ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Feb 28, 2026

«Գիտակից ծնողավարում» հարթակը՝ դիմորդների ծնողների համար

«Ուսում» դպրոցում այսօր նոր կազմակերպական և վերամշակված ձևաչափով մեկնարկեց 2026–2027 ուսումնական տարվա 1-ին դասարանցիների ընդունելության գործընթացը՝ ազդարարելով կրթական նոր ճանապարհի սկիզբը ապագա ուսումցիների համար։ Նոր ուսումնական տարվա ընդունելությունը կանցկացվի երկու փուլով․ առաջին փուլը, որը մեկնարկեց այսօր, կշարունակվի նաև մարտի 1-ին և կամփոփվի մարտի 14–15-ին։ Ընդունելության երկրորդ փուլ, որը կանցկացվի հարցազրույցի ձևաչափով, կկայանա մարտի 23-ից մարտի 26-ն ընկած միջակայքում։

Մինչ փոքրիկները մասնակցում էին ընդունելության առաջին փուլին, նրանց ծնողները ներգրավված էին բովանդակալից և խորքային սեմինարի աշխատանքներին՝ մեր դպրոցի «Գիտակից ծնողավարում» հեղինակային հարթակի շրջանակում։ Սեմինարի խորագիրը՝ «Առաջին անգամ առաջին դասարան», խորհրդանշում էր այն հանգամանքը, որ երեխայի մուտքը դպրոց նոր մեկնարկ է ոչ միայն երեխայի, այլև ամբողջ ընտանիքի համար։

Սեմինարի բացումն ազդարարեց հարթակի անդամ, դասվար Հասմիկ Նազարյանը, ով ներկայացրեց ծնողավարման էությունը, դրա տեսակներն ու ժամանակակից կրթական միջավայրում դրա դերը։ Նա ընդգծեց, որ ծնողավարումը պատահական գործընթաց չէ, այլ գիտակցված և արժեքահեն ընտրություն, որտեղ առաջնայինը երեխայի անհատականության ձևավորումն ու ներուժի բացահայտումն է։ Նրա խոսքում առանձնահատուկ շեշտադրվեց այն միտքը, որ կրթությունը սկսվում է ընտանիքից, իսկ դպրոցը դառնում է այդ հիմքի շարունակությունն ու ամրապնդումը։

Դպրոցի հոգեբան,  «World Vision Armenia» կազմակերպության հոգեբան, հոգեթերապևտ Հասմիկ Հարությունյանը անդրադարձավ երեխայի մոտիվացիայի ձևավորման մեխանիզմներին՝ կարևորելով այն, թե ինչպես են ճիշտ խրախուսումը և աջակցությունը ձևավորում սովորելու ներքին շարժառիթ։ Հեգեբանն անդրադարձավ ծնողների կողմից հաճախ կիրառվող մեթոդին՝ երեխային սիրելի զբաղմունքից կամ առարկայից զրկելուն, և վերլուծեց դրա հնարավոր հետևանքները։ Քննարկվեց նաև դպրոցական միջավայրին ադապտացիայի խնդիրը՝ ընդգծելով, որ առաջին դասարանը երեխայի կյանքի կարևոր հոգեբանական անցումային փուլերից է, որը պահանջում է համբերատարություն, ըմբռնում և համագործակցված մոտեցում։

Սեմինարի ինտերակտիվ հատվածում Անի Գևորգյանը ծնողների հետ իրականացրեց գործնական խաղ-վարժություն, որի միջոցով ծնողների օրինակով բացահայտվեց, թե որքան կարևոր է ճիշտ մոտիվացիան մանկական տրավմաների կանխարգելման տեսանկյունից։ Ծնողները ներկայացրին իրենց աշխատանքները, կիսվեցին օրինակներով, ինչից հետո ծավալվեց ակտիվ և խորքային քննարկում։ Այս հատվածը դարձավ կենդանի երկխոսության հարթակ, որտեղ մասնակիցները ոչ միայն լսեցին, այլև վերլուծեցին, համադրեցին և վերարժևորեցին սեփական փորձը։

Հարթակի անդամ, «Teach for Armenia» ծրագրի փորձագետ Կարլեն Նազարյանը կարևորեց ծնողի և ուսուցչի միջև վստահելի ու կառուցողական կապի ձևավորման գործընթացը։ Նրա խոսքում կարևոր տեղ զբաղեցրեց այն գաղափարը, որ կրթական գործընթացում անհրաժեշտ է վերացարկվել անձնական հարթությունից և կենտրոնանալ բովանդակային, արժեքահեն կրթության ապահովման վրա։ Ընդգծվեց, որ դպրոցն ու ընտանիքը պետք է հանդես գան որպես մեկ թիմ՝ առաջնորդվելով դեպի նույն նպատակը՝ երեխայի համակողմանի զարգացումը։

Հարթակի հիմնադիր Անժելա Մանասյանը ներկայացրեց ուսուցիչ և ծնող լինելու դերերի նմանություններն ու տարբերությունները՝ ընդգծելով, որ երկու դեպքում էլ առանցքայինը սիրո, հետևողականության և պատասխանատվության համադրումն է։ Նա նաև ներկայացրեց դպրոցի կողմից երաշխավորված և տպագրման փուլում գտնվող հեղինակային ձեռնարկի բովանդակությունը, ինչպես նաև ծնողներին տրամադրեց թեմատիկ գրականություն ձեռք բերելու և դրանց ահռելի ինֆորմացիոն դաշտում կողմնորոշվելու հմտություններ՝ խրախուսելով շարունակական ինքնակրթությունն ու գիտակցված ծնողավարումը։

Սեմինարի եզրափակիչ հատվածում հարթակի անդամներ Մերի Պետրոսյանը և Աննա Մանասյանը տեսական և գործնական աշխատանքների միջոցով ցույց տվեցին մեթոդների լայն զինանոց ունենալու անհրաժեշտությունը, որը հիմնված է յուրաքանչյուր երեխայի անհատականություն լինելու, ուրույն բնավորությամբ, տեմպով, հուզական աշխարհով և ընկալման ձևով օժտված լինելու հանգամանքների վրա։ Բանախոսները վստահ են, որ նույն գործողությունը տարբեր երեխաների դեպքում կարող է ունենալ տարբեր արդյունք, հետևաբար յուրաքանչյուրին անհրաժեշտ է անձնական մոտեցում և հարգանք նրա յուրահատկության նկատմամբ։

Սեմինարի ավարտին մասնակից ծնողները նշեցին, որ բավական արդյունավետ նախաձեռնություն է միաժամանակ ճանաչել և՛ դիմորդին, և՛ նրա ծնողին, ինչը կհեշտացնի ոչ միայն երեխայի, այլ նաև ծնողի ադապտացիան։ Մասնակիցների կողմից ընդգծվեց սեմինարի ջերմ, կառուցողական և ներգործուն մթնոլորտը, ինչի արդյունքում այն վերածվում էր ոչ միայն տեղեկատվական հանդիպման, այլև արժեքային վերաիմաստավորման և համագործակցության հարթակի։

Հանդիպման ավարտին հարթակի հիմնադիր Ա․ Մանասյանը նշեց, որ մեր դպրոցը հավատարիմ է այն սկզբունքին, որ կրթությունը համատեղ ճանապարհ է․ երբ ընտանիքն ու դպրոցը քայլում են նույն ուղղությամբ, ձևավորվում է այնպիսի միջավայր, որտեղ երեխան իրեն զգում է պաշտպանված, վստահ և ոգեշնչված՝ բացահայտելու իր հնարավորությունների ամբողջ ներուժը։