երեխան առաջին անգամ բացահայտում է տառերի կախարդանքը, սովորում է կարդալ, գրել և հասկանալ շրջապատող իրականությունը։ Հայ իրականության մեջ Այբբենարանն ունի նաև առանձնահատուկ խորհուրդ, քանի որ այն կապվում է մեր ազգային ինքնության, մշակույթի և պատմության հետ, որոնց հիմքում կանգնած է Մեսրոպ Մաշտոցի ստեղծած հայոց այբուբենը։ Հենց այդ պատճառով էլ այբբենարանի ավարտը մեր երկրում վերածվում է տոնական միջոցառման, որտեղ նշվում է ոչ միայն ուսումնական մի փուլի ավարտը, այլև երեխայի առաջին գիտակցված ձեռքբերումը։

Սակայն արդյո՞ք միայն մենք ենք մեծարում Այբբենարանը՝ որպես հնարավորությունների մեկնարկ։ Պարզվում է՝ ոչ։ Այբբենարանական տոները, թեև տարբեր ձևերով են կազմակերպվում աշխարհի տարբեր երկրներում, բայց ունեն միևնույն նպատակը՝ ոգևորել երեխաներին, արժևորել գիտելիքը և ցույց տալ, որ հաջողության ճանապարհը սկսվում է հենց տառերից։

Հայաստանում այբբենարանի հանդեսը հիմնականում մեծ բեմական միջոցառում է, որի արմատները հասնում են խորհրդային մանկություն ու կրթական համակարգ։ Խորհրդային պետությունում այս տոները ավելի խաղային և աշխույժ էին, քան աշխարհի որևէ այլ երկրում։ «Прощание с Букварём»-ի ընթացքում երեխաները մասնակցում էին տարբեր խաղերի, մրցույթների, հանելուկների լուծման հաղթարշավների։ Հաճախ լինում էին զվարճալի կերպարներ, որոնք «խանգարում» կամ «օգնում» էին երեխաներին, և ամբողջ միջոցառումը վերածվում էր փոքրիկ շոուի՝ շատ շարժումով ու ինտերակտիվությամբ։

Գերմանիայում, թեև չկա այբբենարանի բեմական հանդես, բայց դպրոցական առաջին տարվա ավարտը նշվում է շատ տոնական ձևով։ Երեխաները ստանում են իրենց հայտնի «Schultüte»-ն՝ մեծ գունավոր տոպրակներ նվերներով, հիմնականում՝ գրքերով․ չէ՞ որ երեխան արդեն տառաճանաչ է։ Ոչ միայն Գերմանիայում, այլև ողջ Արևմուտքում, սա առաջին հերթին ընտանիքի տոնն է, ով առիթն օգտագործում է փոքրիկ խնջույք կազմակերպելու և երեխայի կյանքի հերթական հաջողությունը նշելու համար, երբեմն նաև դպրոցներն են փոքր ներկայացումներ կամ երգեր կազմակերպում։ 

Օվկիանոսից այն կողմ՝ Միացյալ Նահանգներում, առաջին դասարանի ավարտը նշանավորվում է «ընթերցանության երեկոների» կազմակերպմամբ, որոնց ժամանակ բեմում հավաքված երեխաները հանդիսականների ներկայությամբ ցուցադրում ու մրցում են իրենց վարժ կարդալու հմտություններով։ Իսկ դրան նախորդում է թեմատիկ շաբաթը, երբ փոքրիկները համազգեստը մի կողմ են թողնում ու դպրոց են գալիս ABC-ի իրենց ամենասիրելի կերպարի հագուստով։

Բայց եկեք վերադառնանք Հայաստան ու «Ուսում», որտեղ իրենց առաջին հաղթանակը փոքրիկները արձանագրում են ավելի վաղ, քան ուսումնական տարին կավարտվի, որպեսզի բոլորից շուտ բացեն «հաջողության դռները»։ Մեր հերթական հաղթական պատմությունը սկսվում էր մի փոքրիկից, ով կանգնած է կյանքի ճանապարհների խաչմերուկում։ Չկարողանալով կարդալ ճանապարհային նշանները՝ նա փորձում է ընտրություն կատարել պատահականության միջոցով՝ հավատալով, թե բախտը կարող է իրեն առաջնորդել։ Սակայն այդ ընտրությունը նրան տանում է սխալ ուղղությամբ, և նա հայտնվում է փոսի մեջ։ Այնտեղ նա հանդիպում է իր նման ուրիշ մարդկանց, ովքեր նույնպես «բախտը փորձելով» են ընկել նույն վիճակի մեջ։ Նրանք հասկանում են, որ իրենց անհաջողությունները պատահական չեն, և որոշում են միասին դուրս գալ ու որոնել հաջողության գաղտնիքը։

Միջոցառման խորհուրդը բոլորին այն գիտակցմանը բերելն էր, որ հաջողությունը երբեք միայն բախտի արդյունք չէ․ այն ձեռք է բերվում գիտելիքի և քրտնաջան աշխատանքի միջոցով։ Եվ միջոցառման սյուժեն խորհրդավոր կերպով հանգում էր այն մտքին, որ որքան բարդ ու հոգնեցուցիչ կարող է լինել այբուբենը սերտելը փոքրիկի, նրա ուսուցչի կամ ծնողի համար, նույնքան հաճելի ու բերկրալից է լինում դրա արդյունքը։ Մեր ամենակրտսեր սաները վստահ են, որ գիրքը մարդու լավագույն բարեկամն է, որը բացում է նոր աշխարհներ և ուժեղացնում միտքը։

Ներկայացումն ուներ նաև հայրենաճանաչության պատգամ։ Հայոց տառերը ներկայացվում են որպես մի ամբողջ զորք, որը պաշտպանում է մարդու ինքնությունը և օգնում է հաղթահարել կյանքի դժվարությունները։ Ուսումցիները խորհրդավոր կերպով ընկերության գաղափարն են դնում նաև տառերի մեջ, որոնք ոչ թե պատահական հերթականությամբ շարված նշաններ են, այլ իրենց դերն ու արժեքը գիտակցող ընկերներ։

Պատմության ավարտին հերոսները արդեն գիտակցում են, որ իրենց նախկին անհաջողությունները բախտի բացակայության պատճառով չէին, այլ գիտելիքի պակասի։ Սովորելով կարդալ ու գրել՝ նրանք ձեռք են բերում այն «բանալին», որը բացում է հաջողության ամրոցի դռները։ Նրանք հասկանում են, որ յուրաքանչյուր նպատակ հասանելի է, եթե մարդ պատրաստ է սովորել, աշխատել և առաջ շարժվել։