ՄԱԿ-ի տոնացույցում ապրիլի 6-ը պատահական օր չէ։ Աշխարհը նշում է Սպորտի համաշխարհային օրը, որի նպատակն է նպաստել ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի խթանմանը։ Սպորտի օրվա կամ ֆիզիկական գործունեության միջազգային օրը նշելու գաղափարը առաջացել է 1982 թվականին, երբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց որոշում՝ հաստատելու այդ օրը որպես միջազգային միջոցառում և սկսելու առողջ ապրելակերպի քարոզչություն։
Իսկ երբևէ ինքներս մեզ հարցրել ենք, թե ինչու է մեր ենթագիտակցությունը մեզ դրդում սիրել ֆիզկուլտուրայի դասաժամերը դպրոցում։ Այո՛, չնայած մենք անառողջ ենք սնվում կամ ոչ բավարար ենք քնում, բայց մեր օրգանիզմը դեռ մանկուց մեզ դրդում է հոգ տանել իր մասին հենց ֆիզկուլտուրայի դասերի շնորհիվ։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ այսօր սպորտով զբաղվելն արդեն ոչ միայն անհրաժեշտ է, այլև նորաձև։
Մեզ մոտ ֆիզկուլտուրայի դասաժամերը մի քանի խնդիր են լուծում։ Ապահովելով բարձր ֆիզիկական ակտիվություն աշակերտների համար՝ ֆիզկուլտուրայի դասաժամերը աջակցում են ուղեղի գործունեությանը, լավացնում կենտրոնացումը և հիշողությունը։ Ֆիզկուլտուրան օգնում է մեղմել սթրեսը, բացասական էմոցիաները և անհանգստությունը։ Այն տրամադրում է էներգիա և դրական զգացողություններ՝ դրական կերպով ազդելով հոգեկան առողջության վրա։ Ֆիզկուլտուրան մղում է երեխաներին պայքարելու իրենց սահմանների դեմ, հաղթելու դժվարությունները և մեծացնում նրանց ինքնագնահատականը։
Սպորտում հաջողությունը, թեկուզ փոքր, մեծացնում է վստահությունը սեփական ուժերի հանդեպ ու այդ վստահությամբ զինված աշակերտին վերադարձնում դասարան՝ մղելով նոր գիտելիքների ու կարողունակությունների ձևավորման։