Ուսումնական անցուդարձ

Nov 15, 2024

Մեդիագրագիտության շաբաթը՝ «Ուսում» դպրոցում

Մեդիագրագիտությունը կարողությունների ամբողջություն է՝ նպատակամղված հասկանալու, վերլուծելու, գնահատելու և ճիշտ օգտագործելու մեդիա դաշտի տեղեկատվությունը: Այս կարողությունները մեզ օգնում են տեղյակ լինել մեր շրջապատից, գնահատել մեդիա նյութերի հավաստիությունը և տարբերակել իրականը, վստահելին կամ մանիպուլյացիան:

Սովորելով մեդիագրագիտություն՝ աշակերտները ձեռք են բերում անհրաժեշտ հմտություններ, որոնք թույլ են տալիս նրանց դարձնել ակտիվ, պատասխանատու և տեղեկացված քաղաքացիներ: Ահա թե ինչու մեդիակրթությունը դպրոցներում պետք է չսահմանափակվի միայն դասաժամերով ու պիտի ներառի արտադասարանական հսկայական աշխատանք՝ ընդգրկելով էքսկուրսիաներ, մասնագետների հետ հանդիպումներ և թեմատիկ միջոցառումներ։

Մեդիագրագիտության շաբաթը համաշխարհային շարժում է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերով անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու ու վերլուծելու հարցում։

Արդեն չորրորդ տարին անընդմեջ մեր դպրոցում աշակերտներն ակտիվորեն ներգրավվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող մեդիաշաբաթին՝ դպրոցում հյուրընկալելով լրագրության ոլորտի նշանավոր դեմքերի, ինչպես նաև այցելելով կապի և հաղորդակցության ոլորտի առաջատար ընկերություններ, որոնց թվում են «Շանթ» հեռուստաընկերություն, մանկապատանեկան «Արևիկ» ռադիոկայանը, Հանրային ռադիոն, «Ռադիո Ավրորա»-ն և այլն։