Մշակութային կրթությունը միջոց է աշակերտի աշխարհընկալման լայնացման, ինքնագիտակցության և հասարակական ինտեգրացիայի տեսանկյունից։ Այն թույլ է տալիս աշակերտին ավելի լավ հասկանալ սեփական ժողովրդի մշակույթը, ինչպես նաև արժեքավոր գիտելիքներ ստանալ մշակույթի այս կամ այն ճյուղի մասին, ինչը նպաստում է համընդհանուր հարգանքի, համերաշխության և խաղաղության հաստատմանը։
Մշակութային կրթության առանձին ուղղություն է դպրոցականների այցելությունը թատրոն։ Այն մշակութային և սոցիալական կարևորությամբ փորձառություն է, որը ապահովում է թե՛ անհատական, թե՛ հասարակական մակարդակներում բարեկրթության և որոշակի վարքի ձևավորում։
Թատրոնը ոչ միայն արվեստի ձև է, այլ նաև մարդկանց միջև կապեր ստեղծող ու մշակութային դինամիզմ հաղորդող միջոց։ Թերևս հենց սա է այն հիմնական մոտիվացիան, որն ստիպում է մեր դպրոցում այս ոլորտը համակարգողներին յուրաքանչյուր տարի նորացնել այցելությունների խաղացանկը, մշտապես պրպտել ու գտնել նոր թատերական և բալետային ներկայացումներ, օպերային և դասական համերգներ։
Իսկ այս տարի խաղացանկն առավել քան բազմազան է․ «Չիպոլինո» և «Բալերինա», «Դիմակահանդես» և «Ալադին», «Փարիզյան դատավճիռ» և «Մեծ լռություն»։ Եվ սրանք մի մասն են այն գունեղ ու ուսուցողական այցելություններից, որոնք նախատեսված են այս ուսումնական տարվա համար։