Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում գտնվող Հայաստանի գինու պատմության թանգարանը զբոսաշրջային զարգացող ու ամենահետաքրքիր ուղղություններից մեկն է։ Ահա, թե ինչու մեր դպրոցի՝ ոլորտը համակարգող պատասխանատուների կողմից վերջինս կարևորվում է որպես կարևոր էքսկուրսիոն բաղադրիչ ուսումնական գործընթացում։
Թանգարանի հիմնական ցուցասրահը տեղակայված է 8 մետր խորությամբ ստորգետնյա բազալտե ապարների մակարդակում, որտեղ հանգամանալից ներկայացված են ինչպես hայկական բնաշխարհում գինու զարգացման ժամանակագրական փուլերը, այնպես էլ գինու կապը հայոց պատմության և մշակույթի տարբեր բնագավառների հետ։
Հայկական լեռնաշխարհում խաղողագործության և գինեգործության զարգացումը թանգարանում ներկայացված է ոչ միայն փաստերի արձանագրմամբ և մեկնաբանությամբ, այլ նաև ինտերակտիվ և նորարարական լուծումներով:
Գինեգործության հետ առնչվող ցուցադրված առարկաները աշակերտներին հնարավորություն են ընձեռում որոշակի պատկերացում կազմել հայոց բազմադարյա մշակույթի մասին՝ կարևորելով Հայաստանի դերը տարածաշրջանում և առհասարակ աշխարհում: Ծրագրի շրջանակներում աշակերտները կարողանում են ականատես լինել նաև «Արմենիա Վայն» գինեգործարանի տարածքում ընթացող արտադրական պրոցեսին, ծանոթանալ գինու պատրաստման ժամանակակից տեխնոլոգիաներին։